Երեքշաբթի, Ապրիլ 25, 2017

 14:32

ԼՐԱՀՈՍ

Կնոջ դերը մեր հասարակության մեջ. Սուսաննա Վարդանյան


«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ նախագահ
Այսօր կանանց և տղամարդկանց սոցիալական դերերը այնպես չեն տարաբաշխված, ինչպես առաջ, երբ տղամարդիկ հիմնականում «հաց վաստակողներ էին», իսկ կանայք` «օջախը պահողներ»: Կինն այսօր ձգտում է դառնալ հասարակության լիարժեք անդամ` օգտագործելով իր հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները: Սակայն հասարակական կյանքին լիարժեք ինտեգրվելու ճանապարհին կինը բախվում է մի շարք խոչընդոտների` ինչպիսիք են խտրականությունն ըստ սեռի, տարիքի և անգամ արտաքինի, և այլն: Հաճախ համապատասխան մատչելի և բարձր որակի աջակցման ինստիտուտների, ինչպիսիք են մանկամսուրները, մանկապարտեզները կամ տան պայմաններում երեխաներին խնամող կրթված և հետազոտված դայակները, բացակայության պատճառով  կինը կանգնում է  ընտրության առջև` զբաղվել միայն ընտանիքով, թե՞ միայն կարիերայով: Իհարկե, իդեալական տարբերակ կլիներ դրանք համատեղելը, երբ նա կարող է և՛ հրաշալի  մայր լինել, և՛ կայացած մասնագետ, հասարակությանը պիտանի մարդ` օգտագործելով այն ամենը, ինչը ձեռք է բերել թանկարժեք և երկարաձիգ ուսման տարիների ընթացքում:
Կնոջ դերի մասին հասարակության մեջ կարելի է երկար խոսել, բայց սահմանափակվենք այսքանով, քանի որ ունենք դեռ շատ կարևոր այլ թեմաներ, որոնց հետ անմիջապես առնչվում ենք մեր ամենօրյա աշխատանքում. դրանցից է կնոջ նկատմամբ բռնությունը ընտանիքում: Կնոջ կարգավիճակը առավել անմխիթար է լինում, երբ նա պարբերաբար ենթարկվում է ընտանեկան բռնության:  Ընտանեկան բռնությունը ունի երկու պատճառ, որն ամբողջ աշխարհում  նույնն է՝ անկախ նրանից երկիրը զարգացած է,  թե հետամնաց, հարուստ է, թե աղքատ, Եվրոպայում, թե Ասիայում. ուժ և վերահսկողություն, այսինքն՝ ուժի գործադրումը վերահսկողություն  սահմանելու նպատակով: Ուժը կարող է դրսևորվել  հոգեբանական, ֆիզիկական, սեռական ճնշման միջոցով կամ դրանց համատեղ կիրառմամբ: Ընտանեկան բռնությունը չի կարելի ազգայնացնել, քանի որ պատճառները նույնն են ամենուր. այն մեծամասամբ կին-տղամարդ հարաբերությունների խնդիր է: «Կանանց իրավունքների կենտրոնը» ավելի քան 15 տարի աշխատում է կանանց և երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ:  Այս ընթացքում Կենտրոնն իրականացրել է ընտանեկան բռնության մասին իրազեկման բարձրացմանն ու կրթությանը ուղղված  բազում միջոցառումներ,  օգնել բացահայտել ընտանեկան բռնության դեպքերը, մշակել այդ երևույթի դեմ պայքարելուն և բռնության ենթարկված կանանց աջակցություն  ցուցաբերելուն ուղղված համապատասխան միջոցներ: Կենտրոնում գործում է շուրջօրյա անվճար ազգային թեժ գիծ ծառայությունը, որը ընտանեկան բռնության ենթարկված կանանց տրամադրում է անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն:

Հաճախ հեռախոսային խորհրդատվությունը բավարար չի լինում ընտանեկան բռնության ենթարկված կանանց օգնություն ցուցաբերելու համար, այդ իսկ պատճառով կին շահառուներն այցելում են Կանանց խորհրդատվական և աջակցման կենտրոն Երևանում, որտեղ նրանց տրամադրվում է առերես անվճար հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն:Եթե կնոջ կյանքին վտանգ է սպառնում, նա և նրա երեխաներն ուղղորդվում են ժամանակավոր ապաստարան: Այնտեղ նրանց օգնում են հաղթահարել սթրեսը, դուրս գալ զոհի կարգավիճակից և բարձրացնել իրենց ինքնավստահության մակարդակը: Հայաստանի 4 մարզում կազմակերպության 4 Ճգնաժամային կենտրոնների բացմամբ պայմանավորված՝ հեշտացել է մարզերից դիմող կին շահառուների այցելությունները առերես անվճար հոգեբանական կամ/և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար: 2012թ. ընթացքում միայն Երևանի թեժ գծին արված զանգերի ընդհանուր թիվը կազմել է 2832, որոնցից 1845-ը եղել են ընտանեկան բռնության դեպքեր: Ընտանեկան բռնության հետևանքով 540 այց է կատարվել մեր կենտրոն:
Յուրաքանչյուր իրական թվի տակ իրական կյանք ու ճակատագիր է: Ու հնարավոր չէ հաշվի չնստել այս թվերի հետ, չփորձել գտնել դրանց կանխարգելմանը կամ օբյեկտիվ լուծմանն ուղղված իրավական մեխանիզմներ: Պետք է վերջապես գիտակցել, որ ընտանեկան բռնությունը ներընտանեկան հարց չէ, դա պետության և հասարակության հոգածության հարցն է: Հասարակությունը չի կարող լինել առողջ, եթե նրա յուրաքանչյուր երրորդ ընտանիքում տիրապետող են անհաշտությունն ու բռնությունը: 2010թ. մարտի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայաստանում ստեղծվեց Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, որի ստեղծման նպատակն էր գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագիրը:  Դեռևս 2007թ. «Կանանց իրավունքների կենտրոնի»՝ որպես ոլորտում երկար տարիների փորձ ունեցող ու խնդրին խորապես իրազեկ ու անմիջականորեն առնչվող կազմակերպության կողմից մշակվել է «ՀՀ ընտանեկան բռնության մասին օրենքը»: Օրենքը վերամշակվել էր համապատասխան աշխատանքային խմբի կողմից, որտեղ ներգրավված էին՝ ՀՀ Աշխատանքի և  սոցիալական  հարցերի նախարարության, ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչները, իրավաբաններ, դատավորներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ, և ներկայացվել կառավարությանը 2009թ.: Մինչև 2012թ. այն շրջանառվեց տարբեր կառույցներով, ենթարկվեց մշակումների և վերջապես 2012թ. ներկայացվեց կառավարությանը ընդունման համար: Սակայն օրենքի ընդունումը առայժմ մերժվեց: Իհարկե, խոր ափսոսանքով եմ անդրադառնում այս փաստին: Պետք է հաշվի առնել խնդրի հասարակական կարևորությունը և Հայաստանի՝ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները: Օրենքի ընդունման հրատապությունը այդ կանանց  իրավական անպաշտպանվածությունն է, գործող կարծրատիպերը, խնդիրները թաքցնելու միտումը, վախը հասարակական կարծիքից ու, ամենակարևորը, ապագայի անորոշությունից: Ապաստարան կանայք գալիս են իրենց ես-ն ու սեփական ուժերի հանդեպ հավատը կորցրած, զրոյացած հոգեվիճակով:
«Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, իրոք, անհրաժեշտ է մեր իրականությանը: Օրենքը կտար ընտանեկան բռնության հստակ սահմանումը, կհստակեցներ ընտանեկան բռնության արդյունքում տուժած կնոջ կարգավիճակը, կբացվեին պետական հովանավորությամբ ապաստարաններ, ճգնաժամային, խորհրդատվական կենտրոններ, համապատասխանորեն կկրթվեին այդ ոլորտին առնչվող ոստիկանները, դատավորները, փաստաբանները և այլն:
Մեր կազմակերպությունը և «Ընդդեմ կանանց նկատմամբ  բռնության» կոալիցիան, որի անդամ ենք նաև մենք, հետամուտ կլինենք «ՀՀ ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման հարցին: Երևի թե հարկ է նշել, որ մեր տարածաշրջանի  երկրներում` Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում, արդեն տարիներ շարունակ գործում է ընտանեկան բռնությանը վերաբերող համապատասխան օրենք: Համոզված եմ, որ մեր կանայք նույնպես արժանի են լինել առավել պաշտպանված, կարևորված ու սիրված:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ