Երեքշաբթի, Ապրիլ 25, 2017

 14:32

ԼՐԱՀՈՍ

Արդարադատության արդարադատությունը. Ալեքսանդր Սիրունյան


«Սիրունյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, Փաստաբանների պալատի փաստաբան, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Խոսում ենք դատարանների չկայանալու կամ դատական համակարգում կոռուպցիայի մասին, սակայն չի կարելի դատարանն առանձնացնել մեր հասարակությունից և դրանք քննարկել առանձին: Եթե մենք հաստատ իմանայինք, որ դատարաններից բացի մնացյալ պետական ինստիտուտները կայացել են, կամ դրանցում կոռուպցիա չկա, դատարանների մասին կարելի էր առանձին խոսել: Բայց բոլորս էլ գիտենք, որ այդպես չէ: Դատարանները մեր հասարակության պես են: Ցավալի է, բայց զարմանալի չէ:   Ավելին՝ համոզված եմ, որ դատական համակագի կոռուպցիան մյուս համակարգերի կոռուպցիայից շատ չէ: Իսկ խնդիրները դատարաններում նույնն են. կրթվածության ոչ բարձր մակարդակ (խոսքը դիպլոմների առկայության մասին չէ), օրենքի գերակայության բացակայություն…
Այս վերջին հարցում մենք ուրիշ մի խնդիր էլ ունենք: Օրենքներ քննարկելը մեզանում հիվանդության պես մի բան է: Օրենքների մեջ հակասություններ կարող են լինել, բայց ոչ` երկիմաստություն: Եվ իմ կարծիքով, օրենքները քննարկել չի կարելի: Դրանք պետք է կատարել: Վերջ-առաջ, լավն է օրենքը, թե վատը, եթե այն ընդունվել է, այն պետք է կատարվի, այլ ոչ թե քննարկվի: Ընդ որում՝ մեզանում կա նաև այլ ավանդույթ. օրենքը չենք կատարում, որովհետև «սխալ» օրենք է:
Օրենքները, իհարկե, կարող են փոխվել ժամանակի ընթացքում, և դա տրամաբանական է ու բնական: Փոխվում է հասարակությունը, փոխվում են հասարակական հարաբերությունները և ժամանակի ընթացքում առաջ է գալիս նաև համապատասխան օրենքը փոխելու անհրաժեշտություն: Օրենքը, որպես կանոն, չեն փոխում հենց այնպես: Ավելին, օրենքի ցանկացած փոփոխություն իր հետևանքն է առաջ բերում, որը գոյություն է ունենալու տարիներ շարունակ: Օրինակ՝ մի քանի տարի առաջ «բարեհաջող» կերպով հերթական անգամ փոխեցին քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, դատական օրենսգիրքը, ստեղծեցին մասնագիտացված դատարաններ (այն էլ 6-ը): Մի տարի հետո էլ որոշեցին, որ այդ դատարանները պետք չեն, և դրանք վերացվեցին: Մեկը հարցնի, իսկ ինչի՞ էինք ստեղծում:
Մեկ այլ խնդիր: Ունենում ենք օրենքներ, որոնց ընդունման պատճառը հասկանալի չէ, քանի որ օրենքը ընդունում են ոչ թե գրելու համար, այլ հասարակությունում որոշակի հարաբերություններ կարգավորելու համար: Ընդ որում՝ ոչ թե ցանկացած հարաբերություն, այլ միայն այնպիսի հարաբերություններ, որոնք կարգավորման կարիք ունեն կամ կարգավորման ենթակա են: Իրավաբան-ուսանողներին առաջին կուրսի ամբողջ առաջին կիսամյակում դա ենք սովորեցնում. չի կարելի փորձել կարգավորել այն, ինչը չի կարգավորվում: Օրինակ՝ չի կարելի կարգավորել՝ երբ կգա անձրևը, երբ է փոխվելու մոդան, երբ են թռչունները հետ գալու և այլն: Եվ այդ համատեքստում, օրինակ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է կարգավորում «Մեղվաբուծության մասին» օրենքը: Իրոք, նման օրենք ունենք:
Դեպքերը շատ են, երբ օրենքի տրամաբանությունը հասկանալի չէ: Շատ-շատ են. հումորային գրքեր կարելի է գրել: Մեկ այլ օրինակ. մեզ մոտ սպանության համար 8-15 տարի պատժաչափ էր սահմանված: Հետո  պարզվում է թրաֆիկինգ ունենք երկրում, և թրաֆիկինգի համար պատժաչափը սահմանվեց 10-14 տարի: Մեկը հարցներ, թե ինչ տրամաբանությամբ է թրաֆիկինգը դիտարկվել որպես սպանությունից ավելի ծանր հանցանք:
Կամ 2003-ին ինչ-որ մեկի մտքով անցավ, որ քրեական օրենսգրքում պիտի լինի հետևալ նորմը. կալանքի մեկ օրը հաշվել օրուկես: Այդ նորմը գործեց մոտավորապես տասը ամիս: Առաջին հայացքից կարճ ժամկետ է: Սակայն մինչև հիմա՝ նույնիսկ տասը տարի անց, խառնաշփոթ է առաջանում, թե այս կամ այն կալանավորի դեպքում ինչքան պետք է հաշվել պատժի չափը:
Իմ կարծիքով պատճառն այն է, որ օրենքների զգալի մասը ոչ թե գրվում, այլ արտագրվում է: Ընդ որում՝ անկանոն: Իսկ օրենք արտագրելը նշանակում է, որ այն մնալու է թղթի վրա, քանի որ մեր հասարակության համար չի եղել նախատեսված: Ես ընդամենը մի քանի օրինակ բերեցի: Իսկ դրանք բազմաթիվ են:
Եթե, նույնիսկ արտագրում ենք, հասկանանք՝ որտեղից ենք արտագրում և ինչ տրամաբանությամբ: Լավ բանն ընդօրինակելն իմաստ ունի: Սակայն, արտագրելու մեջ էլ շատ դեպքերում տրամաբանություն չկա: Սահմանադրությունը գրված է ֆրանսիական մոդելով (և գտնում եմ, որ լավն է): Տրամաբանությունը հուշում էր, որ օրենքներն էլ պետք է գրվեն (կամ ընդօրինակվեն) այդ մոդելից: Սակայն օրենքների զգալի մասը մեզ մոտ գրվում են ռուսական օրինակով: Իսկ եթե դրան էլ գումարում ենք, որ մեր մտածելակերպը հայկական է, արդյունքում ստացվում է, որ այդ օրենքը աշխատել չի կարող:
Օրենքների նման իրավիճակը բերում է նաև որոշակի խնդիրներ իրավակիրառողների, այդ թվում փաստաբանների համար:
Բնականաբար, մեր խնդիրները ամբողջությամբ չի կարելի պատճառաբանել միայն իրավական համակարգի խնդիրներով: Ես չգիտեմ, թե մեզ մոտ ինչ կարող է անել և ինչի կարող է հասնել փաստաբանը, սակայն հաստատ գիտեմ, թե նա ինչ է պարտավոր անել և ինչ չպետք է անի: Մեր գործը ես միշտ համեմատում եմ բժշկի գործի հետ. ես պետք է բուժեմ հիվանդին, իսկ վերջինս կապրի, թե չէ, ես չգիտեմ: Մարդուն չի կարելի խաբել, անհիմն խոստումներ տալ, ինչը, ցավոք, տարածում ունի: Երբեմն մարդուն խճճում ենք հենց մենք՝ փաստաբաններս: Հաճախորդին այնպիսի բաներ են ասում, բացատրում ու համոզում, որ մարդը չէր էլ պատկերացնում, թե ինքը նման  «խնդիր» ունի:
Պրոֆեսիոնալ, լուրջ փաստաբաններ ունենք, որոնց շնորհիվ այս ինստիտուտը կայանում է: Շեշտում եմ՝ կայանում է, այլ ոչ թե կայացել է: Փաստաբանները, այսպես ասած, կայացել են: Փաստաբանությունը դեռ չի կայացել: Ու դրա մեղավորը փաստաբանները չեն: Չի կարող կայանալ փաստաբանությունը, եթե չի կայացել դատարանը:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ