Երեքշաբթի, Ապրիլ 25, 2017

 14:28

ԼՐԱՀՈՍ

Ինչ ակնկալել նախագահից. Էդիկ Բաղդասարյան

 
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ, «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր
Հայաստանում գրեթե մարդ չկա: Իսկապես մարդկային ռեսուրս չկա, որը կցանկանա պայքարի, կաթսան եռացնի, որպեսզի փոփոխություններ լինեն: Քաղաքացիական նախաձեռնությունները թույլ են ինչ-որ բան փոխելու համար: Չգիտեմ: Ես միշտ ասում եմ, որ պետք է լինի այնպիսի ղեկավար, ով որոշի, որ նորմալ պետություն պետք է ունենանք: Բայց, դժբախտաբար, այդպիսի ղեկավարներ չենք ունենում և առանձնապես մեծ սպասելիքներ չենք ունենում նախագահի ընտրություններից: Ամայացած քաղաքական դաշտ է. նույն դեմքերը, նույն մոխրոտիկ դեմքերով մարդիկ, որոնց ուղղակի չես ուզում նայել, նրանց հետ խոսել, որովհետև չես ուզում անընդհատ հարցազրույց անել մարդկանց հետ, որոնց բոլոր բառերը գիտես: Գիտես, թե ինչ են ասելու, քո որ հարցին ինչ պատասխաններ են տալու: Չգիտեմ: Ես միշտ ասում եմ, որ որոշ մարդկանց շանս է տրված երկիր սարքելու: Այդ շանսը մեզ չի տրված, իրե՛նց է տրված: Իրենք գոնե մի քիչ մտածեն այդ շանսի մասին, բայց նրանք այդ շանսը չեն էլ օգտագործում:
Հայաստանում իրականում այս տարիների ընթացքում իշխանափոխություն չի եղել: Նայեք՝ դրսում այսքան կրթված երեխեք ունենք, այսքան կադրեր գնում ու գալիս են, բայց որևէ նոր դեմք չեն ուզում հայտնվի իրենց կողքին: Դրա համար որևէ հույս չունեմ: Իրականում իշխանությունները միշտ ավելի խելոք են, քան ընդդիմությունը: Ոնց նայում ես, գրեթե ամբողջ ինտերնետային մեդիան իրենց ձեռքում է: Ընթերցողները չեն կողմնորոշվում այդ բազմաթիվ մեդիաների մեջ, այդ հսկայական ինֆորմացիայի մեջ: Մարդիկ ուղղակի չեն էլ հասկանում՝ ինչ է կատարվում, այնքան շատ է ապատեղեկատվությունը: Մի կարճ ժամանակամիջոցում կարող են ինտերնետով ուղղակի մարդուն ոչնչացնել: Բոլորը իրականում իշխանական պրոյեկտներ են: Այսօր չեմ կարծում, թե կա մեկը՝ մի լիդեր, որը կարող է ցանկության դեպքում ինչ-որ բան փոխել: Մի անգամ սկսեցինք ուսումնասիրել, տեսանք՝ սարդոստայնի նման բոլորը կապված են իրար հետ:
Ես ընդհանրապես ամբողջ մեղքը մեր երիտասարդության վրա եմ բարդում, որովհետև այսքան անտարբերություն երկրի ապագայի նկատմամբ ոչ մի տեղ չես հանդիպի: Ուրիշ երկրներում երիտասարդներն են տոն տալիս, իրենք են դուրս գալիս, իսկ մեր ուսանողները մենակ մտածում են փուչիկ գնան պահեն: Ոչ մեկն իր իրավունքի համար դուրս չի գա փողոց: Տեսե՞լ եք՝ որևէ ուսանող դուրս գա փողոց, ասի, որ, ենթադրենք, իմ թոշակը քիչ է, կամ ասի՝ իմ դասախոսները շատ վատն են, կամ գրականություն չունենք: Նրանց այս հարցերը չեն էլ անհանգստացնում: Մեծ թիվ է կազմում ուսանողությունը, որը պետք է հիմնական շարժիչ ուժը լինի, բայց երբեք չի լինի: Այնքան կանխատեսելի է այս երիտասարդությունը. բոլորը մտածում են գնալու մասին: Ոնց որ սա իրենց հայրենիքը չլինի: Բոլորը ոնց որ «տարածքում» ապրեն: Ոնց որ հանրակացարան է, ժամանակավոր ապրում են, հետո պիտի թռչեն, տեսնեն՝ որտեղ կարող են ավելի լավ ապրել:

Մարդիկ քանի տարի է՝ փոփոխություններ չեն տեսնում, նույնիսկ լավ բաներ չեն էլ ընդունում: Եթե նույնիսկ մի լավ բան էլ լինի, վախենում են:
Երբեմն անկանխատեսելի է, թե ինչ կարող է լինել: Բայց ես չեմ տեսնում, որ հիմա՝ այս փուլում, կան մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել: Ես ընդհանրապես ընտրությունների հետ առանձնապես հույսեր չեմ կապում: Վաղուց չեմ կապում, որովհետև ես միշտ ասում եմ՝ այս ազգը պետք է ունենա հոգևոր առաջնորդներ: Ես եկեղեցականներին նկատի չունեմ: Հոգևոր առաջնորդներ, որոնք հավաքվեն և ասեն՝ երկիրը կործանվում է, պետք է արագ այս բաներն արվեն: Դա հիմա չկա: Միակ արժեքը դարձել է փողը: Ցանկացած մարդու փողով կարելի է առնել: Չնայած աշխարհում էլ է այդպես: Փողն է էլի հիմնական արժեքը, ուղղակի մեզ՝ հայերիս համար դա արդեն գերարժեք է: Խոսքը նույնիսկ այդ 5000 դրամների մասին չէ, այլ ավելի գաղափարական մարդկանց առնելու մասին է:

Հռիփսիմե Ջեբեջյան



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ