Շաբաթ, Նոյեմբեր 18, 2017

 03:07

ԼՐԱՀՈՍ

Կնոջ դերը մեր հասարակության մեջ. Տատյանա Խաչատրյան


Հեմոֆիլիայի հայկական ասոցիացիայի նախագահ
Հայաստանում «կնոջ դեր» հասկացությունը մի քիչ բարդ է. կինը բավական ուժեղ պիտի գտնվի, որպեսզի կարողանա հասարակության մեջ կայանալ: Դրան նպաստող շատ գործոններ են պետք: Առաջին տեղում ընտանիքն է. տղամարդուց, նրա՝ կնոջը ուժ տալու, ոգեշնչելու ունակությունից շատ բան է կախված, դա կարող է օգնել կնոջը կայանալ, որովհետև հայ կանայք այդ պոտենցիալն ունեն: Հայաստանում տղամարդու իշխանություն է, դա բացառել չենք կարող, նույնիսկ կանայք դա ուզում են տեսնել, բայց փորձը ցույց է տվել, որ կանայք էլ կարող են շատ լավ ղեկավարել: Կինն ավելի զգույշ է որոշումներ կայացնելիս, ավելի իմաստուն է: Պարզապես մեր կանայք հաճախ կես ճանապարհից ետ են կանգնում, չեն պայքարում մինչև վերջ: Քիչ են այն կանայք, ովքեր իրենց ողջ պոտենցիալն են օգտագործում, որովհետև ծանրաբեռնված են  ընտանիքի հոգսերով, կամ սոցիալական վիճակն է նրանց խանգարում: Պետք է տղամարդու հետ քայլել որպես հավասարը հավասարի հետ:  Կնոջ ճկունությունից շատ բան է կախված: Ամեն ինչ կախված է նաև նրանից, թե որքան ես ինքդ քեզ արժևորում: Կինը, եթե թույլ է, ինքն է հետ կանգնում, թույլ կինը պայքարել չի կարող: Իսկ պայքարող կինը կհաղթահարի, անպայման կհասնի:
Հասարակության մեջ շատ օղակներ կան, որոնք կինը կարող է ավելի լավ ղեկավարել: Օրինակ՝ կինը կարող է ամբողջությամբ ստանձնել սոցիալական ոլորտի կառավարումը, սպասարկման ոլորտի, և ընդհանրապես, ցանկացած բնագավառում կինը կարող է շատ լավ կայանալ: Նույնիսկ պաշտպանության կին նախարարներ կան աշխարհում: Ամեն ինչ գալիս է կնոջ ապրած կյանքից, կայացման ճանապարհից, ընտանիքից, ամուսնուց, որովհետև շատ դեպքերում, նրանց դիտարկմամբ, կինը միայն երեխա մեծացնելու համար է: Ես պատգամավորի թեկնածությունս առաջադրեցի, բայց ինքս հրաժարվեցի, որովհետև իմ երեխային հասարակության մեջ լիարժեք ինտեգրելու խնդիր ունեի: Եվ Հայաստանում հեմոֆիլիայով հիվանդ երեխաների խնդիրը ինձ համար դարձավ առաջնային: Շատերը շարժառիթ պիտի ունենան պայքարելու, մեկը ինձ նման՝ ճակատագրի դեմ, մեկը կրթություն է ստացել և չի ուզում այն մի կողմ դնել, պատահում է, որ տղամարդիկ են իրենց կանանց ընդառաջում:
Կինը հավասարակշռող, զսպող դեր ունի հասարակության մեջ: Եվ տարբեր բնագավառներում ճիշտ կլինի, որ գոնե քառասուն տոկոսը լինեն կանայք: Դա նաև տղամարդկանց օգնող ու պարտավորեցնող նշանակություն կունենա:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ