Հինգշաբթի, Հունիս 29, 2017

 07:45

ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետներ. Ով ինչ արեց. Արամ Սարգսյան

 (01.11.1999-30.04.2000)
Որպես ինձ վարչապետի պաշտոնից ազատելու պատճառառաբանություն նշված էր ծնելիության պակասը և .. չգիտեմ ինչը, շնորհակալություն էր հայտնած խառը իրավիճակում երկիրը դուրս բերելու համար և այլն, և այլն: Բայց 3 հիմնական քայլ ես կատարել եմ: Առաջինը Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված Մեղրիի տարբերակի բարձրաձայնումն էր: Ես հասարակությանն այդ մասին բարձրաձայն ասել եմ, և ասել, որ դրան դեմ եմ: Իմ երկրորդ քայլը սա էր. ես գտնում էի, որ աշխատատեղեր պետք է ապահովի ոչ տուրիզմը: Ես այդ թեմայով ելույթ եմ ունեցել նաև Ազգային ժողովում, ասել եմ, որ հայը նրա համար չէ, որ սուրճ մատուցի կամ մեքենաների պատուհանները մաքրի, այլ հայ մարդը ինքն է սիրում հյուրասիրել ու ինքն է հյուրասիրում: Հայ մարդու գործը արտադրանք տալն է, արդյունք ստեղծելը: Իսկ Հայաստանում հիմնական արդյունք տվողը, աշխատատեղերով ապահովող արդյունաբերությունը մետալուրգիան է, որը չի կարող լինել առանց քիմիայի: Ես վերագործարկել եմ «Նաիրիտ» գործարանը: Եվ դա եղավ, բառիս բուն իմաստով, Ռոբերտ Քոչարյանի մոտ «ղազագիր» գրելով, որ եթե գործարանը վնասներ կրի՝ դրա պատասխանատուն ես եմ: «Նաիրիտ» գործարանը ուներ 8 բաժանմունք, Սովետական Միության տարիներին աշխատում էին 6-ը, իսկ 2-ը միշտ վերանորոգ-ման մեջ էին: 2 բաժանմունքով աշխատելով՝ մինչև 22 տոկոս շահույթ ենք ապահովել: Դրա լուծման բանալին մեկն է եղել. թույլ չեմ տվել, որ որևիցե մեկը, բացի գործարանի տնօրենությունից, զբաղվի հումքի վաճառքով, արտադրանքի վաճառքով: Իսկ մինչ այդ ով հասներ՝ վաճառում էր: Դրա համար և՛ գինն էր թանկ, և՛ գործարանն օգուտ չուներ, հակառակը՝ վնասով էր աշխատում: Ես Մաքսիմ Հակոբյանի հետ վերագործարկել եմ Ագարակի պղնձամոլիբդենային գործարանը ընդամենը 8 օրվա ընթացքում: Այս քայլերն եմ արել արդյունաբերության և տնտեսության մեջ: Գտել եմ, որ աշխատատեղերով ապահովող է նաև թեթև արդյունաբերությունը հատկապես կանանց համար: Այս հարցում էլ ես քայլեր եմ արել:

Իսկ ներքաղաքական պրոցեսների ժամանակ ես առաջին անգամ ձևավորել եմ ազգային համաձայնության կառավարություն: Կառավարությունից դուրս եմ թողել այն նախարարներին, ովքեր երկար տարիներ գտնվում էին այդ պաշտոններում, մասնավորապես՝ Երվանդ Զախարյանին (այն ժամանակ՝ տրանսպորտի նախարար), Խոսրով Հարությունյանին (տարածքային կառավարման նախարար), կարող եմ էլի թվարկել՝ Պավել Ղալթախչյանին (սեփականաշնորհման նախարար): Եվ այդ պաշտոններին նշանակել եմ ինձ քննադատող ԱԺՄ կուսակցության ներկայացուցչին, կոմունիստական կուսակցության ներկայացուցչին: Հոկտեմբերի 27-ից հետո ես գտել եմ, որ երկրում ազգային համաձայնություն է պետք ձևավորել: Սա էր, որ վախեցրեց Ռոբերտ Քոչարյանին: Ես Ռոբերտ Քոչարյանի համար լուրջ քաղաքական հակառակորդ եմ եղել: Բայց ես, չիմանալով կառավարության մուտքն ու ելքը, չճանաչելով Ազգային ժողովում իմ մեծամասնությանը, այդ մեծամասնության պատեհապաշտությունն ու ամբիցիաները, ես այդ պայքարում պարտվել եմ Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նա ինձանից լավ գիտեր դրանք: Նրանց համար քաղաքականությունը ինտրիգներ էին: Նախ ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը, մեղմ ասած, այնքան էլ անկեղծ չէ, երբ ասում է, որ ինքը փոխեց Սահմանադրությունը վարչապետի ազդեցությունը մեծացնելու համար: Դա այդպես չէ: Նույն 99-ին անդրադառնամ: Ամենալուրջ կոնֆլիկտն իմ և Ռոբերտ Քոչարյանի մեջ առաջացել է ներքին գործերի նախարար և ազգային անվտանգության նախարար նշանակելու հարցում: Ես ասում էի՝ Սահմանադրության մեջ գրված է, որ վարչապետն է առաջարկում, նախագահը նշանակում է. ե՛ս պետք է առաջարկեմ, դուք պիտի ընտրեք: Իսկ Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ ոչ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից այդ պաշտոնները նշանակել է նախագահը ինքնուրույն, միանձնյա, այդպես է եղել նաև եղբորդ ժամանակ: Խնդիրը հասավ նրան, որ այդ գործընթացին միջամտեց նախ` Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ապա՝ Վեհափառ Հայրապետ Գարեգին 2-րդ կաթողիկոսը, հետո բանը հասավ իմ շատ սիրելի վարպետին՝ Հրանտ Մաթևոսյանին: Դրանից հետո ես համաձայնեցի այդ պրոբլեմը լուծել այսպես. Ռոբերտ Քոչարյանը յուրաքանչյուր պոստի համար առաջարկեց երեքական թեկնածու, ես այդ երեքից ընտրեցի մեկին: Այդպես Հայկ Հարությունյանը և Կառլոս Պետրոսյանը դարձան նախարարներ: Դրանից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը այդ երկու նախարարությունները որպես այդպիսին վերացրեց՝ հանելով դրանք կառավարության կազմից և դարձնելով վարչություն, որպեսզի նախագահն ինքը, առանց վարչապետի տեսակետի, նշանակի և ազատի մարդկանց: Հիմա պատկերացրեք վարչապետ, ով չունի ուժային լծակներ: Այդ վարչապետի գործոնը հենց Ռոբերտ Քոչարյանն է զրոյացրել: Մնացածը հեքիաթներ են քաղաքական գրքեր կարդացողների, քաղաքական վերլուծաբաններ համարվողների համար: Սա այն սուտն է, ինչը ներկայացվում է որպես ճիշտ:
Երկրում կար մի ժամանակ, երբ ցանկացած վարչապետ երկրի գերակայությունն էր նշում: Եղբայրս ի՞նչ արեց. նա հաշվառում կատարեց, որպեսզի տեսնենք, թե ինչ ունենք, որից հետո կորոշենք գերակայությունները և այդ գերակայությունները կբաժանենք՝ ինչը պիտի մնա պետությանը, ինչը պիտի օտարել: Ես էլ փորձեցի անել, բայց ինձանից հետո դա չմնաց: Ես որևէ բան չեմ սեփականաշնորհել, չնայած ես լիբերալ մարդ եմ: Սա չեմ ասում գլուխ գովալու համար, բայց տարանջատված չէին այդ գերակայությունները, պիտի տարանջատվեր, որ իմանայի՝ դա սեփականաշնորհել տայի, թե ոչ: Իմ ժամանակ սեփականաշնորհման որևէ գործընթաց չի եղել: Դրանից հետո ոչ մի բան այլևս իրենց համար ստրատեգիական նշանակություն չուներ. մեր էներգետիկ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, կարող ենք վաճառել: Ամբողջությամբ ռուսներին տվեցին գազի, էներգետիկայի ոլորտը, լեռնաարդյունաբերության ոլորտը՝ վաճառելով օֆշորային գոտիներում, վաճառելով գիշերային գործարքներում: Այսինքն՝ եկած մարդը իրեն հոգեհարազատ չհամարեց էս երկիրը, էս պետությունը: Սա չհամարեց իր տունը: Չհամարեց, որ էս պետության բյուջեն նույն իր տան բյուջեն է, որ մի քիչ պիտի պահի երեխային ամուսնացնելու համար, մի քիչ պիտի պահի թոռանը կնքելու համար: Չէ, ամեն ինչ տարան ու այսօր նվերներ են տալիս, մեծ-մեծ դիրքերից խոսում են: Կանգնեցին նրանց կողքին, ովքեր այսօր իշխանություններ են, արդարացրին նրանց: Էսօր նրանք նրանց հակառակորդ են, էսօր մյուսներն են նրանց նրանց դեմ հանելու, մեխանիզմներն են փորձում ման գալ՝ փորձելով այդ ձևով հաղթել: Ու այդ ամենը բերեց նրան, որ եթե նախորդ ընտրություններից առաջ հասարակությունը մտածում էր, որ՝ ա՛յ, գնամ այս ընտրություններին, ու կարող է  ինչ-որ բան փոխվել, այսօր որևէ մեկը չի հավատում, որ Հայաստանում ընտրություններով բան է փոխվելու: Բայց նորից եմ ասում՝ սա այն վերջն է, որը սկիզբ է բերելու: Ջրերը շատ պղտոր են, բայց դա չի նշանակում, որ չեն զուլալվելու:

Հռիփսիմե Ջեբեջյան



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ