Երեքշաբթի, Մայիս 30, 2017

 07:31

ԼՐԱՀՈՍ

Ինչ ակնկալել նախագահից. Գարեգին Չուքասզյան


«Սարդարապատ» շարժման անդամ
Ո ՞վ ասաց, որ վերևն է որոշում, թե մենք ինչպես պետք է ապրենք: Երկիրը մերն է: Այսինքն՝ կա շա՜տ վերև և մի քիչ վերև: Ո ՞ր վերևի մասին է խոսքը: Կարո ՞ղ է սուպեր կոմպյուտեր կա, որը հաշվարկել է աշխարհի կարգը, մենք ընդամենը ուրիշ ծրագրով ենք աշխատում: Այդպիսի ծրագիր գոյություն չունի: Ընդամենը պետք է մեր երկրում համակարգը փոխենք: Հենց մենք խոսում ենք տիրոջ զգացողությամբ, ամենաանհույս թվացող իրավիճակում անգամ, եթե մենք կանք, նշանակում է ելք էլ կա: Անգամ եթե շատ-շատ խավար է, եթե մենք կանք, եթե շնչում ենք որպես ամբողջություն, որպես ազգ, որպես ժողովուրդ, որն ապրում է իր հողի վրա, նշանակում է մի բան կա: Երբ բարդ իրավիճակ է լինում, մի փոքրիկ գործոն կարող է փոխել ամբողջ մոզաիկան: Երբ դուք ունեք երկու ծանր կշռաքար, որոնք տատանման մեջ են գտնվում, մի փոքրիկ թիթեռ կարող է որոշել, թե որ նժարն է ծանր լինելու: Այնպես որ, երբ ասում են, թե ինչ-որ մեծ ուժերից է կախված մեր երկրում վիճակը... չեմ կիսում: Երբ որ կայուն ծանր վիճակ է, դու ինչքան ուզում ես պատը շարժիր, չի շարժվի, որովհետև կայուն, ծանր վիճակում է: Բայց երբ որ անկայուն վիճակում է գտնվում շատ մեծ, ծանր մի բան, ապա մի թեթև ուժն էլ կարող է մի քիչ հրել, և ինքն այս կամ այն կողմ կգնա: Հիմա նախ պետք է հասկանալ, որ ամբողջ տարածաշրջանը շարժման մեջ է գտնվում, մենք էլ գտնվում ենք այդ տարածաշրջանի հանգուցային կետերից մեկում: Այդպես թվում է, թե անկայունությունը վատ վիճակ է, որից մարդիկ պետք է փախչեն, բայց մյուս կողմից դա մեզ ազատություն է տալիս, որ քո կամքը հաշվի առնեն մեծ ուժերը: Երբեմն այդ մեծ ուժերը կախված են լինում, թե դու քո փոքր ուժով որտեղ ես ու ինչ ես շարժում: Ըստ դրա՝ մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Այսինքն՝ փոքր ուժը միշտ պիտի գիտակցի իր կարևորությունը: Եթե չի գիտակցում, կամազրկվում է, ոչինչ չի անում, այդ դեպքում ինքը դատապարտված է մեծ ուժերի տակ ճզմվելուն: Այն ուժերը, որոնք հասկանում են, որ աշխարհում ամեն ինչ ծրագրված չէ, և հենց այդ անկայուն վիճակներում շատ կարևոր է սեփական նախաձեռնողականությունը, մեծ կամք են ունենում՝ իրենց ճակատագրին տեր կանգնելու, որպեսզի իրենց հետ հաշվի նստեն: Ես կտրականապես մերժում եմ այն տեսակետը, թե ինչ-որ աշխարհաքաղաքական կենտրոններ կարող են ամբողջ աշխարհի ճակատագիրը որոշել: Հատկապես անկայուն ժամանակաշրջանում և անկայուն տարածաշրջանում այդպես չէ: Եթե դու արթուն ես, հասկանում ես քո հնարավորությունները, մարտահրավերները, թե որտեղ փակվեց դուռը, շարժվում ես, ոչ թե վախեցած մկան պես, զոհի կարգավիճակով սպասում, թե երբ են քեզ «համփ» անելու, կամ սա՞ է անելու, թե՞ նա: Նախ մեր գեոպոլիտիկ վիճակը ազատության աստիճան է տալիս մեզ, մանևրելու հնարավորություն: Հայաստանակենտրոն սուբյեկտության զգացողությունը թույլ է տալիս տեր կանգնել դրան,ոչ թե առանց հասկանալու մսխել: Ինչ վերաբերում է տնտեսական վատ ցուցանիշներին, արտագաղթին, ազգային մարմնի մեջ կա հիվանդություն, որը տարբեր ձևերով է արտահայտվում: Վերքիցդ արյուն է հոսում, չես ուզում կապել, ոչինչ չես ձեռնարկում: Դու չես ուզում պայքարել քո հիվանդության դեմ, ասում ես՝ ժողովուրդը չի հավատում, 5000 դրամ է վերցնում: Սրանք հիվանդության արտահայտման ձևեր են, բայց դրանից հո չի բխում, թե օրգանիզմը մահացել է, որ դիմադրելու կարողություն չունի: Եթե քաղաքական դաշտն այսօր դեգրադացիայի է գնում, դա չի նշանակում, թե ամբողջ մարմինն է դեգրադացիայի գնում: Մենք տեսնում ենք վերելք քաղաքացիական հասարակության դաշտում: Նշանակում է դիմադրության աղբյուրներ կան, որոնք նոր են: Իհարկե, ցավալի է, որ կա քաղաքական դաշտի փոշիացման խնդիր, բայց դրանից չի բխում, թե մարմինը փոշիացել է: Կան մտավորականներ, քաղտեխնոլոգներ, որոնք թաղման օրվան են սպասում, որ հայ ժողովրդի պատմության վերջում իրենք վերջակետ դնեն: Մեր ազգի մեջ կա առողջ բանականություն, որը կարող է հասկանալ՝ եթե մեր երկիրը այսքան տարի անցել է ծանրագույն փորձությունների միջով, այս փորձությունը ամենածանրը չէ նրա կյանքում: Այն մարդիկ, ում պապերը մասնակից են եղել ծանր փորձություններին, չեն վերացել, կան, մեր մեջ են: Հիմա այդ դիմադրող ուժերն ի մի բերելու, նոր կիզակետ ստեղծելու խնդիրն է: Հուսահատության, ընկճվածության նոր ալիքին է պետք նախապատրաստվել, որը գալու է այս «ընտրություններից» հետո: Սա է մեր թշնամին լինելու, ոչ թե ուրիշ բան:
Այսինքն՝ նպատակը հենց ներքին հոգեբանական ընկճվածության դեմ պայքարելն է՝ տեսնելով ոչ թե արհեստական ձևով, ստեղծելով ինքդ քեզ համար պատրանքներ, այլ ռեալ տեսնելով, որ փոքրաթիվ քաղաքացիական խմբերը Հայաստանում, լինի դա Վահե Ավետյանի շարժումը և հարակից շարժումները, որոնք ցույց տվեցին՝ ոնց կարելի է օլիգարխին իր որջում խեղճացնել, հենց փոքր ուժերով ցույց տվեցին: Իրենք չունեին ահռելի ռեսուրսներ: Նույնը տեղի ունեցավ Թռչկանում, Մաշտոցի պուրակում: Փոքր ուժերը կարողանում են ցույց տալ, որ իրենք ուժեղ են, և այն մեծ թվացող ահռելի հրեշը, որ կոչվում է քրեաօլիգարխիկ համակարգ, պետք չի կարծել, որ մի հարվածով վերանալու է: Իրեն այ այդպիսի փոքր հարվածներով պետք է խեղճացնել:
Իհարկե, քաղաքացիական շարժումները պայքարում են հետևանքների դեմ, ոչ թե պատճառների դեմ: Սա իր սահմանափակումն է: Հենց այդ պատճառով այս նախաձեռնությունը, որը այլընտրանքային ճանապարհն է, այլընտրանքային ընտրությունների միջոցով քաղաքացիներին փոփոխությունների է տանելու: Սա կոչվում է հետքաղաքական նոր գործընթաց սկսել, որը արդեն պատճառների դեմ է պայքարելու՝ հենվելով այն քաղաքացիական դիմադրությունների վրա, որը կա Հայաստանում: Մենք վստահ ենք ուղղակի, որ այդ ներուժը մեր ժողովուրդն ունի:
Բացարձակ կարևոր չի, թե ով է ընտրվում նախագահական ընտրություներում: Այսօր Հայաստանը սկսել է մի գործընթաց, որը կապված չի այն ընտրական մեխանիզմի հետ, որը արդեն 15 տարի է՝ արատավոր շրջանի մեջ է: Այդ պրոցեսն ավարտվել է: Կան այլ քաղաքական ճանապարհներ, մասնավորապես՝ այս այլընտրանքային ճանապարհը: Նախընտրական շրջանը մեզ համար կարևոր է, որովհետև ժողովրդին պետք է ուրիշ ուղի ցույց տալ: Հայաստանում քաղաքական փոփոխություների ճանապարհ էլ գոյություն ունի: Այո, մենք հիվանդություն ունենք, և հիվանդության արտահայտման ձևերից մեկն էլ այն է, երբ վերնախավը կտրվում է ժողովրդից, փակվում է իր մեջ՝ իբրև էլիտար ակումբ,  և սկսում է փտել: Հետադարձ կապ չունենալով ժողովրդի հետ՝ դու չես կարողանում լավացնել իրավիճակը: Իսկ հետադարձ կապն այն է, որ ժողովուրդը ընտրությունների միջոցով կարողանում է ազդել արդյունքների վրա: Իսկ երբ դա չի աշխատում, համակարգը չի աշխատում, ուզում է լինի նախագահական, ուզում է լինի կառավարման խորհրդարանական համակարգ, այն, միևնույնն է, լինում է օլիգարխիկ: Որևիցե տարբերություն չկա՝ այդ օլիգարխիան խմբայի՞ն է, թե՞ անձնական, միևնույնն է, ինքը կտրված է ժողովրդից և փակ ակումբի մեջ է: Հիվանդությունը խորանում է, ու եթե այլընտրանք չի առաջանում, առաջանում է դեգրադացիա: Այս վիճակը երկիրը տանում է բանկրոտի, իսկ բանկրոտ երկիրը մաս-մաս են անում: Մեր հարևանները սպասում են անհամբեր, թե երբ է մեր երկիրը բանկրոտ ընկնելու: Եթե մեր ժողովրդի մեջ կա հատված, որը դեռ առողջ է, չպիտի թույլ տա՝ մի  այնպիսի կետի հասնենք, որ էլ վերադարձ չլինի, այնքան արդեն քայքայում տեղի ունենա, որ էլ օրգանիզմը հետ չբերես:
Քաղաքական ուժերն այլևս սպառել են իրենց: Կուսակցությունների վերնախավն այլևս լրիվ սպառված վիճակում է: Պետք չէ կարծել, որ միայն դա է քաղաքական իրականությունը: Կա ուրիշ իրականություն: Քաղաքական դաշտը վերաֆորմատավորվելու է՝ հենվելով նոր քաղաքացիական, դիմադրող ուժերի վրա: Դասական կուսակցական դաշտը փտախտի մեջ է, բայց կա ժողովուրդ, որը չի մեռել: Այդ խումբը լինելու է կոլեգիալ միտք, ունենալու է կոլեգիալ քաղաքացիական կամք և կոլեգիալ սիրտ: Պետք չէ կարծել, որ ժողովրդին քրեական, գողական արժեքներ պարտադրելու դեպքում ամբողջ ժողովուրդը այդ հավատափոխությունը կատարել է: Ո՛չ, կան մարդիկ, որոնք դիմադրել են և շարունակելու են: Ռոմանտիզմ էր սպասելը, թե ամբողջ ժողովուրդը միաժամանակ գնալու էր Ղարաբաղն ազատագրեր: Պիտի լինեին առաջամարտիկներ, և դրանից հետո նոր ձևավորվեին ջոկատներ: Այդ ամենը ժամանակ է պահանջում: Այն ժամանակ էլ ոչ ոք չէր հավատում, որ Ղարաբաղը հնարավոր է ազատագրել. բա թուրքե՞րը, մեծ Ադրբեջա՞նը... Ո՞նց եղավ. որովհետև ժողովուրդն իր առաջ խնդիր դրեց: Այստեղ էլ պետք է այլընտրանքի տեսլականը տաս, ճանապարհը տաս, որով պետք է գնանք և այս խավարից դուրս գանք: Ժողովուրդը չի ընկրկել. մինչև հիմա էլ դիմադրության ընդհանուր ոգին կոտրված չէ: Պետք չէ կարծել, որ նորից հնարավոր է ժողովրդին շահագործելով տանել-ետ բերել: Ժողովուրդը հասկանում է, որ կուսակցություններից սպասելիք չունի, հատկապես այն կուսակցություններից, որոնց միայն անունը կա: Ի՞նչ է նշանակում ԲՀԿ. դա ի՞նչ է, կուսակցությո՞ւն է, այդտեղ կամավոր գաղափարակիր մարդի՞կ են հավաքվել, ի՞նչ գաղափարների տեր է այդ կուսակցությունը, որտե՞ղ են արտահայտվում այդ գաղափարները՝ բացի նրանից, որ ասում են, թե կառավարման այս մի մոդելը փոխարինենք մի ուրիշով: Դրանից ի՞նչ է փոխվում: Մի ամանից մի ուրիշ ամանի մեջ ես լցնում նույն ճաշը: Դրանից ճաշի համը չի փոխվելու:
Այսօրվա իշխանության ռեալ ընդդիմադիրը ռեալ կյանքն է, որովհետև այն խնդիրները, որոնք կյանքը դնում է, և չեն լուծվում, կուտակվելու է բոլոր քաղաքացիական շարժումների հետևում: Մենք պետականաշինություն ենք սկսել 88-ից՝ չունենալով որևիցե նախագիծ, թե մենք ինչ երկիր ենք ուզում սարքել: Դա եղել է այն դժբախտություններից մեկը, որը հանգեցրեց այն բանին, որ հասարակությունը վերահսկողությունը կորցրեց իր վերնախավի հանդեպ: Ոչ մի պահանջ չէր դրված: Չկար նախագիծ, և դրա պատճառով պետության այդ ամբողջ շինարարությունը հանգեցրեց «շինանյութի» թալանին, որը մենք ունեցել ենք: Հիմա դրա համար անպայման պետք է նախագիծ ունենալ, որպեսզի նույն վիճակում չհայտնվենք:
Երբ հիվադանում ես, ամեն տեղդ ցավում է՝ ձեռքդ, գլուխդ, ոտքդ, բայց ինչ-որ կետից դիմադրություն է սկսվում, և սկսում ես պայքարել: Կարևորը՝ իմունային դիմադրություն առաջանա: Ծանր տարիներին ժողովուրդն ինչո՞ւ էր դիմանում. որովհետև հավատ ուներ, որ հանուն հաղթանակի է դա անում: Ինքը զրկանքներ կրող ժողովուրդ է, այնպես չի, որ զրկանքից է փախչում, ինքը անարդարությունից է փախչում: Նրան անընդհատ ներարկում են՝ հույս չունենաս, ոչ մի բան չես կարող անել, դու ոչինչ ես, դու ընդամենը 5000-անոց ես, բոլոր աղջիկներդ պոռնիկ եք լինելու, տղերքդ էլ՝ տղամարդկությունից զրկված: Սա սրսկվում է, ամբողջ ժողովուրդն էլ սկսում է հավատալ այդ զիբիլին:
Քո մարմնի բջիջը կարող է վերափոխվել և գանգրենա դառնալ: Քոնն է եղել, քո մարմնի մասը, բայց կարող է ախտահարվել ու արդեն վտանգավոր դառնալ քեզ համար: Դու պիտի ունենաս այնքան ներքին կամք, որ ասես՝ պիտի ազատվեմ սրանից, սա իմը չի, սա ես չեմ: Ժողովրդին ընտրության հնարավորություն չեն տալիս: Մեկի ֆոնի վրա մյուսը պիտի փայլի, չէ՞: Դրա համար այս ամեն ինչը թատրոն է, բեմադրություն: Մեկը երկու տող չի կարողանում իրար կապել, մյուսը թղթով է կարդում, ուրեմն ինտելեկտուալ է: Մենք թույլ տվեցինք, որ այս «խեղճուկրակները» բարձրանան ու հիմա մեզ սովորեցնեն, թե «ջութակը» ոնց պիտի նվագես: Թույլ չենք տալու:

Հռիփսիմե Ջեբեջյան



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ