Կիրակի, Սեպտեմբեր 24, 2017

 19:46

ԼՐԱՀՈՍ

Կնոջ դերը մեր հասարակության մեջ. Արփինե Մխիթարյան


«Օկի Դոկի» մանկապարտեզի տնօրեն
Կինը իրեն պետք է ավելի վստահ զգա հասարակական կյանքում, ազատվի այն դերերից, որոնք մշտապես վերագրվել են նրան` լինել ընտանիքի կին, մայր՝ բացառելով գործունեության մյուս ոլորտները: Կանայք հաճախ վախենում են, որ իրենց ակտիվ հասարակական կյանքը կարող է առաջ բերել հարազատների ու շրջապատի դժգոհությունը,  անհանդուժողականությունը, և հակված են գործել շաբլոնի համաձայն, ինչպես բոլորը, որ չառանձնանան և մարտահրավեր չնետեն պայմանականություններին: Այսօր կյանքի պայմաններն այնպիսին են, որ կինն ունի այդ հնարավորությունը. լինի մայր, ընտանիքի լավ կին ու աշխատի: Եվ հասարակական կյանքում նրա կարգավիճակի փոփոխությունը չի լինի ի հաշիվ ծնելիության և ընտանիքի: Ավելին՝ կանայք ավելի ու ավելի հաճախ պիտի զբաղված լինեն հասարակական գործունեության կարևոր օղակներում, ավելի շատ կանայք պիտի իշխանության գան, որովհետև կինը բնությունից այնպես է ստեղծված, որ ավելի շատ է մտածում ներդաշնակության, խաղաղության մասին, քան տղամարդը: Տղամարդը հակառակը իր էությամբ նվաճող է, ագրեսիվ, նրան հարազատ է մրցակցության ոգին: Կինը ունակ է տեսնել, նկատել ու զգալ այն ինչը երբեք չի տեսնի, նկատի ու զգա տղամարդը: Սա ամենևին չի նշանակում, թե կինը պետք է պայքարի դուրս գա տղամարդու դեմ, ոչ մի դեպքում, կնոջ պայքարը պետք է լինի ինքն իր հետ, ներքին արգելքների, կարծրատիպերի  հաղթահարման մեջ: Կարծում եմ՝ ավելի շատ պետք է լինի պետական հոգածությունը կնոջ զբաղվածության մասին: Հենց դրա համար էլ է հարկավոր, որ  կինը գա իշխանության, մշակվեն օրենքներ, որոնք կթեթևացնեն կնոջ կենցաղը: Օրինակ՝ մեր մանկապարտեզում երեխաները մնում են մինչև ժամը 19.00, որովհետև շատ մայրեր կան, ովքեր ունեն ավելի հագեցած աշխատանքային գրաֆիկ: Կարծում եմ՝ պետական դպրոցներում ու մանկապարտեզներում ևս պետք է պարտադիր լինեն երկարօրյա խմբեր՝ ճկուն ժամատախտակով, որ մայրերը կարողանան ավելի հանգիստ ու վստահ կազմակերպեն իրենց առօրյան: Մայրերը շատ ջանք ու եռադ պիտի թափեն հասարակական գործունեությամբ զբաղվելու համար, նրանք պետք է անընդհատ զարգացնեն իրենց ինտելեկտը, զբաղվեն ինքնակրթությամբ: Հայրերի համար դա շատ ավելի հեշտ է, քանի որ նրանք երեխա չեն ունենում և ծանրաբեռնված չեն կենցաղով: Դրա համար կինը առավել ճկուն ու պայքարող պիտի լինի ակտիվ հասարակական գործունեությամբ զբաղվելու համար:

Երկար տարիներ ընդունված է եղել, որ ղեկավար կարող է լինել միայն տղամադը, կնոջը հիմնականում երկրորդական դերեր են վերապահվում: Հիմա ժամանակները շատ են փոխվել, թե՛ պետական, թե՛ մասնավոր շատ հաստատությունների ղեկին կանայք են հայտնվում: Կանանց այս դերում ավելի հեշտ է հաջողվում աշխատակիցներին վերաբերվել ոչ թե որպես ենթակաների, այլ գործընկերների, կանայք ավելի հեշտ են վստահում, հաշվի են նստում աշխատակիցների  կարծիքի հետ: Կին ղեկավարները ավելի հաճախ են կազմակերպում տարբեր միջոցառումներ՝ թատրոն, քաղաքից դուրս,  սրճարան այցելություններ, ինչն ավելի է  ամրապնդում կոլեկտիվը: Կին ղեկավարները գրասենյակում պարտադիր հոգ են տանում նաև աշխատողների համար հարմար ու հաճելի մթնոլորտ ստեղծելու մասին: Առաջին հերթին դա բխում է կնոջ մայրական էությունից, որը ինքնստինքյան, որտեղ էլ լինի՝ տանը, աշխատավայրում ենթակայի թե ղեկավարի դիրքում, անպայման ստեղծում է ջերմ ու հարմար, հաճելի մթնոլորտ, ուր հաճույքով են գալիս և՛ աշխատակիցները, և՛ հաճախորդները: Միևնույն ժամանակ ղեկավար դիրքում կինը պետք է որոշումներ կայացնի, բարձր պատասխանատվություն կրի, հրամաններ տալ, մի խոսքով այնպիսի հատկանիշներ դրսևորի, որոնք քիչ ընդհանրություն ունեն կանացի վարքի հետ:  Ու երբ կինը կամային ջանքերով սկսում է իր մեջ նման իդեալական ղեկավար դաստիարակել, հաճախ իր մեջ խեղդում է «կնոջը», «կանացին»,  մոռանում իր նախասկզբի՝ կին ու  մայր լինելու մասին: Արդյունքում ստացվում է  մի տեսակ կես կին-կես ղեկավար: Նման խնդրի առաջ  կանգնում են գրեթե բոլոր այն կանայք, ովքեր բարձրանում են ծառայողական սանդուղքով: Այնինչ ամեն դեպքում պետք է արթուն պահել այդ «մայր լինելու» զգացողությունը: Այստեղ խոսքն ամենևին էլ կարիերային հաջողություն ապահովելու մասին չէ, այլ այն մասին, երբ փայլում են կնոջ աչքերը, երբ հաճելի է ապրելը, աշխատանքի գնալը, անգամ կենցաղային գործերով զբաղվելը: Նկատած կլինեք, թե այսօր որքան շատ կանանց դուր չի գալիս իրենց կյանքը, նրանք շատ են դժգոհում:  Իմ կարծիքով՝ պատճառը այն է, որ նրանք չեն սիրում, չեն գնահատում իրենց, ապրում են հասարակության կողմից իրենց վերագրված դերերով: Երջանիկ լիելու մասին տարբեր գրքեր ու հոդվածներ են կարդում, բայց դա չի օգնում, որ լավ տղամարդու կողքին, հրաշալի երեխաների հետ իրենց երջանիկ զգան: Իսկ պատճառը մեկն է. նրանք ազատ չեն իրենց հոգում ու մտքերում, նրանք չեն ապրում իրենց համար, նրանք դիմանում են ապագայի համար: Դա սխալ է:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ