Ուրբաթ, Սեպտեմբեր 22, 2017

 14:09

ԼՐԱՀՈՍ

Ինչ ակնկալել նախագահից. Վահրամ Մարտիրոսյան


 գրող, հրապարակախոս
Հարցը վերաբերում է երազանքների ոլորտին: Քաղաքական թեմաներով ես չեմ սիրում երազել: Որովհետև քաղաքականության մեջ ամենահստակն է երևում, թե երազանքներից ինչքանն է իրականանալու: Նախագահից մի բան եմ սպասում. որ սիրի մեր երկիրը, որ չմտածի՝ էս երկիրն իր համար է, «ախպերների» համար է, էն մարդկանց համար, ովքեր իրեն տուրք են տալիս, ինչը ստիպում է իրեն տուրք տվողներին նույնը մտածել: Մնացած ամեն ինչը արդեն հայտնի է. պետք է վերացվեն մենաշնորհները, օլիգոպոլիան...Նեղսրտելու հերթական առիթ էր, որ դեկտեմբերին Միացյալ Նահանգներում ՀՀ վարչապետն ասաց, թե նոր տեխնոլոգիաների մեջ ներդրում արեք, որովհետև ոլորտը կոռումպացված չի: Ճիշտն ասած, առաջին անգամ խղճացի Տիգրան Սարգսյանին. վարչապետ է, բոլոր գործիքներն ու լծակներն ունի, որ օլիգարխներին ու մենաշնորհները ջարդի, փոխարենը գնացել է Ամերիկա, որ ներդրում խնդրի ու ՏՏ ոլորտը ընդլայնելու միջոցով նվազեցնի, դուրս մղի էն բիզնեսները, որոնք ստվերային են, ու էդ ճանապարհով երկիրը դարձնի պակաս կաշառասուն: Հիմա եթե Տիգրան Սարգսյանը գիտի, որ ՏՏ-ից բացի մնացած ոլորտները թաթախված են կաշառքի մեջ, Սերժ Սարգսյանն էլ գիտե, ինչպես իմացանք «հաթաթայի» ժանրի իր ցուցադրական ելույթներից, ուրեմն՝ պարզ է, թե ինչը պետք է փոխվի: Բայց մինչև հիմա չի փոխվել ու իրենց օրոք չի փոխվի, որովհետև իրենց օրոք են էդ երևույթները ծաղկել:
Ես չեմ ընդունում, երբ ասում են, որ հասարակությունը դերակատարում չունի ընտրություններում: Հասարակությունն էլ ունի, քաղաքական ուժերն էլ ունեն, անհատներն էլ ունեն: Ես ձեռնածություն եմ համարում, երբ հասարակությունը, քաղաքացիներին հակադրում են քաղաքական ուժերին, որպեսզի արժեզրկեն վերջիններիս: Ստրկատիրական կարգերից, Հին Հունաստանից սկսած՝ նույն մեխանիզմներն են գործում, քաղաքական ուժերն են պայքարում իշխանության համար: Քաղաքացին էլ թող թե՛ հասարակական գործունեություն ունենա, թե՛ քաղաքական գործընթացներին մասնակցի: Ամեն մեկն՝ իր չափով՝ լինի ընտրություն, թե անդամակցություն կուսակցությանը: Չպետք է մտածել, թե Մարտի 1-ը անհետևանք է անցել: Էդքան մարդ գտնվեց, որ որպես քաղբանտարկյալ նստելով, ներողություն չխնդրեց, իր ազատությունը արժանապատվության հաշվին չգնեց: Էդ բոլորը կուտակվում է: Ամեն մեկը, ով ակտիվ է որպես քաղաքացի, կարևոր միավոր է դառնում պայքարում, ազգային ներուժի մի մասն է: Էդ ներուժը շատ մեծ չի, որովհետև զգալի մասը «շշալցված» է դեռ սովետական շրջանում, բայց կան և մարդիկ, ովքեր գնացել են արտասահման սովորել ու վերադարձել են, ովքեր որ աշխատել-վերադարձել են նորմալ երկրներից և գիտեն՝ որն է լավը, ճիշտը: Ուրիշ ելք չկա: Այլընտրանքը ո ՞րն է` նստենք սպասենք, թե ի ՞նչ է լինելու: Հայտնի անեկդոտ է. մեկն ընկնում է փոսը, տեսնում է՝ չի ստացվում դուրս գալը, ասում է՝ լավ, էս անգամ էլ փորձեմ, չեղավ՝ թողնում գնում եմ տուն: Հիմա մեր վիճակն է: Էդ տունը չկա, որ մենք գնանք: Չհաշված արտասահմանը, արտագաղթելը: Իսկ եթե չե ՞ս ուզում երկիրը թողնել: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն, այո, կարող են ոտքի հանել մարդկանց: Բայց որպեսզի իրենք հանձն առնեն ինչ-որ բան փոխել, պետք է վերածվեն քաղաքական ուժի: Առանց դրա մարդկանց լավ թե վատ ընդդիմության փոխարեն կողմնորոշել դեպի ժողովրդից որևէ լիազորություն չստացած ամորֆ համախմբումները նշանակում է լավագույն դեպքում պատրանքներ սերմանել ակտիվ, բողոք ունեցող խավի մեջ, շեղել նրան իրականությունից, վատագույն դեպքում դա իշխանության պատվերն է` կազմալուծել, փոշիացնել պայքարը:
Նույն ծառայությունն են մատուցում իշխանությանը քաղաքական գործիչները, ովքեր թերահավատություն են ներշնչում դեպի քաղաքացիական նախաձեռնությունները:
Ես ինքս՝ որպես քաղաքացի, անպայման պետք է իմ մասնակցությունն ունենամ: Իմ հոդվածներն եմ գրելու, գրքերը, գնալու եմ բողոքի ցույցի մասնակցեմ: Կատարելու եմ իմ բաժին հեղափոխությունը:


Աշխարհը շատ առաջ է գնացել: Մենք չենք կարող անվերջ տեղում դոփել: Համոզված եմ, որ մեզ մոտ փոփոխություն կլինի պալատական հեղաշրջման, հեղափոխության, նույնիսկ պատահական ինչ-որ դիպվածի միջոցով:
Հայերը ռացիոնալ են, չափից մի քիչ էլ շատ: Ցավոք, դրան զուգահեռ, իռացիոնալ ձևով սոցիալական պաշտպանության համար պայքարը թույլ է, մարդիկ իրարով, ազգականների-բանի օգնությամբ յոլա են գնում: Արհմիություններ չկան, անորոշ է քաղաքական կուսակցությունների սոցիալական օրակարգը: Ես չգիտեմ, թե էլ ինչ պետք է լինի, աշխատավարձն ինչքան ցածր լինի, որ չդիմանան, դուրս գան պաշտոնյաներին քշեն-լցնեն... Գետառը:
Մյուս կողմից՝ նորից իռացիոնալ ձևով քաղաքականապես լավ էլ հեղափոխական ժողովուրդ է: Եթե շատ հետ` 1988, չգնանք, իրեն շատ կարգին է դրսևորել 95-ից սկսած, երբ Հայաստանում հեղինակապետություն հաստատվեց, վերջացրած 2000-ականներով, երբ բռնապետության տարրերը գերիշխող դարձան... կանգնել է ընդդիմության թիկունքին: Միայն թե պետք է հասկանա, թե իրենից ինչ են ուզում, որ գնա անի: Ասեն` 3 ամիս պայքարի, ամեն ինչ կփոխվի... կամ 6 պետք է պայքարես: Առաջնորդն էլ պետք է իր վրա լուրջ պատասխանատվություն վերցնի: Ես ինչի համար քաղաքական գործիչ չեմ, որովհետև պատրաստ

չեմ արնահեղության պատասխանատվություն վերցնել: Բայց քաղաքականության մեջ, ցավոք, էդ պահը կարող է գալ, երբ բռնությանը պետք է համարժեք պատասխան տալ և փոքր արյամբ կանխել մեծ արյունը:
Խոսում են, թե ԶԼՄ-երն ազատականացրել են, բայց էսօր իմ շրջապատում ամոթ է համարվում, եթե մարդը հեռուստացույց է նայում, այսինքն՝ հեռուստաընկերություններն էդքան վարկաբեկվել են: Մշակույթի բնագավառն էլ պիտի տնօրինեն մարդիկ, որոնց համար մշակույթը միջոցառում չի, մշակույթը կենսակերպ է:
Աղաղակող թերություններ ու արատներ կան, որոնք պետք է վերացվեն: Երբ որ դրանք վերացվեն, նոր ես կարող եմ ասել, թե ինչ նախագահ եմ ուզում, թե որն է իմ երազանքի Հայաստանը` միայն իր ինքնությանը հատուկ հմայքով:

Հռիփսիմե Ջեբեջյան



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ