Հինգշաբթի, Մայիս 25, 2017

 07:07

ԼՐԱՀՈՍ

Արդարադատության արդարադատությունը. Սամվել Կոստանյան



Ես անօրինականությունից «օգտվող» մասսայի շարքին եմ դասվում: Ես օգտվում եմ բացթողումներից, անվերահսկելի վիճակից: Ես փաստաբան եմ: Որքան դաշտը լինի թերի, այնքան ես լավ կլողամ իրավաբանական դաշտում, սխալը ճիշտ կսարքեմ կամ հակառակը: Այսինքն՝ որպես մասնագետ ինձ դա ձեռք է տալիս, իսկ որպես ՀՀ քաղաքացի ձեռք չի տալիս: Ես եմ իրավաբան, բայց իմ երեխան կարող է նկարիչ լինել, ուրեմն նա կորա՞ծ է: Առհասարակ մեզանում մարդիկ իրենց տեղում չեն: Նա, ով պիտի փականագործ լիներ, դատավոր է աշխատում: Թեև փականագործն էլ կարող է լավ դատավոր լինել, եթե պատժելիության մեխանիզմը ճիշտ աշխատի: Ասում են` կաշառք վերցնելիս բռնեցին, կդատեն: Միայն կաշառքն է՞ պրոբլեմը: Վրաստանի օրինակին նայեք: Ժամանակին, երբ ռուս լրագրողը Սահակաշվիլուն հարցրեց, թե ինչպես կարողացան հասնել սրան, նա պատասխանեց. «ԽՍՀՄ-ն ամենակոռումպացված երկիրն էր: Ես սկսեցի նրանից, որ ինքս կաշառք չվերցրեցի»:
Փաստաբանը մեր երկրում օրենքներով շարժվեց, կտուժի, պիտի երեք գլխանի հրեշ լինի: Ես պատվեր կատարող մարդ եմ, եթե ծառայությունները մատուցում եմ իրավական չափանիշների մեջ, կտեսնեմ` հնարավոր է, թե հնարավոր չի: Եթե տեսնում եմ` հնարավոր չի, ասում եմ` գործ չունես, սա չեմ կարող անել: Բայց ես հանդիպում եմ երևույթների, որ հաստատ ճիշտ եմ, բայց մերժում եմ ստանում: Կամ ես այդ գործով 100 տոկոսով սխալ եմ, դատարանը ճտճտալով բավարարում է: Դատավորին պետք է ոչ թե կաշառքի համար պատժեն, այլ ապօրինի վճիռ կայացնելու: Կաշառքը կարող է չբռնեն, դատավորը հիմար չէ, պրոֆեսիոնալ իրավաբան է, չգիտի՞ ումից և ոնց է փող վերցնում:
Դատավորների նշանակման կարգը. ավարտում է դատավորների վերապատրաստման դպրոցը, արդարադատության խորհուրդը որոշում է ցանկը, հաստատում է նախարարը, արդարադատության խորհրդի նախագահը ՀՀ նախագահն է, որը նշանակում է դատավորներին: Փողը տվեց, նշանակվեց դատավոր. հիմա՝ դատավորը իր փողը պիտի հանի՞, թե՞ չէ: Մեր դատաիրավական համակարգը չի կայանում, որովհետև պակասում է իշխանությունների ցանկությունը: Դատական իշխանությունը մինչև անկախ դարձնելը նախ զսպող, կարգավորող օրենքներ պիտի լինեն, հստակ գործեն, նոր նրանց տրվի անկախություն, հակառակ դեպքում այդ անկախությունը մեզ կործանման կտանի: Պատկերացնում ե՞ք, որ մարդը տուժի անգրագետ դատավորի ձեռքից, դա լրիվ պատուհաս է: Դատավորը պիտի լինի պրոֆեսիոնալ իրավաբան, պրոֆեսիոնալ և ոչ պակաս 35 տարեկանից: Սահմանը դրել են 25 տարեկանը. սխալ են արել: Եթե մարդը դեռևս ընտանեկան պրոբլեմը չի հասկանում՝ ինչ է, ընտանեկան հարաբերությունն ինչ է, նա չի կարող ուրիշի ընտանեկան խնդիրը լուծել, չի կարող մտնել մատի և մատանու արանքը: 25 տարեկան տղային նշանակում են դատավոր, 2010թ. «E դասի» մերսեդեսով գալիս է դատարան որպես դատավոր, ու տեսնես, թե իրեն ոնց է պահում:  
Մեր ժողովրդին շատ են սովորեցրել ամեն ինչ փողով լուծել: Ի՞նչ իրավագիտակցություն, մենք մեր ձեռքով մեզ կործանում ենք:
Ամեն ինչ սկսվում ու վերջանում է օրենքով՝ թե՛ անօրինությունը, թե՛ կոռուպցիան: Մեր իշխանությանը կա՛մ ցանկությունն է պակասում, կա՛մ ճար չունի շտկելու իրավիճակը:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ