Հինգշաբթի, Հունիս 29, 2017

 07:47

ԼՐԱՀՈՍ

Ինչ ակնկալել նախագահից. Վարդուհի Սիմոնյան


կինովավերագրող, լրագրող
Այս իրավիճակում առնվազն Քաջ Նազարի կողակցուհին պիտի լինես նախագահից որևէ ակնկալիք ունենալու համար: Նախագահն ինձ համար ուղղակի անձ չի, որ նրա լավնուվատը, հաստուբարակը քննարկվի, այլ՝ պետական ինստանցիա, որն ազգային ոգին ու մարմինը սնող գաղափարների համակարգ է ներկայացնում: Ընդհանրապես, գաղափարն է առաջնորդ ծնում, ոչ թե առաջնորդը՝ գաղափար: Իսկ Հայաստանում չկա ո՛չ գաղափարների շուկա, ո՛չ էլ քաղաքական համակարգ, որ կարողանա հաղորդակցվել հանրային որևէ աշխատող մտքի հետ: Երկու տասնամյակ շարունակ հասարակությունը դուրս է մղվել պրոցեսներից և հաշմվել է՝ ընկնելով խորը դեպրեսիայի գիրկը, իսկ պետությունը ոչ միայն ադեկվատ չէ ամեն ժամ արդիականացվող նոր քաղաքակրթությանը, այլև արդեն դուրս է նոր աշխարհակարգի քարտեզից: Իշխանությունն Աստծուց է լինում, երբ այն կրողին Արարիչը պատվում է հզոր կամքով, իմաստությամբ, մեծ խղճով: Մեր երեք նախագահները թող շուտ-շուտ թաղումների գնան, այնտեղ կյանքի, նյութի անցողիկության մասին գոնե խորհելու առիթներ կունենան:
Ես սարսափում եմ, երբ այսօր մեզ կրկին օրորում են ազգադավ անհատի և հրեշավոր հարևանի մասին հին հեքիաթներով, որովհետև հենց այդ քաղաքական առասպելը ոգեկոչելուց հետո է, որպես կանոն, երկիրը ներքաշվում պատերազմի մեջ: Եթե պետությունը չունի գաղափարական հենք, ուրեմն չունի իմունիտետ և ցանկացած զեռունի թեթև խայթոցից կարող է ուշաթափվել. ազգադավ նախագահի կամ հրեշավոր հարևանի միջամտությունը զուտ արարողակարգային է այստեղ: Իշխանությունը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել կրեատիվ գաղափարների նկատմամբ իր անհանդուրժողականությունը. նախորդ երեք նախագահներին էլ հիմնականում նույն կադրային սերվիսն է սպասարկել, որն այսօր բարոյապես և ֆիզիկապես մաշված է:
Կադրային քաղաքականության մասին. գիտեք, երբ խնդիրները ձևակերպված չեն, անհնար է դրանք լուծելը: Երբ մենք ցանկանում ենք վերանորոգել մեր բնակարանը, մենք պիտի հստակ ձևակերպենք մեր անելիքը, որպեսզի հասկանանք, թե ինչ կարգի վարպետների ենք ներգրավում: Իսկ եթե էն գլխից մեր նպատակը ցեմենտ թռցնելն է, պարզ է, որ բարեխիղճ վարպետը պիտի դառնա մեր համար առաջին թշնամին, մանավանդ որ պրոֆեսիոնալը, հակառակի պես, ունի մասնագիտական խիղճ: Կադրերը քո թաքուն ցանկությունները տեղում մատնում են: Անծայրածիր երկիր չենք, բոլորս հատ-հատ գիտենք ցանկացած ոլորտի քիչ թե շատ պրոֆեսիոնալներին, և երբ նրանց մասին «մոռանում» են վերևներում, կնշանակի նրանց նպատակը տունը կարգի բերելը չի, այլ ցեմենտ գողանալը: Բավական է նայել, թե իշխող կուսակցությունն ինչ տարավ խորհրդարան, հատկապես ինչ երիտասարդություն բազմեց պառլամենտի պարտերում, և պարզ կդառնա, թե ինչու են մտածող, վառ երիտասարդները հեռանում հայրենիքից: Բավական է մեր մարզպետներին չորրորդ դասարանի պարտուսից որևէ հարց տալ, որպեսզի հասկանալ, թե ինչու են այդպես շռնդալից դատարկվում գյուղ ու ավան: Ցավոք, լավ մասնագետն ինքնաառաջադրվող տեսակ չի, բայց հենց նրան է վիճակված իրավիճակ փոխել երկրում, և նա, ով հավակնել է դառնալ մեր երկրի նախագահը, պիտի հենվի ոչ թե ճարպիկ-բաշարողների կաստայի վրա, ով այո է ասում նրա ցանկացած շարժին, այլ հատկապես նրանց, ովքեր, իրենց փաստարկված ոչ-ն են ասում և ցույց տալիս նոր, արդյունավետ ուղիներ: Այսօր այդ գաղափարները մեծ մասամբ հենց գործազուրկների տրամադրության տակ են, որովհետև մեր աշխատաշուկան դուրս է նետում հենց առաջադեմ, նեղ կուսակցականությունից վեր կանգնած պրոֆեսիոնալներին: «Հաց՝ արժանապատվության դիմաց». ահա մեր խղճուկ աշխատաշուկայի այսօրվա կողմնորոշումը: Ո՞վ կթողնի, որ այդ երկու երնեկը համատեղես: Մտեք ցանկացած աշխատանքային հրապարակ և կտեսնեք, որ առաջին գծում են պրոֆեսիոնալ «մուտիլոֆշիկները», ապա գալիս է սեփական կարծիքն ուրացած ամորֆ զանգվածը, որը մասնագիտական որակ չունենալու պատճառով աշխատանքի է՝ գնում արժանապատվությունը տանը թողնելով: Փառք կառավարությանը, ինչ ասեմ, մասնագիտական պոտենցիալի էսպիսի շռայլ ու հետևողական փոշիացման համար: Այնինչ, կարելի է, օրինակ, հաշված օրերի ընթացքում բեկում մտցնել աշխատաշուկայում: Տեղական ինքնակառավարման իմաստը հենց ցանկացած մարդու ավելի տեսանելի դարձնելն է. բավական է տեղերից պահանջել հստակ մասնագիտական բանկեր և, ի վերջո, հաշվառել երկրի ամենաարժեքավոր կապիտալը: Կառավարությունը երկրի ամենախոշոր բիզնեսմենն է և պիտի կարողանա, ի վերջո, հասկանալ, որ հացը պիտի տալ հացթուխին, ոչ թե, ասենք, իր հոպարի պլոտնիկ տղային: Աշխարհում այսօր ցանկացած մասնագետի արտադրողականության հստակ չափորոշիչներ կան, թող բարի լինեն ծանոթանալ քյաբաբախորովածային արբունքից ազատ ժամերին:
Երբ հասարակությունը հոգեվարք է ապրում ներսից, թշնամին չի ուշանում: Մենք՝ նախագահից մինչև աղբահավաք, քրիստոնեական արժեհամակարգի պիտի գանք: Մենք կարծես մոռացել ենք, որ, այնուամենայնիվ, Աստված կա վերևում: Ամենագլխավոր խնդիրն այսօր մեր հոգեբարոյական ինքնությունը վերագտնելու հարցն է: Այսպիսի հասարակական-բարոյական երերուն հարթության վրա ոչ մի շինություն էլ չես կանգնեցնի: Բիլ Քլինթոնը 1992թ. ընտրարշավը սկսեց  իր հայտնի «Բարոյականության կոդեքսի» հրապարակմամբ և պարտավորվեց իր ադմինիստրացիան ձևավորել հենց այդ դրույթներով, և սա այն դեպքում, երբ ամերիկացիներն արդեն ունեին «Բարոյականության օրենք» կոչված իրավական փաստաթուղթը: Իզուր է մեզ թվում, թե՝ այ, մենք հեսա մի քիչ կհարստանանք, և հասարակական-բարոյական արժեքները տեղում կփոխվեն: Այդպես չէ. եթե մարդը չունի խիղճ, նրան ոչինչ էլ չի փրկի: Եվ ոչ էլ արևմտյան կրթությամբ ջահելջուհուլը մեզ կփրկի. չմոռանանք, որ հենց հյուսիսում և արևմուտքում ուսանած երիտասարդները տանուլ տվեցին առաջին հանրապետությունը: Եվ այդպես ստացվեց, որովհետև նրանք էլ էին միամտաբար կարծում, թե կարելի է պետականաշինությունն ավարտել, ապա նոր անդրադառնալ քաղցի և հիվանդությունների ճիրաններում հայտնված հասարակությանը: Այդ արանքում էլ պատերազմի բերանն, իհարկե, պիտի ժողովուրդը փակեր, մի ամբողջ Արևմտյան Հայաստան էլ պիտի ճղվեր երկրի երեսից: Քյալլագյոզության սեփական փորձն ունենալուց հետո, կարծես, կարիք էլ չկա հիշեցնելու, որ հասարակական հսկողությունից դուրս ցանկացած իշխանություն վաղ թե ուշ այլասերվում է և Հայրենիք տանուլ տալիս:
Ի՞նչ պիտի անի նախագահը. եթե անգամ մեղքեր չունի, պիտի աղոթի իմ մեղքերի համար, չէ՞ որ, օրինակ, վերջին նախագահի օրոք ես ուղիղ 5 տարի անգործ եմ եղել:

Հռիփսիմե Ջեբեջյան



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ