Երեքշաբթի, Մայիս 30, 2017

 07:31

ԼՐԱՀՈՍ

Կնոջ դերը մեր հասարակության մեջ. Լալա Մնացականյան

Կինը մեր հասարակության մեջ շատ փոքր դերակատարում ունի, որտեղ ավելի շատ շեշտվում են նրա պարտականությունները, քան իրավունքները: Մենք ապրում ենք զուտ տղամարդկային հասարակության մեջ: Կնոջ կարծիքը հաշվի է առնվում միայն այն ժամանակ, երբ այն չի հակասում տղամարդու կարծիքին: Որևէ բանի հասնելու համար կինը պետք է բավական խելացի լինի, ճկուն մտածելակերպ ունենա: Եվ նա իր էներգիան ավելի շատ ծախսում է հաղթահարելու համար տղամարդու ամբիցիաները, քան առաջ տանող որևէ քայլ անելու: Իսկ եթե հարաբերությունները լինեն ոչ թե տղամարդու գերիշխանությամբ, այլ ավելի մարդկային որակ ունենան, կինն ավելի շատ հաջողությունների կհասնի: Այն հանգամանքը, որ մեզ մոտ  ամեն ինչ պետք է որոշի տղամարդը, արդեն ոչ միայն հպարտությամբ է ընկալվում, այլ կարծես ազգային արժանապատվություն է դարձել:
 Հայաստանյան հասարակարգում մարդկանց նայում ենք սեռային տարբերությամբ. մարդը գոյություն չունի: Մենք մարդուն ամոթանք ենք տալիս՝ ելնելով նրա սեռային պատկանելությունից՝ «սա ամոթ է, մի արա, դու աղջիկ ես, սա քեզ չի կարելի, սա քեզ սազական չէ...»: Մենք ոչ թե տվյալ  երևույթն ենք քննադատում,  այլ թե ով է այն կատարել:
Լինելով իսկապես բավական առաքինի, բարոյական կոդ ունեցող ժողովուրդ՝ մենք դեգրադացվել ենք: Ժամանակին մենք ունեինք ռուսական կողմնորոշում, հիմա մնացել ենք ինքներս մեզ հետ ու չենք կարողանում կողմնորոշվել՝ որ ուղին ընտրել: Մենք մեր կենցաղով մուսուլմանամետ ենք:
 Եթե ուզում ես հասկանալ, թե ինչպիսին է հասարակարգը, պիտի հասկանաս, թե ինչպիսին է ընտանիքը, ինչպիսին են այդ ընտանիքում կին-տղամարդ փոխհարաբերությունները: Չի կարող առողջ ընտանիք լինել, եթե մեկն ունի միայն պարտականություններ, իսկ մյուսը՝ իրավունքներ: Առողջ ընտանիքում գերիշխում է ներդաշնակությունը, հավատը միմյանց հանդեպ, հարգանքը, փոխզիջումը: Դեմոկրատ հասարակարգը չի հանդուրժի ընտանիքում բռնակալություն: Մենք կին-տղամարդ փոխհարաբերությունները ձևավորում ենք՝ ելնելով «սա քեզ չի կարելի, իսկ ինձ կարելի է» սկզբունքից: Մենք մեր իսկ ստեղծած տաբուների գերին ենք դարձել:
Ինչու՞ մեր ղեկավար պաշտոններում շատ քիչ են կանայք: Չնայած փորձը ցույց է տվել, որ այն երկրները, (մանավանդ եվրոպական) որտեղ կանայք գրավել են  ղեկավար պաշտոններ, շատ ավելի արագ են բարգավաճել: Եվ քանի որ այս հարցում ես ավելի լավ չեմ ձևակերպի իմ միտքը, քան դա արել է Գաբրիել Գարսիա Մարկեսը, ես կդիմեմ նրա օգնությանը.  «Մարդկութանը փրկելու միակ նոր գաղափարը աշխարհում իշխանությունը կնոջը տալն է: Վերջին տասը հազար տարում ավերված կենսամիջավայրը և գրեթե ողջ Մոլորակը վկայում են, թե ինչի են ընդունակ տղամարդիկ: Հիմա միայն կանայք կարող են շտկել իրավիճակը, պահել-պահպանել կյանքը: Դա նրանց գենետիկ կոչումն է»:
Եթե կանայք ղեկավարեն աշխարհը, ապա ավելի քիչ կլինեն պատերազմներ, բռնություններ, սոցիալական անարդարություններ: Բայց տղամարդը չի ընդունում, երբ կինն իր հետ միասին նույն հարթության վրա է հայտնվում: Տարօրինակ դեգրադացիա է տեղի ունենում. տղամարդը մնացել է որոշողի, բայց որևէ պարտականություն չկատարողի դերում: Նույնը հասարակության մեջ է, ղեկավար պաշտոնում: Դրա համար էլ արդեն քանի տարի է՝ ես հարց եմ ուզում տալ. «Ո՞նց է ձեզ հաջողվում 2,5 միլիոն ժողովրդին սոված պահել: Ո՞նց եք հաջողացնում: Մենք քանակով այնքան քիչ ենք մնացել, որ Մոսկվայի «Бауманский район»-ում երևի ավել շատ մարդ է ապրում, քան մեր երկրում: Մի թաղամաս է՞լ չեք կարողանում կերակրել»:
Ինձ շատ է անհանգստացնում այն փաստը, որ մարդիկ հեռանում են երկրից: Բայց մարդը չի հեռանում, որովհետև սոված է կամ  վատ է ապրում: Մարդը հեռանում է, որովհետև չի դիմանում անարդարությանը: Ես միշտ ասում եմ՝ մենք ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում: Մարդիկ նույնիսկ արդեն դադարել են հույս կապել որևէ մեկի հետ, թե, ահա, կհայտնվի մեկը և... Մենք կորցրեցինք մեր հավատը, ու դժգոհությունը դարձավ ապրելակերպ: Չենք էլ հարցնում, թե ո՞նց դուրս գանք: Մտածում ենք՝ էսպես էլ մնա, լավ է: Կարո՞ղ է՝ արդեն չենք ուզում, կարո՞ղ է՝ այսպես ավելի հարմար է: Ո՛չ: Ո՛չ: Հուսահատվել  չի կարելի:
Մենք հիմա մի քանի հոգով հավաքվել ենք, մի  հետաքրքրիր ծրագիր ենք անում. ֆիլմաշար ենք ստեղծում մեր մեծերի մասին: Առաջին ֆիլմը Սայաթ-Նովայի մասին է: Ու հիմա մտածում եմ՝ այս ֆիլմը մեր հեռուստաընկերությունները կվերցնե՞ն: Կցուցադրե՞ն: Թե՞ էլի  կպատճառաբանեն, որ մեր ժողովրդին դա պետք չէ: Ու կշարունակեն կերակրել էժանագին սնունդով, որից թունավորվում է ոչ միայն միտքը, այլև հոգին: Ներքին ուժեղ ծրագիր է գործում. որքան չգիտես քո ազգային արժեքները, այնքան զոմբի ես, որքան չես լսում ոգեղեն խոսք, այնքան բթանում ես, իսկ բութ մարդուն ղեկավարելը հեշտ է: Բայց այդ ֆիլմաշարը անելու ենք, մեկ է: Եվ ես գիտեմ, որ հետևորդներ կունենանք: Փակուղուց դուրս գալ է պետք: Եվ դրա համար յուրաքանչյուրս իր  գործը պետք է անի: Մի՛ համակերպվիր այն մտքին, որ վատ է, անարդար է, դու պարզապես քո գործն արա՛: Ես իմ դերը որպես կին, որպես դերասանուհի տեսնում եմ. ես պատրաստ եմ իմ  ներդրումն ունենալ (նույնիսկ եթե այն աննշան է)  մեր ազգային արժեքները պահպանելու գործում:  Եվ ոչ ոք չի կարող ինձ խանգարել, որովհետև ես շահի ակնկալիք չունեմ:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ