Շաբաթ, Նոյեմբեր 18, 2017

 03:12

ԼՐԱՀՈՍ

Առաքելություն արևելքի ` հայաստանյան առաքելությունը


Աղքատության հաղթահարման խնդիրը երբևէ ոչ մի քաղաքակրթություն չվերացրեց աշխարհում: Դրա դեմ պայքարելու համար զարգացած հասարակությունները ստեղծեցին մարդասիրական տարբեր կազմակերպություններ` հանուն ողջ մարդկության զարգացման ու տառապանքի վերացման: Միայն թե դրանց գոյությունը ժամանակի պահանջին պետք է ճիշտ համընկներ:
«Առաքելություն Արևելք» դանիական օգնության և զարգացման կազմակերպությունը աշխարհի մի շարք երկրներում ժողովուրդների կողքին կանգնեց այն ժամանակ, երբ նրանք ամենաշատն էին օգնության ձեռքի սպասում:
1991թ. Ռենե և Քիմ Հարցներները Եվրոպայի արևմուտքում հիմնեցին «Առաքելություն Արևելք» կազմակերպությունը, որպեսզի օգնեն տնտեսական ու սոցիալական դժվար իրավիճակում հայտնված Արևելյան Եվրոպայի երկրներին: Տարիների ընթացքում նրա առաքելությունը դուրս եկավ Եվրոպայի սահմաններից` հասնելով մինչև Արևելյան Ասիայի երկրներ:
«Առաքելություն Արևելք»-ը Հայաստանում է 1992 թվականից:  Դժվար չէ հիշել այն իրավիճակը, որում Հայաստանը այդ ժամանակ գտնվում էր: Հենց սկզբից կազմակերպությունը, համագործակցելով Հայաստանի կառավարության հետ, օգնում էր հաղթահարել երկրաշարժի հետևանքները և դիմակայել պատերազմող երկրի առաջ կանգնած մարտահրավերներին: Իսկ Հայաստանի համար միջոցներ հայթայթում էին հայր և որդի Հարցներները` դիմելով դանիական կազմակերպություններին ու բարեգործներին:
Ժամանակի ընթացքում Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխության հետ փոխվում էին նաև կազմակերպության ծրագրային նշանակետերը և ռազմավարությունը` առավել ճկուն արձագանքելու կարևոր խնդիրներին: Ուստի` կազմակերպության գործունեությունը Հայաստանում կարող ենք մի քանի փուլերի կամ ժամանակահատվածների բաժանել: Մինչև 1997թ. մարդասիրական օգնության ծրագրերն ուղղված էին Հայաստանի և Արցախի ողջ տարածքում բնակչությանը սննդամթերքով և դեղորայքով ապահովելուն: Այդ ընթացքում հիմնվեց Սիսիանի զինվորական հոսպիտալը՝ ժամանակակից բժշկական սարքավորումներով, անհրաժեշտ նյութերով, դեղորայքով և տրանսպորտային միջոցներով: Սյունիքի մարզը կազմակերպության գործունեության առաջին թիրախներից մեկը դարձավ: 1997-2004թթ. այստեղ վերանորոգվեցին և բուժսարքավորումներով, նյութերով, դեղորայքով ու կահույքով ապահովվեցին 5 բժշկական հիմնական հաստատություններ և 26 բուժկետեր: Իսկ բժիշկների արտագնա այցելությունների համար տրամադրվեցին ավտոմեքենաներ և վառելիք: Կազմակերպության օժանդակությամբ մարզում 17 բժիշկներ և 38 բուժքույրեր անցան վերապատրաստման անհրաժեշտ դասընթացներ:
2003 թ-ից «Առաքելություն Արևելք» կազմակերպության ջանքերն ու ֆինանսական միջոցները բաշխվեցին միաժամանակ մի քանի առանցքային ուղղություններով. դրանք ներդրվեցին սոցիալական, առողջապահության և կրթության ոլորտների զարգացման համար: Այս ճանապարհին կազմակերպությունը ձեռք բերեց համագործակցության լայն շրջանակ: Առանցքային գործընկերները դարձան «Հույսի կամուրջ» ՀԿ-ն  և «Արաբկիր բժշկական համալիրը»:


«Առողջ սկիզբ». այս ծրագիրը գործում է մինչ օրս: Առողջապահական ծառայությունների  մոդելի փորձնական կիրառումը սկսվեց Արմավիրի մարզի 11 համայնքներում, որի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական ներառումն էր հասարակությունում: Իսկ դրա ճանապարհը հաշմանդամության ոլորտի օրենսդրության բարելավումն էր ու կազմակերպությունների հզորացումը: Երեք տարվա աշխատանքի հաջողությունը արդեն հիմք էր ծրագիրն ընդլայնելու: 2007-2010թթ. ծրագիրը ներդրվեց նաև Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 23 համայնքներում: Իսկ 2011 թ-ից համայնքային և առողջապահական ծառայությունների` տարիներով փորձարկված մոդելն ամրապնդելու փուլն էր, որը կիրառվում է Տավուշի մարզի արդեն թվով 62 համայնքներում: Այս ծրագրի ֆինանսավորումն ապահովում էր Դանիայի կառավարությունը: «Առողջ սկիզբ» ծրագիրը դարձավ նաև լուրջ խթան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար` նախաձեռնելու հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերող օրենսդրության բարեփոխումներ, ուսումնասիրելու Դանիայի փորձը այդ ոլորտում, ստեղծելու հաշմանդամություն ունեցող անձանց ազգային հանձնաժողով և մարզային ներկայացուցչություններ: Այս ամբողջի արդյունքում հասարակության մեջ մի մեծ կարծրատիպ կոտրվեց. փոխվեցին հաշմանդամ մարդկանց վերաբերյալ պատկերացումները, մեր գիտակցության մեջ նրանք իրենց հնարավորություններով դարձան հասարակության լիարժեք մասը: Ամրապնդվեցին հաշմանդամության սոցիալական մոդելի վրա հիմնված մոտեցումները, մշակվեցին ծառայությունների հասանելիությունն ապահովող մեխանիզմները:
Առողջապահության ոլորտում կիրառված ծրագրերի հաջողությունը կազմակերպության հետ մեկտեղ որպես ձեռքբերում կարող է արձանագրել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը: Համատեղ աշխատանքի ընթացքում հիմնվել են  երեխաների զարգացման վերականգնողական կենտրոններ Արմավիրում, Գավառում և Իջևանում: Առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելու համար Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի 23 և Տավուշի մարզի 58 համայնքների բուժկետերը համալրվեցին անհրաժեշտ միջոցներով:
Նախարարության հետ համագործակցության մասշտաբային ծրագրերից է աջակցությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին:
«Առաքելություն Արևելք»-ի գործունեությունը կրթության ոլորտում հեղափոխություն մտցրեց նաև պետական կառավարման համակարգում: Հայաստանում առաջին անգամ գործածվեց ներառական կրթություն հասկացությունը: Այս ծրագրում նրա գործընկերը «Հույսի կամուրջ»-ն է: 2003 թ-ից սկսվեց «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի առաջին փուլը: Իսկ 2007-2009թթ. այն դպրոցները, որտեղ կիրառում էին ծրագիրը, ՀՀ ԿԳՆ-ն ճանաչեց ներառական: Դրանից հետո համապատասխան մասնագետների պատրաստման գործընթացն էր մանկավարժական համալսարանում` հնարավորինս բարձրացնելու կրթության առանձնահատուկ պայմանների  կարիք ունեցող երեխաների կրթության որակը: Ներառական կրթության կայացման գործում ֆինանսական և փորձագիտական աջակցության համար «Առաքելություն Արևելք»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը արժանացավ ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալին:
Թերևս պաշտոնական պարգևները կարելի է չափել նյութական արժեքներով, բայց ոչ երբեք մարդկային երախտագիտությունը, որը վաստակել է «Առաքելություն Արևելք» կազմակերպությունը Հայաստանում իր ողջ 20 տարիների գործունեության ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ