Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2017

 02:20

ԼՐԱՀՈՍ

Կնոջ դերը մեր հասարակության մեջ. Գոհար Շահնազարյան

Կանանց և աղջիկներին մեր կենտրոն է բերում լիարժեք ինքնադրսևորման ու դրա հնարավորությունների պակասի խնդիրը: Դա պայմանավորված է մի շարք պատճառներով՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ: Օբյեկտիվ պատճառներից են դաստիարակությունը, կարծրատիպերը,  որոնք դարձյալ սահմանափակող գործոն են: Իսկ այս ամենը արդեն հանգեցնում են սուբյեկտիվ գործոնին, որ կինն արդեն իրեն զգում է ոչ լիարժեք, և հետ է կանգնում ինչ-որ բանի հասնելու իր ցանկությունից: Եվ յուրաքանչյուրը՝ կին կամ աղջիկ, որ գալիս է մեզ մոտ, նախ  ուզում է հասկանալ՝  արդյո՞ք դա միայն իր խնդիրն է: Հոգեբանական ճնշվածությունը բավական մեծ է, և խոսքը հիմնականում միջին տարիքի կանանց մասին է, ովքեր իրենց կյանքի մի հատվածն արդեն ապրել են ընտանիքի հետ և հիմա խնդիր ունեն հասկանալու՝ իրենք միայն դա՞ են կարող, թե՞ միայն դա են ուզում: Եթե խոսենք կնոջ իրական հնարավորությունների մասին, ապա դրանք շատ ավելին են, քան նա կարողանում է դրսևորել: Իրականում կնոջ տեղը պետք է լինի այնտեղ, որտեղ ինքը կորոշի: Կարելի է այսպիսի պարզ հարցադրումներ անել: Օրինակ՝ մենք շատ ունենք կին ժուռնալիստներ, իսկ քանի՞ կին խմբագիր ունենք: Դասախոս կանայք շատ են, բայց քանի՞ կին ռեկտոր ունենք: Եվ այսպես կարող ենք տեսնել, որ կանայք շատ տեղերում չկան: Իսկ ինչու՞ չկան, որովհետև չե՞ն ուզում, թե նրանց հնարավորություն չի տրված, կամ փոքրուց սովորել են, որ խմբագիր կամ ռեկտոր լինելը տղամարդու գործ է: Ավելին, մենք դեռ մինչև երեխայի ծնվելը՝ նրա սեռն իմանալուն պես արդեն նրա փոխարեն սկսում ենք երազել, թե նա ինչ պիտի դառնա, ու ծրագրում ենք նրա ամբողջ կյանքը՝ կնոջ և տղամարդու համար հասարակության մեջ տիրապետող ստանդարտների սահմաններում:
Հիմա՝ ի՞նչ կարելի է անել, որպեսզի իրոք հավասար հնարավորություններ ունենանք:
Իրավական տեսանկյունից հավասարություն կա, բայց շատ հաճախ օրենքները չեն կարողանում իրենց տեղը գտնել իրական կյանքում: Պետք է քաղաքականություն մշակենք, այդ ամենը ճիշտ կերպով դրսևորելու համար: Մենք, հանձին կանանց, 50%-ից ավելի ուժ ունենք, որն անտեսում ենք: Մենք իրավունք չունենք և ժամանակ չունենք կորցնելու այդ 50%-ին: Եթե կինը ընդգրկվի հասարակական, օրենսդրական գործընթացներում, դրանով ուժ կբերի հասարակության տարբեր՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական ոլորտներ:

Այդ ուժը կարևոր է նաև ազգային անվտանգության համար հատկապես տղամարդկանց միգրացիայի պայմաններում: Այսպես թե այնպես կանայք տղամարդու շատ գործեր վերցրել են իրենց ուսերին, բայց ֆորմալ կերպով այդ գործառույթներն իրենց տեղը չեն գտել: Կինը այսօր ամեն ինչ անում է. ղեկավարում է ընտանիքը, տնօրինում բյուջեն, բայց նա իր հնարավորությունները դեռևս իր ընտանիքում է միայն կիրառում: Մենք ոչ միայն չունենք իրապես քաղաքականությամբ զբաղվող կանայք, այլև կանանց հարցերը քաղաքական ոլորտում բարձրացնողներ: Իսկ դա բերում է քաղաքական և օրենսդրական այնպիսի որոշումների, որոնք եթե ոչ այսօր, ապա մեկ ուրիշ օր մեր կյանքի որակի վրա անպայման կազդեն:
Մենք անընդհատ մեզ դժբախտ ենք զգում: Տղամարդկանց վրա էլ քիչ ճնշում չկա, նրանց առաջ խիստ են դրված խնդիրները: Տղամարդիկ միշտ բողոքում են, որ իրենց ավելի ծանր գործերն են բաժին ընկել, կանայք բողոքում են մեկ այլ բանից: Գուցե պետք է ինչ-որ բան փոխել ու սկսել երջանիկ ապրել: Դերերը պետք է մի քիչ փոփոխել, ավելի ճկուն լինել, որպեսզի ամեն մեկն իրեն հանգիստ զգա այս հասարակության մեջ, ուրախ լինի:
Պետք է կարողանալ խնդիրներին ճիշտ արձագանքել:
Մեր կազմակերպությունը գործում է 2003 թ-ից: Մինչ կազմակերպությունը ստեղծելը շատ ենք զրուցել կանանց ու աղջիկների հետ, և եզրահանգումը նույնն էր. բոլորը կարիք ունեն մի այնպիսի միջավայրի, որտեղ կարող են հանգիստ կիսել իրենց մտահոգությունները, քննարկել և փորձել հասկանալ ելքը, փորձել ազատվել իրենց բարդույթներից:
Պետք է շատ աշխատես քեզ վրա, որպեսզի հասկանաս, թե ուր ես գնում, մեկ ուրիշը չի կարող քո փոխարեն դա անել: Մեր կենտրոնում նրանց ռեսուրսներ են տրամադրվում՝ օգտվելու գրադարանից, ինտերնետից: Նրանք ձեռք են բերում գիտելիքներ իրենց իրավունքների, կնոջ վերարտադրողական առողջության վերաբերյալ, հնարավորություն ունեն սովորելու օտար լեզուներ, ստանում են հոգեբանական և իրավաբանական օգնություն: Պարզ շփման խնդիր ունեն ի վերջո: Թե ինչ կանեն այդ ամենի հետ, արդեն իրենք գիտեն: Շատերն ակտիվ են, ուզում են համակարգում ինչ որ բան փոխել: Բայց սա միայն կնոջ խնդիրը չէ, նաև տղամարդկանց գիտակցության խնդիր է:
Եվ ուզում եմ մի կարևոր հարցի մասին խոսել: Երբ առաջ ենք քաշում գենդերային հավասարության խնդիրը, այն պրոբլեմային է ընկալվում, որովհետև կա շատ սխալ տեսակետ, թե գաղափարը ներմուծվում է Եվրոպայից, Ամերիկայից: Մեր գործունեությամբ փորձում ենք պայքարել այդ մոտեցման դեմ, քանի որ դա սխալ և վտանգավոր մոտեցում է: Մեր դասընթացների միջոցով ցույց ենք տալիս, թե հայ կանանց շարժումը որքան վաղուց է սկսվել, որ միջնադարյան հեղինակներն են այդ մասին գրում: Նաև հայտնի հայ կանանց մասին պատմող կայք ենք բացել. նրանք միայն բարեգործությամբ չեն զբաղվել, հասարակության մեջ առկա ֆունդամենտալ հարցեր են բարձրացրել, կանանց իրավունքիների խնդիրն են առաջ քաշել: Եվ հիմա մենք ոչ մի նոր բան չենք սկսել: Սա այդ կանանց թողած ժառանգությունն է, որն ընդամենը շարունակում ենք:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ