Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 11:01

ԼՐԱՀՈՍ

Ինչ ակնկալել նախագահից. Անդրանիկ Թևանյան

Վերջին տարիները ցույց տվեցին, որ մենք գործ ունենք բավական անարդյունավետ իշխանության հետ: Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականության ակնկալիքներին, ապա, եթե փորձենք պարզ ձևակերպել պետք է չանել այն, ինչ արեցին Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը: Իսկ ի՞նչ արեցին նրանք. իրականացրին տնտեսության և տնտեսական դաշտի գերկենտրոնացմանը տանող քաղաքականություն և փորձեցին  ֆինանսական հոսքերը բերել մեկ հրամանատարության ներքո՝ կենտրոնացնելով Բաղրամյան 26-ում: Դրա հետևանքն էր տնտեսական անկումը, որը աննախադեպ էր համաշխարհային մակարդակով: 2009-ին Հայաստանում ամենամեծ անկումը եղավ աշխարհի մակարդակով: Դրանից հետո մենք չենք վերականգնվել և չենք եկել 2008-ից առաջվա կարգավիճակին: Այդ քաղաքականությունը բերեց նաև արտագաղթի ծավալների ահագնացող չափերին, բերեց ներդրումների կրճատմանը, գնաճին և, պաշտոնական տվյալներով, աղքատության ավելացմանը: Եվ այսօր Հայաստանի բնակչության ամեն 3-ը աղքատ է: Սրանք այն արդյունքներն են, որն ունենք այս կառավարման ընթացքում, և սրան գումարած՝ նաև արտաքին պարտքի եռապատկում: Բնական է, որ հաջորդ իշխանությունը պետք է վարի տնտեսության զարգացմանը և մասնավոր բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականություն, ինչը նշանակում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության վերանայում: Հայաստանը չի կարող կառավարվել նեոբոլշևիկյան մեթոդներով: Հայաստանը ռեսուրս չունի բաց համակարգ չլինելու: Քանի որ մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք սառը պատերազմի մեջ, եթե այս տեմպերով շարունակվեն տնտեսության անկումը և քաղաքացիների արտահոսքը երկրից, ապա դա ուղղակի անվտանգության հարցի է վերածվելու, և մեծանալու է պատերազմի վերսկսման հավանականությունը, ինչը ոչ այնքան հաճելի հեռանկար է: Մենք պետք է ամեն ինչ անենք, մեր նախագահը պետք է ամեն ինչ անի, որ ՀՀ տնտեսության զարգացումը թույլ չտա այնպիսի հավասարակշռության խախտում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը կհանգեցնի պատերազմական գործողություններին: Մեր պետությունը պետք է զսպի Ադրբեջանի ախորժակը: Դա, անշուշտ, նշանակում է, որ մեր բանակը պետք է լինի համապատասխան մակարդակի: Բանակը հասարակության և պետության հայելին է: Չի կարելի ենթադրել, որ մենք կունենանք լավ բանակ, բայց վատ կառավարում և վատ տնտեսություն: Այդպիսի բան հնարավոր չէ:
Ցանկալի կլինի, որ Հայաստանում կառավարման համակարգը փոխվի և դառնա խորհրդարանական: Վերջին 20-21 տարիները ապացուցեցին, որ այն մոդելը, որը Հայաստանում առկա է, անարդյունավետ է: Մեզ մոտ ամեն մի նախագահի ընտրություն վերածվում է կենաց-մահու պայքարի: Որևէ մեկը չի ուզում զիջել, որովհետև հասկանում է, որ խնդիր է ունենալու իր անձնական անվտանգության հետ: Փաստորեն, մենք այս համակարգով ստեղծել ենք մահապարտների ինստիտուտ: Ի դեմս նախագահների՝ մենք ունենք մահապարտներ: Պատրաստ են հասարակության դեմ հանել տանկեր, միայն թե չզիջեն իշխանությունը: Դա վտանգավոր է Հայաստանի համար: Դա չի կարող բերել Հայաստանի տնտեսության զարգացմանը, քանի որ տնտեսական դաշտը բավականին վատ է արձագանքում նման երևույթներին: Մենք տեսանք, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո բիզնես միջավայրը բավականին անորոշության մեջ հայտնվեց, և մարդիկ չգիտեին՝ ինչ է սպասվելու: Շատ դեպքերում նույնիսկ արտահանում էին կապիտալը, իսկ կապիտալի արտահանումը նշանակում է, որ պետության հանդեպ մարդիկ չունեն վստահություն: Ուրեմն՝ տնտեսական քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ վստահություն ներշնչի բիզնեսի ոլորտի մարդկանց, ռացիոնալ սպասումներ առաջանան, և մարդիկ իրենց կուտակած գումարները ներդնեն տնտեսության մեջ, ապահովեն աշխատատեղեր և հարկեր վճարեն՝ նպաստելով պետության հզորացմանը: Քաղաքականության և բիզնեսի սերտաճում ասելով՝ տարբեր մարդիկ տարբեր բաներ են պատկերացնում: Իմ պատկերացմամբ՝ դրանց սերտաճման լավագույն օրինակը նախագահական նստավայրն է: Որովհետև օլիգարխ կոչվածները, որոնց դարձրել են հասարակության համար «բոբո», իրականում իշխանության կրողը չեն: Այս պահին ես կարող եմ ասել, որ Հայաստանի թիվ մեկ օլիգարխը նախագահն է: Իրենք օլիգարխ ասելով ուրիշ բան նկատի ունեն: Իրականում դա կուլակաթափության և բոլշևիկյան քաղաքականության պայքար է և սեփականությունը մեկի ձեռքում կենտրոնացնելու քաղաքականություն է, ինչը բացարձակապես կապ չունի ժողովրդավարության հետ: Հակաօլիգարխիկ պայքարի լավագույն մեթոդը համակարգային փոփոխություններն են և անցումը կառավարման խորհրդարանական համակարգին: Նույնիսկ անկախ այն հանգամանքից, թե ինչ որակ կունենա խորհրդարանը, միևնույնն է, տարբեր շահերի բախումը հնարավորություն կտա այդ բախման մեջ ներառել նաև հասարակական շահը: Այդ պարագայում ինքը ակնհայտորեն շահագրգռված կլինի բիզնեսը տարանջատել քաղաքականությունից և գումար աշխատել: Այսօր բիզնեսի ներկայացուցիչները քաղաքական պրոցեսների մեջ են մտնում, որպեսզի իրենք իրենց պաշտպանեն նաև ինչ-որ չափով: Քանի որ Հայաստանում դատական համակարգը կայացած չէ, վստահության մթնոլորտ չկա, իրավահարաբերությունները դեռևս ձևավորված չեն և իրավական պետության կոնցեպտի մեջ չեն տեղավորվում, դրա համար մարդիկ անձնական բնույթի երաշխիքներ են ստանում: Բոլոր այն զարգացող երկրները, որոնց մենք ուզում ենք նմանվել, գնացել են համակարգային լուծումների ճանապարհով: Պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որ եթե նույնիսկ վատ մարդիկ գան, ստիպված լինեն լավ կառավարել: Այսինքն՝ բարի թագավորի մոդելի փոխարեն պետք է առաջնորդվել արդյունավետ համակարգերի մոդելով: Իսկ այստեղ հեծանիվ հորինել պետք չէ: Ամբողջ աշխարհը գնացել է այդ ճանապարհով: Դա մի օր պիտի լինի: Անկախության 20-21 տարիները ապացուցեցին, որ անհնար է այլևս այս տիպի մեխանիզմներով զարգացում ապահովել և գոյատևել այս տարածաշրջանում: Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ զարգանանք և անվտանգ ապրենք: Անվտանգ և՛ անձնական, և՛ պետական մակարդակով: Թուրքիան, Ադրբեջանը պոտենցիալ վտանգ են ներկայացնում մեզ համար: Մենք պետք է ստիպենք նրանց հաշվի նստել մեզ հետ: Իսկ ստիպել կարող ենք մեր տնտեսական համակարգով և հասարակության զարգացվածությամբ: Մեր բնական պաշարների կոմպենսացիան մարդիկ են և ստեղծագործող սուբյեկտները: Եթե նրանց առջև ճանապարհը փակվում է, ապա որևէ դրական առաջընթաց ակնկալելը բավական բարդ է:
Խնդիրը Սերժ Սարգսյանը չէ. խնդիրը համակարգն է, ուղղակի Սերժ Սարգսյանը հայտնվել է այդ համակարգի գլխին: Եթե վաղը այլ մարդիկ հայտնվեն, ես չեմ կասկածում, որ չնչին տարբերություններով հնարավոր է, որ նույն բանը լինի: Իհարկե, այստեղ մտածողությունն էլ կապ ունի, որովհետև Սերժ Սարգսյանի մտածողությունը իր ձևավորման փուլում եղել է կուսնոմենկլատուրայի ազդեցության տակ, և ինքը կուսակցական ֆունկցիոներ է եղել, դա ազդել է իր մտածողության վրա: Բայց դրանք սուբյեկտիվ էլեմենտներ են: Ես գնահատում եմ օբյեկտիվ հանգամանքները, որոնք հուշում են, որ մեզանում համակարգն է ստեղծում այդպիսի իրավիճակ, որ մարդիկ ձգտում են բացարձակ իշխանության: Հայտնի բանաձև կա, որ իշխանությունն այլասերում է մարդուն, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է մարդուն բացարձակ ձևով: Հիմա եթե Հայաստանի իշխանությունները ուզում են ձգտել բացարձակ իշխանության, ուրեմն մենք կունենանք բացարձակ այլասերված իշխանություն, որն իր հերթին կծնի բացարձակ այլասերված հասարակություն: Դրա դեմն առնելու ճանապարհը համակարգային փոփոխություններն են: Եթե այդ փոփոխությունները դրվեն, արդեն կադրային խնդիրներն էլ առաջ կգան, ճանապարհներ կբացվեն, և հասարակությունը կկարողանա իր ներսից կադրեր գործուղել պետական համակարգ: Կադրերը պետական այդ փակ համակարգի ներսում կկատարեն դրական իմաստով տրոյական ձիու դեր և ներսից կբացեն դռները, որպեսզի պետություն-հասարակություն հարաբերությունը դառնա բնականոն և նպաստի երկրի զարգացմանը:
Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, նաև տվյալ պահին որոշման խնդիր: Պատմական այս փուլում ես տեսնում եմ, որ բոլշևիկյան մտածողությամբ իշխանությանը կարող է հակադրվել, այսպես ասեմ, ազգային բուրժուազիան՝ սեփականության կորստի վտանգի առաջ կանգնած և հասարակության հետ այս պահին շատ ներդաշնակ սեփականատերերի խավը, որը իր մեջից պետք է քաղաքական որոշում կայացնողի ընտրի և գնա իր սեփական ճանապարհով: Դա ամբողջ աշխարհը տեսել է: Դրանք կոչվում են բուրժուա-դեմոկրատական հեղափոխություններ:
Նախ՝ փոփոխությունների լոկոմոտիվ կարող է լինել միայն փոքր, միջին, խոշոր սեփականատերերի խավը: Հիմնական պատվիրատուն փոփոխությունների այս խավի ներկայացուցիչները պիտի լինեն, որովհետև իրենք անձամբ են զգում այս քաղաքականության բացասական հետևանքները: Երորրդը՝ այս խավն ունի կորպորատիվ շահի գիտակցություն. իրենք կարող են համախմբվել իրենց շահերով: Քանի դեռ Հայաստանում մասնավոր սեփականության ինստիտուտը պաշտպանված չէ, քանի դեռ Հայաստանում առկա է սեփականության վերաբաշխման վտանգ և կապիտալի արտահոսքի վտանգ, հասարակության միակ իրական փոփոխության ձգտող շերտը և կարող շերտը բուրժուազիան է: Իհարկե, ժամանակը ցույց կտա՝ մեր ազգային բուրժուազիան կկարողանա՞ հասարակական պատվերն իրականացնել, թե՞ չի կարողանա: Անձնական շահ ունենալը վատ բան չէ: Բոլորս էլ մեր անձնական շահն ունենք, բայց երբ որ քո անձնական շահը հակադրվում է հասարակական և պետական շահի հետ, այդ դեպքում առաջանում է լուրջ կոնֆլիկտ: Հիմա Սերժ Սարգսյանի և իր նեղ շրջապատի դժբախտությունն այն է, որ իրենց անձնական շահը բացարձակապես չի համընկնում պետական շահի հետ: 2008-ից հետո, երբ տեղի ունեցան խայտառակ ընտրություններ, Սերժ Սարգսյանը խնդիր ուներ ներքին լեգիտիմության և փորձեց այդ դեֆիցիտը լրացնել արտաքին լեգիտիմությամբ ու նախաձեռնեց ֆուտբոլային դիվանագիտություն, որը նպաստեց նրան, որպեսզի ինքը մնա նախագահի աթոռին, բայց բացարձակապես համահունչ չէր ՀՀ շահերին: Վտանգում էր մեր շահերը: Վերցնենք տնտեսական քաղաքականությունը: Նա ուզում է տնտեսությունը վերցնել իր ձեռքում, բայց պետական շահի տեսանկյունից մարդիկ աղքատանում են, արտագաղթում են, կապիտալը փախչում է: Այսինքն՝ իր անձնական շահը կտրուկ հակադրությւան մեջ է քաղաքացիների շահի հետ: Եթե դրանք ներդաշնակ լինեին, այդտեղ որևէ խնդիր չկար: Բայց տվյալ պարագայում բիզնես խավն ունի անձնական շահ, որպեսզի չհետապնդվի իշխանության կողմից: Բայց եթե մենք մի պահ ենթադրենք, որ իրենք, ասենք, կոտրվել են, ջարդվել են իշխանության կողմից, ապա մենք կստանանք սովետական միության մոդելը հիշեցնող մի բան, բայց առանց այն դոտացիաների, որոնք տրվում էին այն ժամանակ: Մոտավորապես ադրբեջանական, թուրքմենական, միջինասիական հետամնաց երկրների տիպի մի մոդել կլինի Հայաստանում՝ մեկ սեփականատերով, որը ռեսուրս չունի երկար մնալու: Հայաստանը դատապարտված է լինել շուկայական բաց տնտեսությամբ երկիր և դատապարտված է ունենալ զարգացած քաղաքացիական հասարկություն: Միայն այդ պարագայում մենք կունենանք արդարության զգացողություն, և միայն դա կպահի քաղաքացուն այստեղ: Թե չէ պատմությունը ցույց է տալիս, որ հայերը արագ ինտեգրվում են բոլոր համակարգերում: Մարդիկ շատ դեպքերում կմտածեն` ինչու անընդհատ պայքարեն իրենց իրավունքների համար, երբ կարող են ինքնաթիռ նստել և մի քանի ժամ հետո այդ իրավունքներն ամբողջական փաթեթով ստանալ արտերկրներում: Ես չեմ մեղադրում. այսպես երկար չի կարող շարունակվել: Իսկ եթե մենք այնքան անշնորհք ենք, որ 21-րդ դարում չենք կարողանալու պետություն պահել, ուրեմն դա է մեզ հասնում:

Հռիփսիմե Ջեբեջյան



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ