Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:37

ԼՐԱՀՈՍ

Սիրող ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար / 2

ԽՍՀՄ-ում առաջին Մանկական գյուղը՝ Հայաստանում

Կենսաբանական ընտանիքից զրկված երեխաներին ներառել մի հարկի տակ, ստեղծել ընտանեկան յուրօրինակ մոդել, երեխաներին կարևորել և պաշտպանել, պարուրել ջերմությամբ և հոգատարությամբ, այլ խոսքերով ասած՝ յուրաքանչյուր երեխա պետք է հասակ առնի ջերմ, սիրող ընտանեկան միջավայրում, ինչը «ՍՕՍ Մանկական Գյուղեր» միջազգային կազմակերպության գործունեության առաջնային նպատակն է։ Կազմակերպությունը ստեղծվել է Ավստրիայում Եվրոպայի համար ծանրագույն շրջանում՝ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո, և հավաքագրել է ծնողազուրկ երեխաներին մեկ գյուղում՝ փորձելով ստեղծել ընտանեկանին մերձեցված խնամքի նոր մոդել։ Այս կերպ ստեղծվում է առաջին ՍՕՍ Մանկական գյուղը, որտեղ երեխաներն ապրում են, ինչպես սովորական ընտանիքում. հաճախում են մանկապարտեզ և դպրոց, խաղում բակում, իրենց  ՍՕՍ-քույրիկների և եղբայրների հետ կիսում տնային պարտականությունները։ Խնամքի նման մոդելը շուտով տարածում գտավ եվրոպական տարբեր երկրներում, իսկ հետագայում նաև սփռվեց այլ մայրցամաքներում։

1990-ին երկրաշարժ վերապրած և պատերազմի թոհուբոհում ընկղմված Հայաստանում բացվեց առաջին ՍՕՍ Մանկական Գյուղը, որն անդրանիկն էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ ԽՍՀՄ-ում։ Մանկական գյուղ հիմնադրելիս հաշվի են առնվում մի քանի նախապայմաններ. գյուղը պետք է մոտ լինի քաղաքային կամ գյուղական համայնքին, շրջապատված լինի բնությամբ, տեղանքում պետք է հասանելի լինեն կրթական և առողջապահական հաստատություններ, գործի հանրային տրանսպորտ։ Որոշում կայացվեց Հայաստանում ՍՕՍ Մանկական գյուղը բացել Աբովյան քաղաքին մոտ գտնվող Կոտայք գյուղի հարակից տարածքում։ Այսօր արդեն Հայաստանում երկու Մանկական գյուղ կա՝ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում և Իջևան քաղաքում։ Իջևանի Մանկական գյուղը առաջին մանուկներին ընդունել է 2010 թվականին։

Փուլային խնամք երեխաների համար

ՍՕՍ Մանկական գյուղում երեխաների խնամքը երեք փուլից է բաղկացած։ Առաջինը մանկական գյուղի փուլն է, երբ մինչև 15 տարեկան երեխաներն ապրում են ՍՕՍ մայրիկի, իսկ ներկայումս արդեն նաև ՍՕՍ ծնողների խնամքի ներքո՝ մեկ հարկի տակ։ Երկրորդ փուլը երիտասարդական տան փուլն է. 15-18 տարեկան պատանիները փորձում են սովորել ինքնուրույն ապրելակերպին՝ ձեռք են բերում կենցաղավարման անհրաժեշտ հմտություններ, ստանում են կրթություն և ինտեգրվում են իրենց հասակակիցների հետ։ 18-21 տարեկան դարձած երիտասարդներին հիմնադրամը շարունակում է ցուցաբերել աջակցություն․ հետագա ուսման, կեցության և այլ անհրաժեշտ հարցերով՝ նրանց ուղղորդելով և ապահովելով նրանց անհրաժեշտ խորհրդատվությամբ։ Այս փուլում կազմակերպությունը հոգում է նաև բոլոր անհրաժեշտ ծախսերը։ Եվ միայն սանի 21 տարեկանը լրանալուց հետո անհատական մոտեցմամբ կազմակերպությունը աստիճանաբար դադարեցնում է համալիր աջակցությունը։

«ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը պատմում է՝ ՍՕՍ Մանկական գյուղը ո՛չ մանկատուն է, ո՛չ գիշերօթիկ դպրոց, ո՛չ էլ խնամքի հաստատություն. «Մենք ընտանիք ենք, սովորական ընտանիք, և հետևաբար երեխաներին դաստիարակում, մեծացնում, խնամում ենք, ինչպես դա կանեին սովորական ընտանիքներում։ Չափահաս դառնալուց հետո էլ ՍՕՍ-ի սանը մնում է ՍՕՍ-ի սան, մենք աջակցում ենք մեր երեխաներին, միշտ նրանց կողքին ենք»։

Այս փուլերում սաներն ստանում են կրթություն, ավարտում են բուհեր, միջին մասնագիտական հաստատություններ, քոլեջներ, ապա իրենց տեղը գտնում աշխատաշուկայում։ «Ունենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ, խոհարարներ, վարսահարդարներ, դիզայներներ։ Բացառիկ դեպքերում մեր երիտասարդները փորձում են իրենց անձնական բիզնեսն ունենալ։ Միասին հաշվի ենք առնում ռիսկերը և ցուցաբերում անհրաժեշտ աջակցություն, որպեսզի ամեն ոք կարողանա զբաղվել այն գործով, որը սիրում է և ի վիճակի է իրականացնել», -պատմում է հիմնադրամի ազգային տնօրենը։

Սոցիալական որբության դեմ՝ «Ընտանիքների ամրապնդում» ծրագիր

 «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը պատմում է․ «Կոտայքի և Իջևանի Մանկական գյուղերում մոտ 140 երեխաներ են ապրում, երիտասարդական տներում՝ 60-ը, և նրանց շատ փոքր տոկոսն է, որ մեկ կամ երկու ծնողից էլ զրկված լինի։ Շատերի ծնողները սոցիալական, առողջական, իրավական, վարքային բազմաբնույթ խնդիրների պատճառով չեն կարողանում այլևս հոգալ իրենց երեխաների մասին, որի արդյունքում էլ երեխաները հայտնվում են ՍՕՍ Մանկական Գյուղի կամ էլ ինստիտուցիոնալ խնամքի ներքո։ Օրհասական դարձող այս երևույթն ունի կանխարգելիչ միջամտության կարիք, որովհետև երեխայի լավագույն տեղն իր կենսաբանական ընտանիքն է։ Այս պատճառով է, որ ՍՕՍ Մանկական Գյուղերի առաջնային նպատակն այդօրինակ ընտանիքների ամրապնդումն է, - պատմում է հիմնադրամի ազգային տնօրենն ու հավելում, - ըստ այդմ էլ ընտանիքների ամրապնդումը հանդիսանում է կազմակերպության առաջնային ծրագրային ուղղությունը և կազմակերպությունը մեծագույն քայլեր է ձեռնարկում երեխաների սոցիալական որբությունը կանխելու համար»։

Դժվար իրավիճակում հայտնված ընտանիքներին հիմնադրամը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում. առողջական խնդիրներ ունեցողներին աջակցում է առաջնային բուժօգնությամբ, անհրաժեշտության դեպքում նաև երկարատև  բուժմամբ, գործազուրկ ծնողներին աջակցում աշխատանքով, նոր մասնագիտության ուսուցմամբ, իրավական խնդիրներ ունեցողներին ուղղորդում է իրավաբանական խորհրդատվությամբ, անհրաժեշտության դեպքում սատարում է դատական ատյաններ դիմելու հարցում։

«Ընտանիքների ամրապնդում» ծրագրին մեծապես օգնում են նաև կազմակերպության կողմից հիմնված երեխաների կարճաժամկետ խնամքի կենտրոնները Կոտայքում և Իջևանում։ Օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում կազմակերպությունն իր վրա է վերցնում երեխաների խնամքը՝ միաժամանակ աջակցելով ընտանիքին լուծելու երեխաներին լքելու վտանգի պատճառները և վերացնելու ռիսկային գործոնները։

ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստանի նորագույն ծրագրերից է «Ընտանիքների ամրապնդում» շարժական ծրագիրը, որը ներառում է Տավուշի մարզի 16 գյուղական և 2 քաղաքային համայնքներում բացահայտված սոցիալական բարձր ռիսկայնություն ունեցող ընտանիքների։ Ծրագրում ներառված ընտանիքների մեծ մասը սահմանամերձ գոտում են։

Աշոտ Քոչարյանը պատմում է՝ տարեկան քսանից երեսուն երեխա Մանկական գյուղից վերադառնում է իր կենսաբանական ընտանիք։ «Դրանից լավ ցուցանիշ հիմնադրամի համար չի կարող լինել։ Ճիշտ է՝ մենք ընտանիք ենք ստեղծում երեխաների համար, սակայն ցանկացած մանուկի համար հարազատ ընտանիքն ամենացանկալի և ջերմ միջավայրն է»:

 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ