Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 11:19

ԼՐԱՀՈՍ

Տնտեսություն.քայլեր, որ անհրաժեշտ են. Բագրատ Ասատրյան

 

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ

Ինչպես վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, իսկապես պետք է աշխարհը շուռ տալ, քանդել, նոր հավաքել՝ մեր երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար: Բոլորն էլ գիտեն, անգամ իշխանությունները հաս-կացան, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսության հետ: Ոնց որ մի չարորակ ուռուցք է, որ պատել է այս տնտեսական համակարգը, ընդ որում, բոլորն էլ ախտորոշումը ճիշտ տալիս են: Հիմնական հատկանիշներն են՝ կոռուպցիան, մենաշնորհը, իշխանություն-բիզնես սերտաճումը: Հայտնի է, որ սա արդեն մետաստազներն է տվել՝ աղքատություն, սոցիալական բեւեռվածություն, այն, ինչ այսօր ենք տեսնում՝ իշխանության իմաս-տազրկում: Սրա լավ օրինակը պաշտպանության նախարարի՝ 1000 դրամ պարտադիր վճարի նախաձեռնութ-յունն է: Այսինքն, պետական կառույցները դադարել են իրենց գործառույթներն իրականացնել կամ արդյունա-վետ չեն իրականացնում, դրա համար յուրաքանչյուր ոք ինչ-որ լուծումներ է ման գալիս: Ակնհայտ է, որ շատ անհաջող լուծումներ են գտել, բայց, տվյալ դեպքում մենք այս վիճակին ենք հասել: Ի՞նչ է պետք անել: Նախ, պետք է տնտեսությունն այդ աքցաններից ձերբազատել՝ հեղաշրջում, վիրահատություն: Ուրիշ ճանապարհ չկա, որովհետեւ ինքը՝ օրգանիզմն արդեն ուժ չունի պայքարելու: Եթե 10 տարի առաջ դեռ ինչ-որ հույսեր կար՝ շուկա, շուկայական հարաբերություններ, հիմա արդեն ակնհայտ է, որ այդ ուռուցքը դարձել է այս օրգանիզմի էությունը: Չի կարող այս համակարգն առանց կոռուպցիայի աշխատել: Թելը կտրեք մի տեղ, կհամոզվեք, որ ամբողջովին կփլուզվի: Հայտնի է սրա ակունքները որտեղ են եւ որտեղից պետք է սկսել: Ասում են՝ նոր վարչա-պետ, նոր թիմ, բայց քանի դեռ ինքը չի անդրադարձել քաղաքական հատվածին՝ դատապարտված է:

Խոսում ենք կոռուպցիայի, մենաշնորհների մասին, բիզնես-իշխանություն սերտաճման մասին, սրանք նախե-ւառաջ քաղաքական էլեմենտներ են: Պետք է իշխանությունը նախ մաքրել հանցավոր, ոչ սահմանադրական կարգավորումներից, որոնցով այսօր փորձում են փոխարինել իշխանական համակարգը: Այսօր 5-րդ դասարա-նի երեխային էլ կանգնեցնես՝ կասի, որ գործարարները չեն կարող լինել օրենսդիր մարմնում՝ քաղաքակա-նության մեջ, Սահմանադրությունը դա է ասում: Եթե քաղաքական դաշտում մրցակցություն չլինի՝ այսպես կլի-նի, դա բոլորը գիտեն: Լուծումները պետք է այստեղից սկսել: Եթե դա եղավ, հնարավոր է հաջողի, իսկ այսպես հաջողության չեն հասնի: Պետք է թույլ տանք տնտեսությունը շնչի, աշխատի:

Նոր հաջորդ քայլը տնտեսական դաշտն է: Մեր ցավերից մեն այն է, որ մոռացվել է տնտեսական քաղաքակա-նությունը՝ բառը անգամ, էլ չեմ ասում բովանդակությունը: Վերջին 10 տարիներին վարչապետը, իշխանությու-նը, կառավարությունը ինչ-որ լուծումների մասին խոսում են, բայց տնտեսական քաղաքականություն, տնտե-սական միջոցառումների տրամաբանություն, այս գործիքը, թե այս միջոցը կիրառեն, դրա մասին խոսք չկա: Ինչ-որ քայլեր անում են, բայց ամբողջական ծրագիր, որ սրան հետեւողը սա պետք է լինի՝ նման բան չկա: Սա վերաբերում է տնտեսական քաղաքականության բոլոր հատվածներին:

Ֆիսկալ քաղաքականությունը՝ հարկաբյուջետայինը իրականությունից կտրված են: Մենք ինչ առանցքային պրոբլեմներ ունենք՝ սոցիալական բեւեռվածություն, աղքատություն, սա նշանակում է, որ մեր հարկային հա-մակարգի դրվածքն այնպիսին է, որ այս համակարգն է վերարտադրում: Մենք տարածաշրջանում առաջիննե-րից ենք սոցիալական բեեւեռվածություն եւ աղքատության բարձր ցուցանիշով, առաջինն ենք նաեւ նախկին ԽՍՀՄ պետությունների թվում: Սա սարսափելի վտանգավոր երեւույթ է: Սրա ակունքները նախեւառաջ փոր-ձենք գտնել Հարկային օրենսդրության մեջ: Խնդիրն այն չէ, որ հարկերը բարձր են, այլ՝ թե ում ինչպես ես հար-կում: Բոլորին հավասար սկզբունքով են հարկում, մինչդեռ հարկային բեռը պետք է լինի հարուստների վրա: Այս պարզ տրամաբանությունը չի աշխատում: Փոքր բիզնեսի համար օրենսդրությունը չի աշխատում: Մենք ու-նենք արտոնություններ, օրինակ, սահմանամերձ բնակավայրերին արտոնություն են տվել, բայց ոչ մի արդ-յունք դա չի տվել՝ 0 արդյունք: Այսինքն, անգամ օրենսդրության մեջ դրական փոփոխությունները արդյունք չեն տալիս, քանի որ ինքը՝ համակարգը պատված է: Մենք ո՞նց ենք ՓՄՁ-ները զարգացնում, եթե կան մենաշնորհ-ներ, որոնք թելադրում են պայմանները: Կան մենաշնորհներ, որոնց հասցեն հայտնի է՝ իշխանությունը: Զգալի մասը կենտրոնացված է ԱԺ-ում: Քաղաքական դաշտում գտնվողներ են, որոնք երաշխիքներ են ստեղծում՝ ի-րենց բիզնեսի գոյատեւման, իսկ դա նշանակում է, որ որեւէ մրցակցություն չպետք է լինի: Այդ մի քանի ընտա-նիքը համարում են, որ Հայաստանի տնտեսությունը իրենց սեփականությունն է, իրենք են թույլ տալիս, որ ո-րեւէ մեկը շնչի: Այդ պարագայում շատ բնական է, որ փոքր բիզնեսը ՀՆԱ-ում 4 տոկոս է, սա սարսափելի ցածր թիվ է, արդեն իշխանություններն են ասում:

Բազմաթիվ քայլեր պետք է արվեն, անում են կիսատ-պռատ: Անգամ ՌԴ-ն չի թողնում սոցիալական բեւեռվա-ծությունը խորանա՝ հաշվի առնելով, թե ինչ կոռուպցիոն երկիր է:

Խայտառակություն է մեր բյուջեի ծախսային մասը: Մեր բյուջեն լավագույն օրինակն է իշխանության կոռում-պացվածության աստիճանի: Այնպես չի, որ մենք՝ քաղաքացիներս վճարում ենք հարկեր եւ կարող ենք պահանջ դնել, թե ինչպես ծախսեն մեր գումարները: Նախ, հաշվետվողականություն չկա: Որեւէ իշխանություն երբեւէ պատասխան չի տվել իր ձախողումների համար, որեւէ տապալած ծրագրի համար: Դրա համար ծնվելու են այսպիսի լուծումներ՝ ամեն մի պետության իմաստը չհասկացած անձ էլի 1000 դրամի խնդիր է դնելու:

Մի խումբ մարդիկ, որոնք իշխանություն են զավթել, իրենք են ֆինանսավորում բյուջեն, իրե՛նք են որոշում, թե իրենց գրպան ինչքան են դնելու, ինչ հարց են լուծելու: Դրանից էլ եկել է 1000 դրամի պատմությունը, ասել են՝ լավ է, հերիք է, մեր գրպանի փո՞ղը պակասի, գնացեք ժողովրդից հավաքեք: Ֆիսկալ քաղաքականության եւ բյուջետային ծախսումների տրամաբանությունն արդեն իրականությունից դուրս է: Մի խումբ մարդիկ փակ սենյակում որոշում են՝ այսքան ինձ, այսքանը քեզ, նրանք ապուշ պետք է լինեն, եթե այդ որոշումների ժամա-նակ իրենց անձնական շահն առաջնային չհամարեն:

Դրամավարկային քաղաքականությունը քիչ թե շատ հավասարակշռված է, բայց՝ մեկուսացած: Անկախ ոլորտ է դարձել: Խնդիրներ են դնում, լուծում են, բայց տնտեսական կյանքի վրա դա չի անդրադառնում: Սա իրողութ-յուն է:

Դրանից հետո գալիս է կարեւորագույն հատվածը՝ կառուցվածքային բարեփոխումներ: Մենք շատ վաղուց կանգ ենք առել՝ որեւէ որակական քայլ չի արվում: Եթե անկեղծ լինենք, չլիներ նախորդ կառավարության կառուց-վածքային փոփոխությունները՝ չէր լինի դրան հաջորդած տնտեսական վերելքները, չէին լինի ներդրումները: Հենքը ձեւավորվեց 90-ականերին իրականացված բարեփոխումների շնորհիվ: Դաշտը ձեւավորվեց, որի պա-րագայում ինվեստիցիոն հոսքը եկավ, այլ հարց է, թե հետո ինչպես տնօրինվեց: Իհարկե, պետք է ընդունենք, որ կոռուպցիան, ժամանակակից մեխանիզմներն այդ ժամանակահատվածում ձեւավորվեցին: Բայց խնդիրն այն էր, որ երբ այն ժամանակ տարբեր աղբյուրներից հոսք կար, կոռուպցիոն ռիսկերն էական չէին հասնում: Եկավ ճգնաժամը եւ բացահայտվեց, պայթեց, եւ հիմա տեսնում ենք, որ կատարյալ չարիք է դարձել:

Հիմա առաջնային խնդիրներից է կառուցվածքային բարեփոխումները, իսկ բարեփոխումների մեջ առանցքային է կոռուպցիայի դեմ պայքարը: Կոռուպցիայի մասին պետք է ոչ թե խոսենք, այլ վճռական քայլեր պետք է անենք՝ վիրահատական: Մենաշնորհները պետք է դուրս բերվեն առնվազն քաղաքական դաշտից, իշխանության եւ բիզնեսի սերտաճումը պետք է բացառել: Չի կարող պատահի, որ կենսունակ լինի այն օրգանիզմը եւ արդյունա-վետ վերարտադրվի, եթե պատված է այսպիսի պրոբլեմներով:

Մենք դարձել ենք սպառող ազգ, մեր տնտեսության հիմքը ներմուծումն է, ոչ թե արտադրությունը: Կարող ենք ասել՝ «բանանային երկիր» ենք, մեր հայրենակիցները դրսում աշխատում են, մեզ նվերներ են ուղարկում, ապ-րում ենք: Իսկ մի խումբ մարդիկ, որոնք քաղաքական պաշտոնում իրենց տեղը հաստատուն են դարձրել, ներ-մուծում են բանան, վաճառում են այն անձանց, ովքեր նվերներ են ստանում, սա է մեր տնտեսությունը: Իհար-կե, նրանք չեն մտածում, ոչ էլ շահագրգռված են մտածելու ՀՀ տնտեսության մասին: Եթե մենք կազմալուծենք, քայլեր ձեռնարկենք իրական կառուցվածքային փոփոխությունների տեսքով, կթուլանա այս համակարգը: Ս-տիմուլ՝ շարժառիթ կառաջանա, որ տնտեսական զարգացման մեջ այլ գործառույթներ լինեն: Ոչ թե ընդերքից կհանենք ու դրսում կվաճառենք, այլ նաեւ կմտածենք վերամշակման մասին, օղակներ ձեւավորենք, որոնք շա-հագրգռված են այսպես անելու: Որեւէ մեկը Հայստանում այսօր շահագրգռված չի այսպես անելու:

Կառավարության ձեռնարկած քայլերը՝ ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ կրճատելու, դա կոսմետիկ քայլեր չեն: Եթե վար-չապետն ուզում է հաջողված լինի, իհարկե, հնչեղություն ունեցող քայլեր էլ պիտի անի, բայց առայժմ Կարեն Կարապետյանը հնչեղություն ունեցող քայլերի մասին խոսում է: Որոշ լուծումներ է տալիս, բայց դրանք շատ փոքր են, կան համակարգային խնդիրներ: Այո, միջավայրը պետք է ապահովի, հասարակության հավատը վե-րականգնի, ձեւն էլ հայտնի է՝ բերեք կարմիր գծերի՝ բյուջե փոխանցելու խնդիրը լուծեք, որովհետեւ անհեթե-թություն է: Ես հարկատու եմ, իմ հաշվին ասֆալտը կառուցվել է, եւ ինչ-որ մեկը ոչ մրցակցային, գալիս է, իշ-խանավոր է կամ մտերիմ է իշխանություներին, ինքն է վճիռը կայացնում եւ իմ՝ հարկատուիս հաշվին են բիզ-նես անում: Կներեք, բարի եղեք գոնե մի մասը տվեք: Սա տգիտության գերագույն աստիճաններից մեկն էր այս դրսեւորումը: Այսօրվա լուծումները շատ արդյունավետ չեն, բայց, ունենք այն, ինչ ունենք:

Եթե վարչապետն ուզում է հաջողել, պետք է այսօր իր քաղաքական թիմը ձեւավորի, քաղաքական հայտ դնի, ե-թե չդրեց, նա դատապարտված է: ՀՀԿ մտնելը կործանում կլինի: Կներեք, ամեն ինչ ՀՀԿ է, ճիշտ այնպես, ինչ-պես 30 տարի առաջ ամենուր կոմունիզմն էր, սա բերել էր նրան, որ տգիտությունն էր իշխող դարձել: Նորմալ մտածող մարդը չէր կարող այդտեղ լիներ, որովհետեւ իշխող բանն այնտեղ տգիտությունն էր: Հիմա էլ մենք տեսնում ենք, որ երկարատեւ իշխանության լինելն ինչ է անում, ունակ չեն, անգամ ունակ չեն մի խելամիտ նորմալ պաշտոնյա տալ: Դրսից են բերում: Հիմա մենք ավելի վատ աստիճանի ենք հասել, քան Սովետական շրջանում: Հիմա քաղաքական դաշտում այլընտրանք չձեւավորվեց, այլ քաղաքական օրակարգով հանդես ե-կողներ չեղան: Իհարկե, դատապարտված է լինելու այս նախաձեռնությունը: Բայց էլ նահանջելու տեղ չկա: 1000 դրամով կարող են փակել անցքերից մեկը, բայց այդ անցքերն այնքա՜ն շատ են:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի ներուժին, սա ինչ-որ տեղ պարտադրանք էր, եւ գուցե ելք չունեինք էլ: Բայց որեւէ եր-կիր, եթե այսպիսի վիճակի մեջ է, ուղղակի սթափ պետք է գնահատի, ոչ թե ամպագոռգոռ հայտարարություն-ներ անի, տրամադրություններ փորձի ստեղծել: Մենք գնացինք հակառակ ճանապարհով, ասացինք, թե սա մեր փրկության միակ ճանապարհն է, Հայաստանը կփրկի: Չէր կարող Հայաստանը փրկեր այն պարզ, օբյեկ-տիվ պատճառներով, որոնք կային: Նախ մենք ԵՏՄ միասնական տարածքի մաս չենք կազմում: Ես եղել եմ այդ ավտոճանապարհին, դա դժոխքի ճանապարհ է: Եթե որեւէ մեկը մտածում է, որ խեղճ հայ արտադրողը կամ փոխադրողն այդտեղով կարող է ապրանք տանել ռուսական շուկա, թող լինի այնտեղ: Իսկապես ծանր է: Եթե խնդիր դնեին մինչ անդամակցելը կամ հեռանկարում լիներ երկաթգծի բացելը կամ նույն ճանապարհի որակը բարելավելը՝ այլ հարց կլիներ: Մենք այնքան թույլ գտնվեցինք, որ չկարողացանք անգամ Ղըրղըզստանի չափ խնդիրներ դնել: Նրանք անդամակցելուց առաջ հատուկ հիմնադրամ ձեւավորեցին, որը պետք է նպաստեր ի-րենց՝ ներդաշնակ ԵՏՄ մտնելը: Մերոնք գոնե մեկ հատ ճանապարհի հարց դնեին՝ դա էլ չդրվեց: Ուրախ, տա-շի-տուշիով գնացինք մտանք: Բայց մտանք ՌԴ-ի, ԵՏՄ-ի ամենավատ օրով: Մենք ամենավատ ժամանակաշր-ջանում այդ վճիռը կայացրեցինք: 3 տարի շարունակաբար ԵՏՄ-ում լուրջ անկում է : Այս վիճակում լուրջ էա-կան դրական սպասումներ ունենալը ուղղակի անլուրջ է:

Միասնական տնտեսական տարածքից մեր հիմնական օգուտն ինչ պետք է լիներ, մենք էներգակիրներ ներմու-ծող երկիր ենք: Միասնական դաշտի կանոններով աշխատեինք, բայց այստեղ ո՞ւր է միասնական դաշտ: Ամեն անգամ, որ ասում են Հայաստանը գազը ստանում ենք 160 դոլարով եւ 10 դոլարով կէժանացնենք, սա հիմա-րություն է: Ինչո՞ւ պետք է գազը այսքան ավելի լինի, քան ՌԴ քաղաքացու համար կամ ռուսական ձեռնարկութ-յան համար: Ինչո՞ւ է Հայաստանը այսքան թանկ ստանում: Բազմաթիվ այսպիսի խնդիրներ կան, ու ես չեմ լսել, որ իշխանությունը հարցը սուր դնի: Անգամ Բելառուսը՝ Լուկաշենկոն, ինչքան էլ չցանկանանք լավ բան ասել, բայց պատերազմում է ՌԴ-ի հետ գազի հարցով, ասում է՝ ախպեր ջան, մենք միասնական տնտեսական տա-րածքում ենք, ինչո՞ւ պետք է այսքան թանկ գնենք: Խնդրեմ, թող մի հայ գործիչ այսպիսի հարց դնի՝ չեն կարող դնել, որովհետեւ նախեւառաջ մտածում են մեր գործիչները, որ ՌԴ-ն է իրենց թեւ-թիկունքը: Մտածում են ի-րենց ընտաիքի մասին:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, եկեք անկեղծ լինենք, Հայաստանը գյուղատնտեսության մեջ մեծ շանսեր չունեցող երկիր է: Մենք փոքր երկիր ենք, շատ հողատարածք էլ չունենք, որ խոսենք գյուղատնտեսութ-յան մեջ լուրջ արդյունքների մասին: Այլ բան է, որ եղած ռեսուրսները արդյունավետ պետք է ծախսվի: Հարկայի արտոնություններ շատ կան, բայց գյուղատնտեսութունը գերծանրաբեռնված է: Ես ճիշտ եմ համարում այն քայլերը, որ 90-ականներին արվեցին գյուղատնտեդության համար: Դա պետք է զարգացում ունենար: Արդեն 26 տարի է անցել, մենք այդ ուղղությամբ համարյա բան չենք արել: Կտրտված է փոքր հողակտորների: Պետութ-յունը, իշխանությունը այնպիսի մոտեցումներ պետք է բերեր, որ միավորվեին՝ կոոպերարացիա, բազմաթիվ ձեւեր կան: Հակառակ դեպքում մենք կունենանք այն, ինչ ունենք: Այն է՝ կես մլն զբաղվածներ ունենք այս ոլոր-տում, որոնք արտադրանք չեն տալիս:

Լուծումներ կան, եւ հիմքում պետք է լինեն սթափ, անկեղծ, ազնիվ գնահատականներ: Արդեն անկախության սերունդ է ձեւավորվել, կրթություն ստացել: Բազմաթիվ երիտասարդներ ունենք, որ որակյալ կրթություն են ստացել: Բերեք ստեղծենք երաշխիքներ, որ նրանք ներթափանցեն այս համակարգ, ոչ թե տգիտությունը, որն իշխում է: Ամեն անգամ տեսնում եմ, սիրտս ճաքում է: Մենք արժանի չէինք այսպիսի վերաբերմունքի: Պետք է հնարավորոթյուն տալ, որ կրթություն ստացած նորմալ երիտասարդները գան այստեղ: Քաղաքական կամք է պետք դրա համար: Պետք է բերել այնպիսի մարդկանց, որոնց համար սեփական վերարտադրությունը նշանա-կալից չի, ոչ թե մարդկանց, որոնք մտածում են ինչ-որ բան պոկել իրենց համար: Պատասխանատու մարդկանց ժամանակն է եկել: Կառավարություններ են փոխվում, ամեն մեկը գալիս է մի սիրուն ծրագիր է ասում, տապա-լում է, չի իրականացվում ու մեկը չի ասում՝ տղերք ջան, բա ո՞վ պետք է պատասխանատվություն կրի: Ասում են՝ շնորհակալություն աշխատանքի համար ու ցտեսություն, դեռ մի բան էլ շքանշան են տալիս: Լսե՛ք, չի՛ կա-րելի, Հայաստանն այնքան վատ վիճակում է, որ չի կարող անգամ այդ անել: Եթե զինվորի մասին եք մտածում շքանշանի փողն ուղարկեք այդ զինվորին, ձե՞ռ եք առնում: Մի հատ ցուցակը նայեք, քանի տոննա մետաղ են տվել եւ ինչքան միջոցներ են ներդրել:

Պետք է գան մարդիկ, որոնք կեղծ արժեքներ չունեն, որոնց համար արժեքներ են ազնվությունը, նպատակայ-նությունը, սերը առ մեր երկիրը: Հայաստանը սիրելու երկիր է, ա՛յ մարդ, ոչ թե անտարբեր, անուղեղ մարդ-կանց երկիր: Եթե սա կապահովենք, ես համոզված եմ, որ փոփոխություններ հնարավոր է:

 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ