Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:37

ԼՐԱՀՈՍ

Տնտեսություն.քայլեր, որ անհրաժեշտ են. Հրանտ Բագրատյան

ՀՀ վարչապետ 1991, 1993-96 թթ., ԱԺ պատգամավոր

Լավ է, որ կառավարությունը միջոցներ է խնայում, ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ է կրճատում, բայց դա շատ քիչ է։ Գոնե իրենց ընդունած Սահմանադրությունը հարգեն: Կառավարության ձեռնարկած փոփոխությունները լավ են, բայց դրանք խորը չեն։ Ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու համար կառավարությունն ուներ մի կետ, որը ճիշտ կետ էր, այն, որ ներդրումային սուվերեն հիմնադրամ պետք է ստեղծվի: Առայժմ միայն խոսք է, այդ մասին վեճը գնում է 15 տարի: Ժամանակին Տիգրան Սարգսյանը, անսալով մեր կոչին, պարզապես օգտվե-լով այն բանից, որ նախագահը չկարողացավ խորանալ այդ երեւույթի մեջ, ստեղծեց Համահայկական բանկ, որը ոչ մեկին պետք չէր: Ներդրումային միջավայրը բարելավելու համար բազմաթիվ քայլեր կան: Գաղափարներից մեկը՝ ներդրումային հիմնադրամը վատը չէ, բայց դա մոտավորապես 10-15 անհրաժեշտ քայլերից մեկն է:

Ակնհայտ է, որ տնտեսությունը ոտքի հանելու համար նախ պետք է բարձրացնել ներդրումները: Այս համա-կարգը, որը կա, հնարավոր չէ դա անել: Այս համակարգը խոշոր ներդրողների համար է, ինքը չի խրախուսում մանր ներդրողներին՝ դրսից ու ներսից: Երբ որ ասում ենք սփյուռքահայ ներդրող, մենք հասկանում ենք մի քա-նի դրսում գտնվող խոշոր մեծահարուստների, չենք հասկանում փոքրերի, 400 մլրդ դոլարի փող կա հայության ձեռքին, մենք գործիք չունենք, իրենք չունեն հնարավորություն, որ ասենք մի քանի հազար դոլարի ներդրում ա-րի արա:

Երկրում ներդրումներ կատարելուն չի նպաստում նաեւ հարկային քաղաքականությունը: Մեզ մոտ ամենամեծ հարկը սահմանին ԱԱՀ-ն է, որը օրենքով ֆիքսված չէ: Եթե մենք նույնիսկ օրենքը կատարենք, բիզնես ծանրա-բեռնվածությունը երկու անգամ կթեթեւանա: Այսօր ավելի կարեւոր է ոչ թե հարկերն իջեցնելը, այլ գոնե օ-րենսդրությունը կատարելը, այն օրենսդրությունը, որին դեմ էինք, գոնե դա կատարեն: Իսկ սահմանին ԱԱՀ վերցնել չի կարելի, ինչպես մենք չէինք վերցնում մեր ժամանակ: Կամ զոհված զինծառայողների հարցը մենք լուծում էինք առանց լրացուցիչ մտնելու հարկատուների գրպանը: Դրա համար փող կա եւ փողի տեղը ես ցույց եմ տվել: Չի կարելի ասել, որ բյուջեում փող չկա ու մտնել մարդկանց գրպանը. Կան ռեզերվներ։ Օրինակ, Հա-յաստանը պղինձն ու մոլիբդենը արտահանում է օֆշորներ, օֆշորներից ծախում է իրական գնով: Պղինձն ար-տահանվում է օֆշոր, ասենք, 2000 դոլար, վաճառվում է 4-5 հազար դոլար, նայած համաշխարհային գինն ինչ է: Բոլորը դա գիտեն եւ բոլորը գիտեն փողի տեղը: Կամ տարբերակներից մեկն է գույքահարկը բարձրացնելը: 1000 քմ-ից մեծ շքեղ առանձնատների համար գույքահարկը կարելի էր բարձրացնել մինչեւ 3 տոկոս: Սա արդեն կաներ 20 մլրդ փող: Գումարներ պետք է ակնկելել ԿԲ-ից՝ մինչև 30 մլրդ դրամ։ Ազգային ժողովն ինչո՞ւ պետք է 53 մեքենա ունենա, 5-6 մեքենան լրիվ բավարար է: Հանձնաժողովի նախագահները, լրատվության վարչության պետը, իրավաբանական վարչության պետը բոլորը ծառայողական մեքենա ունեն:

Ինչ էր պետք անել՝ հարկային դաշտում. Ժողովուրդը սպառում է ավելի շատ, քան արտադրում է: Առաջիկա տարիներին մենք պետք է հարկենք սպառումը եւ ուղղենք այդ միջոցները արտադրության զարգացմանը: ՀՀ-ին չեն բավարարում տնտեսական աճի տեմպերը: Այդ 2-3 տոկոս աճը ոչինչ չի տալիս, որովհետեւ ազգային հա-շիվները կարող են անկման պարագայում էլ ցույց տալ աճ: Չնայած մենք աղքատ ենք ապրում, պետք է ընդու-նենք, որ այս իրավիճակը նման էր 93-ին, երբ հոսանք չկար, բայց մենք արտադրությունը վերականգնեցինք, հո-սանք տվեցինք: Հիմա հանրապետությունը պարտքերի մեջ է թաղվել, փող չկա ներդրում անելու: Պետք է սպա-ռումից գնալ դեպի արտադրություն: Շրջանառության հարկն այդ տեանկյունից հեշտ կառավարվող, քիչ կո-ռուպցիոն ռիսկեր ստեղծող հարկ է: Հենց մենք հրաժարվենք ԱԱՀ-ից, միանգամից ստվերային տնտեսությունը, որը ՀՀ-ում գնահատվում է 44.6 տոկոս, կկրճատվի:

Ես գտնում եմ, որ անշարժ գույքի հարկ պետք է տա ինչպես քաղաքացին, այնպես էլ պետական հիմնարկը: Ե-կեղեցին պետք է հարկվի: Դա լրջագույն առաջարկ է, որին կառավարությունը մատների արանքով է նայում, ցրում է: Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ մարդը 20 մլրդ վաստակելու դեպքում պետությանը պետք է տա 20 տոկոս շա-հութահարկ, 40 մլրդի դեպքում ՝ 5 տոկոս, իսկ 50 մլրդի դեպքում՝ 2 տոկոս: Բա ո՞ւր են մնում մեր՝ փոքր բիզնեսը խրախուսելու խոստումները:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի հնարավորություններին, ԵՏՄ շուկաների համար մասամբ աշխատանք կատարել ենք, բայց միասնական շուկա չի ստեղծվել: Աշխատանքը վատ ենք կատարել, օրինակ, արտահանող մեկ՝ «Ս-պայկա»ընկերություն ունենք: Գոնե մի 10 հատ պետք է ունենայինք: ԵՏՄ-ի շուկաներ, ճիշտ է, ծիրան էլ պետք է արտահանել, բայց պետք է արտահանել ժամանակակից ծիրանի ջեմ, ընկույզի մուրաբա, պահածոներ: Խորհր-դային Հայաստանում այդ հարցը լուծված էր, կար մոտ 40 պահածոների գործարան, ճիշտ է, որակը այլ էր, բայց Մոսկվայում, ԽՍՀՄ-ում գոնե ուտում էին միայն հայկական թզի մուրաբա: Իսկ դրա համար պետք է ոչ թե նոր պահածոների գործարան կառուցել, այլ տեղերում՝ գյուղերում ստեղծել վերամշակող հզորություններ եւ գյու-ղացիներին կոոպերատիվ հիմունքներով մասնակից դարձնել այդ վերամշակող հզորություններին, որպեսզի նրանց մնա ե՛ւ ծիրանի ու թզի փողը, եւ դրանցից գոյացող ԱԱՀ-ն: Այս տեսակետից մենք անելիք շատ ունենք: ԵՏՄ շուկայում մենք չենք կարող մրցունակ լինել՝ միայն գյուղատնտեսական մթերք արտահանելով: Վերամշա-կող արտադրանք պետք է տանք: Ավանդական դեղձ, ծիրանը, այո, կարելի է, բայց մեր մրցունակությանը լրջո-րեն վնասում է տրանսպորտային ենթակառուցվածքների բարդությունը: Այս հարցը չենք լուծել: Պետությունը պետք է լուծեր՝ չի արել:

ԵՏՄ ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք Ռուսաստանը: Բայց մենք մինչեւ ԵՏՄն մտնելը Ռուսաս-տանի հետ առանց մաքսերի առեւտուր ունեինք, մենք ազատ առեւտրի գոտում էինք: ԵՏՄ մտնելով՝ մենք հույս ունեինք, որ միասնական շուկա կլինի, գազը, օրինակ, մենք կստանանք այն գնով, ինչ ՌԴ-ին է մատակարար-վում, բայց մենք ստանում ենք 3 անգամ թանկ: Մնացած առումներով ԵՏՄ-ն ոչինչ չի ավելացրել: ԵՏՄ-ն ի վերջո պայմանագիր է՝ ազատ առեւտրի գոտու մասին: Մեր միջեւ մաքսեր չկան, պարզապես, ի տարբերություն ազատ առեւտրի գոտու, երրորդ երկրների նկատմամբ մենք միասնական մաքսատուրքեր ենք սահմանում, որը մեզ կաշկանդում է:

ԵՏՄ մտնելիս ես հստակ ասում էի, որ պետք է լրջորեն աշխատել: Խոստումներ տալը հեշտ է: Եթե խոստումնե-րին նայենք, այսօր պետք է 91 տոկոս տնտեսական աճ ունենայինք: 2007 թվականից ՀՀԿ-ի խոստացած 7 տոկոս տնտեսական աճը եթե լիներ իրական, կունենայինք այդ աճը: 2013-ին ունեցանք 3.5, 2014-ին՝ 3.4 տոկոս, 2015-ին՝ 3 տոկոս, 2016-ին՝ 2.4: Ընդհանուր անում է 30 տոկոս՝ 10 տարվա ընթացքում, բայց եթե լիներ խոստացված ամեն տարի 7 տոկոս աճը, 91 պիտի լիներ: Դե թող բերեն այդ աճը:

 

 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ