Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:41

ԼՐԱՀՈՍ

Գյուղական տուրիզմ. հեռանկարային ծրագիր Հայաստանում

Յուրաքանչյուր գյուղ, համայնք և այնտեղ ապրող յուրաքանչյուր ընտանիք Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացման խթան է: Սա պետական ձևաչափով ու մակարդակով հայտարարություն չէ, այլ տասնյակ տարիների աշխատանքի արդյունք Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ մոտ 150 գյուղերում:  Թե զարգացման ինչ պոտենցիալ ունեն Հայաստանի գյուղերն ու ինչպես դրանք իրականություն դարձնել՝ շատ լավ կարելի է տեսնել <<Զարգացման սկզբունքներ>> հասարակական կազմակերպության գործունեության միջոցով, որն արդեն բավական երկար ժամանակ է գյուղական համայնքների զարգացման, ներառյալ գյուղական տուրիզմին ուղղված ծրագրեր է իրականացնում «Հեյֆեր Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ: Իսկ Հեյֆերը մեր գյուղական համայնքները մտավ նորարարական ու միմյանց լրացնող ծրագրերով, որոնք նպաստում էին հայկական գյուղերի զարգացմանը, ընտանիքների կյանքի որակի բարելավմանը, նոր ու հետաքրքիր, կրեատիվ սերնդի դաստիարակմանը: Հեյֆերի հետ համատեղ Զարգացման սկզբունքները մշակեց ու իրականացրեց աշխատանքային ռազմավարություն ու մեթոդներ, ներդրեց իր մասնագիտական ու մարդկային ռեսուրսները: <<Զարգացման սկզբունքներ>> ՀԿ-ն և Հեյֆեր Հայաստանը ոչ միայն ընդլայնեցին իրենց աշխատանքի ծավալները ՀՀ-ում, այլև միջազգային դոնորների միջոցով սկսեցին ծրագրեր իրականացնել նաև Արցախում: Ավելին, այդ բոլոր ծրագրերի իրագործողը այսուհետ դառնում է հենց Զարգացման սկզբունքները՝ որպես Հեյֆեր Հայաստանի իրավահաջորդ՝ ժառանգելով նրա առաքելությունը, ռեսուրսները: Իսկ ծրագրերն աստիճանաբար ավելի մասշտաբային ու հավակնոտ են դառնում: Գյուղն այլևս պետք չէ դիտարկել միայն որպես օգնության ձեռքի կարիք ունեցող հանրություն. ժամանակն է նաև հակառակը մտածել: Այդ նույն գյուղը իր ռեսուրսներով՝ իր մշակույթով, իր հյուրընկալությամբ, իր երգով, պարով, կոլորիտով, իր նիստուկացով, իր մարդկանցով կարող է շատ բան փոխել մեր երկրում: Եվ այսպես՝ գյուղական տուրիզմի զարգացում: Ահա այստեղ է, որ ամեն մի գյուղ ու ամեն մի տուն կարող է տուրիզմի կարևոր բաղադրիչը կազմել: Զարգացման սկզբունքները  տուրիզմի զարգացման ծրագրերի իրականացման կազմակերպման բավականին հետաքրքիր փորձ ունի, մասնավորապես՝  Գյուղական զբոսաշրջության զարգացման նախաձեռնության շրջանակներում:

Գյուղական զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունը հնարավորություն տվեց Հայաստանի 7 մարզերում բացահայտել գյուղական զբոսաշրջության նոր վայրեր: Ծրագիրը Հայաստանի զբոսաշրջային օպերատորների համար շատ լավ միջոց էր՝ մշակելու պատմամշակութային ժառանգության և բնական ռեսուրսների բացահայտման նոր ուղղություններ գյուղաբնակ վայրերում, որպեսզի դրանք ներառվեն զբոսաշրջային փաթեթներում: Ծրագրի շրջանակներում իրականացվեց մշակութային, բնական և պատմական ռեսուրսների գնահատում և մշակվեցին զբոսաշրջային նոր երթուղիներ, ինչպես նաև ստեղծվեցին այդ երթուղիները նկարագրող ուղեցույցներ, կազմակերպվեցին ճանաչողական այցեր տեղական տուր-օպերատորների համար՝ նրանց ներկայացնելու նոր երթուղիները:

Հայաստանում և տարածաշրջանում գյուղական զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով Զարգացման սկզբունքները այդ ոլորտում իր փորձառությունը կիսեց Հեյֆեր Հայաստանի հետ՝ աջակցելով  նրան սկսելու և իրականացնելու «Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում տարածաշրջանային ծրագիրը Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Թուրքիայի միջև: Ծրագրի արդյունքում մշակվեց և ստեղծվեց Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ, որը ձեռք բերելու դեպքում զբոսաշրջիկը հնարավորություն է ունենում մեկ փաթեթով այցելել տարածաշրջանի 4 երկիր՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Բուլղարիա: Փաթեթը նաև հնարավորություն է ընձեռում զբոսաշրջիկին ընտրել ծրագրի շրջանակներում մշակված պատմամշակութային, խոհանոցային, գինեգործական, գորգագործական, թռչնադիտարկման և մի շարք այլ երթուղիներից որևէ մեկը կամ մի քանիսը:

Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում ծրագիրը համաֆինանսավորվում էր Եվրոպական միության կողմից՝ Եվրոպական հարևանության և գործընկերության միջոցով: Ծրագիրը սկսվել է 2013թ. նոյեմբերին և ավարտվել 2015թ. մայիսին: Այն իրականացնում էր Հեյֆեր Հայաստանը՝ որպես առաջատար գործընկեր, Վրաստանի (Հեյֆեր Վրաստան), Թուրքիայի (Գյումուշանի ազգային կրթական վարչություն) և Բուլղարիայի (Վառնայի տնտեսական զարգացման գործակալություն) գործընկերների համագործակցությամբ:

Այս ծրագիրը կյանքի կոչվեց ակտիվացնելու համար զբոսաշրջիկների հոսքը դեպի մեր տարածաշրջան: Այն նաև ուղղված էր տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ու սոցիալական զարգացման նպատակով սևծովյան ավազանի երկրների (Հայաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Վրաստանի) միջև գործընկերության հաստատմանը: Այս ծրագրի շրջանակներում համատեղ ռեսուրսներով ստեղծվեցին գյուղական զբոսաշրջության համակարգեր՝ միասնական, նորարարական և ավանդական զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունները խթանելու համար: Իսկ ծրագրի ակնկալիքը երկարատև արդյունքներ ձեռք բերելն էր:

Այս գաղափարի հաջող իրագործումը ոգևորեց կազմակերպության թիմին՝ ավելի հիմնարար ու արդյունավետ տուրիստական ծրագիր մշակելու: Գյուղական տուրիզմի զարգացումը ոչ թե այլընտրանք է, այլ մեր երկրի տուրիզմի զարգացման ներդաշնակ ճյուղ: Այս շեշտադրումը շատ կարևոր է ամբողջ գործընթացը ճիշտ կազմակերպելու համար: Արդյունքում միանգամից երկու կարևոր խնդիր է լուծվում՝ տուրիզմի զարգացում և գյուղական համայնքների զարգացում: Իսկ թե ինչ հեռանկարներ կարող է բացել գյուղը և ինչ հետաքրքիր կոլորիտով կարող է ներկայանալ օտարերկրյա զբոսաշրջիկին՝ <<Զարգացման սկզբունքներ>>-ում շատ լավ գիտեն….

Գյուղական զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի հեռանկարային ու կենսունակ լինելու հանգամանքը շատ ոգևորիչ է Զարգացման սկզբունքների համար:  Այդ ոգևորությունն էլ ստիպում է  զբոսաշրջության զարգացմանն ուղղված հետագա  ծրագրեր մշակելուն, քանի որ կազմակերպությունը մեծապես կարևորում է Հայաստանի պոտենցիալը՝ զարգացնելու տնտեսության այդ ճյուղը:

 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ