Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:40

ԼՐԱՀՈՍ

Հայ-ռուսական հարաբերություններ. Կեղծ և իրական. Ավանդույթներ, ակնկալիքներ. Լևոն Շիրինյան

Ռուսաստանին ասում են՝ հյուսիսի արջ: Նապոլեոնի դեմ կռիվներում, երկու համաշխարհային պատերազմներում անպարտելի մնացած «հյուսիսի արջը» զբաղեցնում է երկիր մոլորակի ցամաքային մակերեսի ավելի քան 12 տոկոսը: Այս հսկայական պետության հետ հայ ժողովրդի հույսն ու հավատը կապվել է 18-րդ դարից:

Պատմական տեսանկյունից ոմանք Ռուսաստանին համարում են հայ ժողովրդի մեծ եղբայրը, ոմանք՝ ոխերիմ դաշնակիցը: Մի մասը ռուսական կայսրությանը մեծարում է հայության փրկիչը լինելու համար, մի մասը մեղադրում է հայության մատնիչը լինելու համար:

Մեր օրերում էլ չեն դադարել Ռուսաստանի դերի ու նշանակության մասին հայկական ընկալումները: Մի մասը մեր պետության զարգացման մեծ խոչընդոտներից մեկը համարում է ռուսական գործոնը, մի մասն էլ այդ գործոնի մեջ է տեսնում մեր ապագան: Մի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների անցյալն ու ներկան, բնույթն ու բովանդակությունը, ահա սա է «Երևակ»-ի զրուցակիցների թեման:

 

քաղաքագետ

Պարսկական, օսմանյան իրականության տնտեսական, սոցիալական և մշակութային ֆոնի վրա Արևելյան Հայաստանի թեկուզև բռնազավթումը ցարական Ռուսաստանի կողմից պիտի համարել դրական քայլ: Այդ իմաստով Էնգելսի հայտնի խոսքը կա. «Ռուսաստանը հետամնաց է, բայց արևելքի ժողովուրդների համար խաղում է առաջավոր հեղափոխականի դեր»: Ռուսական տիրապետության արդյունքում մինչև առաջին աշխարհամարտը մենք արդեն Անդրկովկասում ունեինք ամենախոշոր և կազմակերպված բուրժուազիան՝ հարուստ դասակարգը: Մեր միլիոնատերերը կովկասցի հայերն էին հիմնականում: Իսկ ահա վրացիները մնացին ազնվականության, այսինքն ֆեոդալիզմի մեջ: Հայերի դերը Ռուսաստանի պատմության մեջ բացառիկ է տնտեսության, կապիտալիզմի զարգացման մեջ: Կանտը՝ գերմանացի հայտնի փիլիսոփան, նկատել էր, որ առանց հայերի առևտուրը չի ծաղկի: Օրինակ՝ հայտնի է, որ Աստրախանի մարզը կապիտալիզմի զարգացման համար պարտական է հայ վաճառականներին: Հայերի դերը նշանակալի է եղել նաև Ռուսաստանի քաղաքական զարգացման մեջ: Ռուսաստանը սահմանադրություն ստացել է Լորիս Մելիքովի ձեռքից: Այն նույն հայ գեներալ Մելիքովի, որը ազատագրեց Կարսը: Հենց նա Ռուսաստանը հանեց այն ժամանակվա ճգնաժամից և դրեց եվրոպական ուղու վրա:

Բայց Ռուսաստանը նաև ուներ ձուլման քաղաքականություն: Մեր ակնկալիքը, թե ռուսական կայսրության միջոցով կվերականգնենք Հայաստանը, նրանց կողմից ոչ միանշանակ ընդունվեց: Ցարիզմը գնաց հայկական մշակութային տարրի ոչնչացման ուղիով, քանի որ հայության տնտեսական վերելքը մշակութայինի էր վերածվում և ազգային ինքնագիտակցության զարթոնքի վտանգ կար:

Ռուսական մի դրվագ կա, որը հայ պատմագրությունը լավ չի ուսումնասիրել և լավ չի հասկացել: Ռուսը միշտ կարծել է, որ հայերի տնտեսական, մշակութային, ազգային, քաղաքական զարգացման ճանապարհը կարելի է փակել թուրքերի միջոցով: Մեզ թվում էր, թե որպես քրիստոնյա պետություն Ռուսաստանը մեզ պիտի հովանավորեր, բայց նա անընդհատ հովանավորում էր թաթարական խաներին: Պատահական չէ, որ հողատերերը ցարի ժամանակ մնացին թաթարները: Նույնը նկատվեց նաև խորհրդային տարիներին. Ադրբեջանին դարձրել էին մահակ Հայաստանի գլխին՝ հայ ժողովրդի զարգացումը և անկախության ձգտումը թույլ չտալու համար: Ռուսաստանը երբեք ըստ էության իրական քրիստոնեական պետություն չի եղել, նրա տակը թուրք-թաթարական, մահմեդական շերտ կա: Կարամզինի խոսքն ասեմ. «Քերիր ռուսին, տակից դուրս կգա թաթարը»: Սա պիտի միշտ նկատի ունենալ: Մինչդեռ մենք հաշվի չենք առնում, որ այդ պետության հիմնասյուներից մեկը մահմեդական բնակչությունն է՝ թյուրքական, թաթարական շերտով:

Միֆ կա, թե ռուսները թուրքերի ոխերիմ թշնամին են: Նման բան չկա: Երկու անգամ Թուրքիան գործնականում կանգնել է բացարձակ ոչնչացման եզրին, մեկ 1830-32թթ., մեկ 1918-20թթ., ու երկու անգամն էլ Ռուսաստանն է նրան փրկել ստույգ կործանումից: Եթե ուշադիր նայեք Հայկական հարցի էվոլուցիան, ապա կտեսնեք, որ Ռուսաստանն ընդունել է նպաստավոր որոշումներ հայ ժողովրդի համար, բայց գործնականում վարվել է հօգուտ թուրքերի: Ինչո՞ւ. գրպանից հանել է Հայկական հարցը, վախեցրել, գործարքի գնացել և դրա հաշվին զիջումներ ստացել: Բացի Սան-Ստեֆանոյից, ուրիշ ոչ մի անգամ Ռուսաստանը չի կատարել փաստաթղթով հայ ժողովրդին տված իր խոստումները:

Սասունի ջարդերի ժամանակ բրիտանացիներն ասել էին, թե անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Սասունի լեռները: Ու այս խոսքը որոշ պատմաբաններ գիշեր-ցերեկ կրկնում են: Իսկ ես հիշեցնում եմ՝ ռուսական կազակական զորքերը եկան, հասան Սասուն, բայց դրանից հայերը ի՞նչ ստացան: Անգլիացին գոնե ազնիվ է, ասում է՝ իմ նավը քո լեռ չի բարձրանա, իմ վրա հույս մի դիր:

Ժամանակին մի տգետ արտահայտություն շրջանառության մեջ դրվեց` «ռուսները մեր մեծ եղբայրն են»: Այդպես չէ, նրանք մեր խոշոր եղբայրն են, մեծ եղբայրը մենք ենք: Որովհետև ժողովուրդը գնահատվում է իր պատմական ժառանգորդումով և մշակութային արժեքներով: Եթե տեսնեք հայկական քաղաքակրության դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ, կհասկանաք, թե սովետական դասագրքերում հայ պատմաբանների ու մշակութաբանների ձեռքով ինչքան ենք մենք նսեմացրել մեզ: Այլապես ձեզ համար տարօրինակ չէ՞, որ Հայաստանի կոնսերվատորիայում, որտեղ պիտի մշակվեր, զարգանար հայկական ազգային երաժշտությունը, հայերեն խոսող դասախոս չկար սովետական տարիներին: Մենք պիտի հասկանանք մի բան, որ եվրոպաստեղծ ժողովուրդ ենք: Այսօրվա Եվրոպան իր մշակութային և քաղաքակրթական պատվանդանի վրա ստեղծվել է առաջինը հույների կողմից, ապա՝ հռոմեացիների ու հայերի: Այս մասին ասում է նաև Ադոնցը: Հռոմեական կայսրերը, -գրում է նա,- Տիգրան Մեծի մոտ գաճաճ են: Բայց ինչո՞ւ է Եվրոպան նրան անտեսում, որովհետև եթե նրա մեծությունը բարձրացնեն, ապա իրենք մշակութային ու քաղաքակրթական առումով կդառնան գաճաճ: Դրա համար էլ նսեմացնում են»:

Պիտի իմանալ, որ մեր աշխարհագրությունը Ռուսաստանի համար ունի բացառիկ նշանակություն, այս 30 հազար քկմ-ը և գումարած Արցախի ազատագրված տարածքը:

Նրա համար բացառիկ է նաև մեր պատմությունը, քանի որ երբ նեղն է ընկնում, մեր պատմական փաստերն օգտագործում է իր աշխարհակալական ձգտումների մեջ: Զորօրինակ ցեղասպանության 100-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդում Պուտինի հայտարարությունը: Նա չէր եկել մեզ ցավակցելու, նա եկել էր Էրդողանի վրա մատ թափ տալու, որ գիտես դու ցեղասպան ես, վաղը եթե հարց ունեցա, դու պիտի սա հաշվի առնես:

Ի՞նչ պիտի անենք մենք: Պիտի ուղղակի պետություն դառնանք: Իմ ընկալումն այսպիսին է, մահվան ու կյանքի հարց է, հայությունը առանց պետության ավելի լավ է չլինի աշխարհի երեսին, այլապես կդառնա կերակուր աշխարհի համար: Մարտահրավերներն այսպիսին են՝ թուրքական խնդիրը մեզ պարտադրում է համակեցության որոշակի կարգ ու կանոն գտնել Ռուսաստանի հետ: Օրինակ՝ Ուկրաինան եթե ռուսական գործոնը հաշվի չառավ, չեմ կարծում թե առանձնապես երջանկացել է: Մենք՝ առավել ևս: Սա նշանակում է, որ հայ և ռուս ժողովուրդների փոխհարաբերությունը պիտի վերածել Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների, ինչի հիմքերը արդեն կան: Դա նշանակում է անկախության երկրորդ փուլ՝ ապագաղութացում, որի մասին ասում էին «Սասնա ծռերի» տղաները:

Արդյունաբերությամբ, գիտությամբ ու մշակույթով զարգացած երկիր պիտի ստեղծենք ու այդ դիրքերից խոսենք ռուսների հետ: Ասենք, որ դուք մեզ հետ ունեցած ձեր բոլոր պայմանավորվածությունները խախտել եք, թուղթը տվել եք մեզ, հողը՝ թուրքին: Թուրքահայաստանի մասին դեկրետն այդպիսին է, թուղթը մենք ստացանք, Արևմտյան Հայաստանը՝ թուրքերը: Այսօրվա Ռուսաստանի հետ մենք ունենք ելակետային մի փաստաթուղթ, ուրիշ բան չունենք: Դա 1920թ. դեկտեմբերի 2-ի Երևանի պայմանագիրն է՝ կնքված Հայաստանի ու Ռուսաստանի միջև: Այդ պայմանգրով բոլշևիկյան Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախ գոյության իրավունքը, պարտավորվում էր պաշտպանել Արևելյան Հայաստանի այն սահմանները, որ կային մեր պետության ձեռքի տակ: Հիմա մեր գիտությունների ակադեմիան, արտգործնախարարությունը, բոլորս պիտի աշխատենք այս ուղղությամբ՝ ասելով, որ մենք վերադառնում ենք մեր միջև եղած ելակետային փաստաթղթին միջազգային իրավունքի իմաստով: Դժվար աշխատանք է, անշուշտ, բայց մենք պիտի պետական հարաբերությամբ այդ միջազգայինը բերենք մեջտեղ ու ռուսներին ասենք՝ դուք պիտի հարգեք մեր իրավունքները: Դուք Ադրբեջանին չպիտի հովանավորեք՝ լինելով մեր բարեկամը:

Հիմա ՌԴ-ն սանկցիաների մեջ է, հայ ժողովուրդն ունի հսկայական սփյուռք, իր տնտեսական պոտենցիալով, համաշխարհային քաղաքական կապերով, լոբբիստական ուժերով և այլն: Այդ ամենը կարելի է օգտագործել ռուսների բարյացակամությունը ստանալու համար, կարելի է չէ՞ նաև իրենց ծառայեցնել դա: Այդ դեպքում Հայաստանը տնտեսական իմաստով Ռուսաստանի համար կդառնա կապող օղակ Մերձավոր ու Միջին արևելքում:

Ապրիլյան ագրեսիան հրահրել էր Կրեմլը: Ես ասում եմ՝ մենք ապրիլին ջախջախեցինք Ռուսաստանի ադրբեջանական բանակը: Եթե հակառակորդը հաջողություն ունենար, Ստեփանակերտ էր մտնելու: Գորիսը լինելու էր հաջորդ թիրախը, այդ ժամանակ ռուսը կգար Գորիս ու իբր կփրկեր մեզ: Գուցե փրկեին, գուցե չէ, կարող է գործարքի գնային, որպես օրինակ եմ ասում: Երբեմն նսեմացնում են և ասում, թե ապրիլին տեղի ունեցածը պատերազմ չէր: Ոչ, դա դաժան քառօրյա պատերազմ էր, ովքեր ասում են, թե դա պատերազմ չէր, ուրեմն նրանք ռուսական ծառայության մեջ են կամ ռուսական պետական շահերն են պաշտպանում:

Հայաստանի զարգացմանը խանգարում է այստեղի մաֆիոզ կլանը ու «շառը» գցում Ռուսաստանի վրա: Երբ ասում են, թե Ռուսաստանն է խոչընդոտում Հայաստանի զարգացմանը, ես հարց եմ տալիս, իսկ դուք փորձո՞ւմ եք զարգացնել Հայաստանը, փորձո՞ւմ եք արդյունաբերությունը վերականգնել: Թուրքերն էլ չեն ուզում, որ ապրենք, հիմա ի՞նչ, մեռնե՞նք: Մեր խնդիրն այն է, որ կարողանանք Ռուսաստանի հետ բալանսավորել մեր պետական քաղաքականությունը, ոչ թե պահպանել ճորտի հոգեբանությունը: Հիմա մեր հարաբերությունները դաշնակցային չեն, ճորտի հարաբերություններ են: Զորահանդեսին զենք են ցույց տալիս, բայց Եռաբլուրում վերնախավ կոչվածը ռուսերեն է խոսում, բա դա ճորտություն չի՞: Սասնա ծռերի ապստամբությունը և սարի թաղի ընդվզումը տվել են անկախ պետություն ունենալու շանս: Պետք է հավասարակշռենք մեր պետական փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ: Հայ-ռուսական դարավոր բարեկամություն և այլն, չկա այդպիսի բան: Նախ մենք դարերով իրենցից շատ մեծ ենք, երկրորդ՝ այդ բարեկամությունը ժողովրդի մեջ է ընդամենը: Դե հիմա ժողովուրդը պարսիկների հետ էլ է բարեկամություն արել, հետո ինչ: Այսինք պետք է այդ խոսակցությունները դադարեցնել ու ռեալ գնալ պետական հարաբերությունների, չմնալ ենթակայի հոգեբանության ու հարաբերության մեջ:

 

Մխիթար Նազարյան

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ