Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 11:15

ԼՐԱՀՈՍ

Հայ-ռուսական հարաբերություններ. Կեղծ և իրական. Ավանդույթներ, ակնկալիքներ. Արամ Սաֆարյան

Ռուսաստանին ասում են՝ հյուսիսի արջ: Նապոլեոնի դեմ կռիվներում, երկու համաշխարհային պատերազմներում անպարտելի մնացած «հյուսիսի արջը» զբաղեցնում է երկիր մոլորակի ցամաքային մակերեսի ավելի քան 12 տոկոսը: Այս հսկայական պետության հետ հայ ժողովրդի հույսն ու հավատը կապվել է 18-րդ դարից:

Պատմական տեսանկյունից ոմանք Ռուսաստանին համարում են հայ ժողովրդի մեծ եղբայրը, ոմանք՝ ոխերիմ դաշնակիցը: Մի մասը ռուսական կայսրությանը մեծարում է հայության փրկիչը լինելու համար, մի մասը մեղադրում է հայության մատնիչը լինելու համար:

Մեր օրերում էլ չեն դադարել Ռուսաստանի դերի ու նշանակության մասին հայկական ընկալումները: Մի մասը մեր պետության զարգացման մեծ խոչընդոտներից մեկը համարում է ռուսական գործոնը, մի մասն էլ այդ գործոնի մեջ է տեսնում մեր ապագան: Մի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների անցյալն ու ներկան, բնույթն ու բովանդակությունը, ահա սա է «Երևակ»-ի զրուցակիցների թեման:

 

քաղաքական գործիչ

Հայ-ռուսական փոխհարաբերությունը շատ մեծ պատմական անցյալ և հսկայական ավանդույթներ ունեցող ոլորտ է: Այդ հարաբերությունների բազմաթիվ վառ դրսևորումներ եղել են սկսած դեռևս 11-րդ դարից: Օրինակ՝ Վլադիմիրի Սբ Սոֆիայի տաճարում զարդանախշերով հայերեն տառերի առկայությունը վկայությունն է այն բանի, որ ռուսական այդ եզակի սրբավայրը կառուցվել է նաև հայ վարպետների մասնակցությամբ: Կամ Վասիլի Բլաժենու տաճարը Մոսկվայի Կարմիր հրապարակում. նրա ամենափոքր գավիթը Գրիգոր Լուսավորչի գավիթն է: Իվան Գրոզնին այդ գավիթը հատուկ կառուցել է որպես երախտագիտության նշան հայերին, Կազան քաղաքի գրավման ժամանակ հայերի ցուցաբերած բացառիկ աջակցության համար:

Պետրոս Մեծի կառավարման շրջանում, Իսրայել Օրու հետ նրա պատմական հանդիպումից հետո հայ-ռուսակական հարաբերությունները բոլորովին նոր որակ ձեռք բերեցին: Ցարն ասում էր, որ չեն կարող հասնել Հայաստան ու օգնել հայերին, բայց փոխարենը կարող են նրանց բերել Ռուսաստան ու բացառիկ հնարավորություններ տալով նպաստել, որ հայերը աշխատեն, հզորանան, հարստանան: Եվ այդպիսի հրովարտակ ստորագրեց, որով սկսվեց հայերի կազմակերպված տեղափոխությունը Ռուսաստան:

Հայ-ռուսական հարաբերությունները 19-րդ դարում ավելի զարգացան, քանի որ Արևելահայաստանը մտավ ռուսական կայսրության կազմի մեջ: Հիշենք, որ ռուսական կայսրությունը 4 անգամ գրավել է նաև Արևմտյան Հայաստանը ու այդ 4 անգամն էլ միջազգային դիվանագիտության ճնշման տակ ստիպված է եղել վերադարձնել Օսմանյան կայսրությանը՝ ահավոր խնդիրներ ստեղծելով արևմտահայերի համար: 19-րդ դարում ու 20-րդ դարի սկզբին հայերը ունեցել են ռուսական կողմնորոշում: Հավատ ունեին, որ Արևմտյան Հայաստանը նույնպես ազատագրվելու է ռուսական գահի օգնությամբ և միանալու է Արևելյան Հայաստանին: Դա իրականությանը շատ մոտ էր մինչև այն պահը, երբ բոլշևիկները հեղափոխություն արեցին Ռուսաստանում, և Լենինը ստորագրեց Արևմտահայաստանի մասին հայտնի դեկրետը:

Հայ և ռուս հասարակությունների շփումներում կան մի շարք ձևավորված ավանդույթներ և նույնիսկ կարծրատիպեր: Կարծրատիպերից մեկն այն է, որ օրինակ հայերն ու ռուսները առաջին հերթին պիտի բանակցեն «քեֆի սեղանների» շուրջ: Այն դիվանագիտությունը, որ այսօր ՀՀ-ն վարում է աշխարհի շատ այլ երկրների հետ, ուղղակի չի գործում Ռուսաստանի պարագայում, որովհետև մեր հարաբերություններն իրենց մեջ հսկայական էմոցիոնալ լիցք են պարունակում: Սա և լավ է, և՝ վատ, բայց դա է իրողությունը: Անկախության հռչակումից հետո համարում եմ, որ մեր հարաբերություններն ընթանում են հնարավոր միակ ճիշտ ուղիով՝ սերտ համագործակցության, ռազմաքաղաքական դաշինքի և ռազմավարական գործընկերության ճանապարհով: ՌԴ-ն իր հզորությամբ, Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում ունեցած իր հետաքրքրվածությամբ որոշակիորեն երաշխավոր է նաև մեր ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը: Բացի այդ էլ ունենք ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր:

Մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ին գալիս է ամբողջացնելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության պատկերը: Դա շատ պարարտ է հող ստեղծում, որ մենք կարողանանք ամենաանկեղծ դիրքերից ռուսների հետ քննարկել ամենաբարդ հարցերը, որոնք հաճախ ծագել և ծագում են: Մեր երկրները համագործակցում են ամենաբարձր մակարդակով, տարեկան մի քանի անգամ հանդիպում են մեր նախագահները, վարչապետները: Ի տարբերություն շատ այլ երկրների հետ հարաբերությունների, որոնց հետ օրինակ պարտադիր է արտգործնախարարությունների շփումը, դեսպանատների, հյուպատոսարանների ներգրավումը, հայ-ռուսական հարաբերություններն այնքան խորն են և բազմակողմանի, որ ամեն հիմնարկ իր գործընկեր հիմնարկի հետ ուղիղ շփվում է, ամեն նախարարություն իր գործընկեր գերատեսչության հետ ուղիղ շփվում է: Նույնը նաև հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների դեպքում:

Անշուշտ, մենք անկախ երկիր ենք ու շահագրիգիռ ենք, որ մեր հարաբերությունները գնահատվեն որպես հավասարը հավասարի հետ հարաբերություններ, 21-րդ դարին հարիր միջպետական հարաբերություններ: Մենք նախանձախնդիր ենք, որ բացի էմոցիոնալ լիցքից, բացի դարավոր բարեկամության մասին հումանիտար խոսակցություններից, Հայաստանը այժմեական օգուտ և շահ ունենա այդ երկկողմ հարաբերությունների զարգացումից: Փառք Աստծո, առ այս պահը արձանագրում եմ, որ ՀՀ-ն ունի շատ մեծ օգուտներ այդ համագործակցությունից, որոնք հուսադրում են, որ նոր հարթակներում, որպիսին է ԵԱՏՄ-ն, ՀՀ-ն նույնպես հետամուտ է լինելու իր զարգացման համար անհրաժեշտ նոր օգուտների ձեռքբերմանը:

Ճիշտ է, ՀՀ-ն մի քանի տարի բանակցում էր եվրոպական ասոցացման համար, բայց Մաքսային միություն, ապա նաև ԵԱՏՄ մեր մուտք գործելը բանական այլընտրանք չունեցող որոշում էր: Հարցն այստեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցանկությունը կամ պայծառատեսությունը չէ, սա մեր երկկողմ հարաբերությունների կարևորության գնահատման ամբողջ խորությունն է: Ես դրանով զբաղվում եմ արդեն 4 տարի, համարում եմ ինձ շատ շահագրգռված կողմ այդ քննարկումների մեջ և վստահ ասում եմ՝ լավ աշխատանքի դեպքում ՀՀ-ն կարող է ակնկալել իր զարգամցան համար անհրաժեշտ լրացուցիչ օգուտներ ու հնարավորություններ, որոնք մեզ կտա ԵԱՏՄ ինտեգրման գործընթացը:

Մենք եվրոպական ասոցացիայից ի՞նչ ենք ակնկալում: Պարզ լեզվով ասենք. ակնկալում ենք հետևյալը, որ Հայաստանի քաղաքական, հասարակական, իրավական և տնտեսական ենթակառուցվածքները համապատասխանեն եվրոպական չափորոշիչներին: Բարեփոխումների արդյունքում դառնանք եվրոպական տիպի սովորական երկիր: Սա է մեր տեսլականը: Մենք չենք ասում գանք դառնանք Եվրամիության անդամ: Ուրեմն մենք պիտի շարունակենք բարեկամություն անել Եվրոպայի հետ, փորձենք անընդհատ վստահության, հարգանքի և փոխադարձ շահի վրա կառուցված հարաբերություններ զարգացնել: Բայց դա անենք այնպես, որ չխանգարի ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հանդեպ ունեցած մեր սկզբունքային պարտավորություններին: Չմոռանանք, որ ՀԱՊԿ-ի հետ ենք կապում տարածաշրջանում մեր անվտանգ գոյության երաշխքիք հարցը: Սրանք դատարկ խոսքեր չեն, ովքեր տեսան զորահանդեսի ժամանակ մեր սպառազինության մակարդակը, գիտեն որ մատաղացու գառի նման չենք արձագանքելու մեր անվտանգությանն ուղղված սպառնալիքներին:

Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենքի վաճառքը իսկապես լուրջ հարց է, որը ես բարձրացրել եմ իմ ռուս զրուցակիցների առաջ: Ռուսական պատասխանը մեկն է. զենքի վաճառքը ՌԴ-ի համար կարևոր բիզնես է: Ասում են՝ ձեզ ի՞նչ է պետք, կտանք: Հիմնավորում են, թե մեզ մի կտրեք Ադրբեջանից: Եթե ՀՀ-ն ռազմավարական դաշնակից է, ապա Ադրբեջանը ռազմավարական գործընկեր է: Ու Ռուսաստանը չի ցանկանում հրաժարվել այդ գործընկերությունից, քանի որ դա իր ազդեցության գոտու մի կարևոր մասն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ի դեպ, ՌԴ-ի եկամտաբեր բիզնեսի առաջին քառյակում են նավթը, գազը, սպառազինությունը և ցորենը: Մենք, որպես պետություն, իհարկե իրավունք ունենք անհանգստանալ մեր անվտանգության երաշխիքն ապահովելու հարցով: Մենք պիտի անընդհատ զենք գնենք և կատարելագործենք մեր բանակը: Բայց նաև պիտի բանակցենք, որովհետև այն սպառազինությունը, որ այսօր ունեն Հայաստանը և Ադրբեջանը, եթե գործի դրվի, ապա Հարավային Կովկասը ամբողջությամբ կվերածվի անապատի, իսկական դժոխքի: Դրա համար, զինվելով հանդերձ, մենք պիտի պատրաստ լինենք բանակցությունների:

Ես կարծում եմ մեզ համար մահացու սպառնալիք է Արևմուտքի և ՌԴ-ի ներկայիս քաղաքակրթական բախումը, արգելամիջոցների փոխադարձ պատերազմը: Աստված չանի, եթե հանկարծ որոշեն Հայաստանը թատերաբեմ դարձնել արևմտամետ և ռուսամետ ուժերի բախման համար, եթե Հայաստանում հանկարծ գտնվեն ինչ-ինչ անպատասխանմատու ուժեր, որոնք կփորձեն ինչ-ինչ դիվիդենտներ ստանալու համար Հայաստանը դարձնել նմանատիպ թատերաբեմ, իմացեք, դա կլինի մեր փոքրիկ պետության վերջը, մեր քաղաքական մտքի պատմության ամենադաժան բախումը բյուզանդապարսկական ժամանակներից հետո: Մենք կարող ենք ծաղկել, գոյատևել այն դեպքում, երբ Հայաստանը հանդես գա որպես ՌԴ-ի վստահելի դաշնակից, իսկ Արևմուտքի համար փնտրված գործընկեր: Ահա նվազագույնը այս մոդելի շրջանակներում:

Մխիթար Նազարյան

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

 


 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ