Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 11:18

ԼՐԱՀՈՍ

Հայ-ռուսական հարաբերություններ. Կեղծ և իրական. Ավանդույթներ, ակնկալիքներ. Արա Պապյան

Ռուսաստանին ասում են՝ հյուսիսի արջ: Նապոլեոնի դեմ կռիվներում, երկու համաշխարհային պատերազմներում անպարտելի մնացած «հյուսիսի արջը» զբաղեցնում է երկիր մոլորակի ցամաքային մակերեսի ավելի քան 12 տոկոսը: Այս հսկայական պետության հետ հայ ժողովրդի հույսն ու հավատը կապվել է 18-րդ դարից:

Պատմական տեսանկյունից ոմանք Ռուսաստանին համարում են հայ ժողովրդի մեծ եղբայրը, ոմանք՝ ոխերիմ դաշնակիցը: Մի մասը ռուսական կայսրությանը մեծարում է հայության փրկիչը լինելու համար, մի մասը մեղադրում է հայության մատնիչը լինելու համար:

Մեր օրերում էլ չեն դադարել Ռուսաստանի դերի ու նշանակության մասին հայկական ընկալումները: Մի մասը մեր պետության զարգացման մեծ խոչընդոտներից մեկը համարում է ռուսական գործոնը, մի մասն էլ այդ գործոնի մեջ է տեսնում մեր ապագան: Մի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների անցյալն ու ներկան, բնույթն ու բովանդակությունը, ահա սա է «Երևակ»-ի զրուցակիցների թեման:

 

 

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար

 

Պատմականորեն հայերը ռուսներին դիտել են որպես խաչակիր եղբայրներ: Կրոնական դիվանագիտությունը եղել է հիմնական շարժիչ ուժը: Երկար դեգերումներից հետո, երբ հնարավոր չեղավ Եվրոպայում որևէ մեկին շահագրգռել Հարավային Կովկասի կամ Միջին Արևելքի հայությունով, հայերն իրենց հայացքն ուղղեցին դեպի Ռուսաստան: Վերջինս Հարավային Կովկասում հայտնվեց 19-րդ դարում, ու հայերը ամեն աջակցություն սկսեցին ցուցաբերել ռուսներին: Հայկական տարրը Ռուսաստանում միշտ կենսունակ և աշխատունակ է եղել: Հայերը տնտեսական մեծ օգուտներ են տվել այդ երկրին. եղել են առաջին առևտրականները, բժիշկները, արհեստավորները և այլն: Հիմա էլ երբ Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիները տարեկան 1մլրդ դոլար են ուղարկում Հայաստան, դա Ռուսաստանի օգնությունը չպետք է համարել: Պիտի հաշվի առնել, որ եթե մեր հայրենակիցները 1 մլրդ դոլար Հայաստան են փոխանցում, ապա 10 մլրդ դոլար էլ վճարում են ռուսական բյուջե, կամ կաշառքի ձևով տալիս ռուս չինովնիկներին, զանազան վճարումների ձևով հարստացնում Ռուսաստանին: Պատահական չէ, որ գերտերությունները միշտ ձգտել են այլ ժողովուրդներ բերել իրենց տարածքներ: Օրինակ՝ Շահ Աբասը երբ հայերին բռնի տեղահանում էր և տանում Պարսկաստան, դա չէր անում ատելությունից, դա անում էր, որովհետև օգուտ էր տեսնում դրա մեջ. աշխատող ուժին տանել և հարստացնել իր երկիրը: Ահա թե ինչու Նախիջևանից, Երևանից բռնագաղթեցրեց Սպահան:

Այսօր, երբ Միացյալ Նահանգներ կամ Կանադան խրախուսում են ներգաղթը, դա ոչ թե մարդասիրական նպատակ է հետապնդում, այլ զուտ տնտեսական հաշվարկ: Օրինակ՝ Կանադան եթե տարեկան հազարավոր ներգաղթյալ չունենա, չի կարող ապահովել իր տնտեսական աճը, որովհետև աշխատուժի կարիք ունի, բնակչությունը ծերանում է, նորերը պիտի գան: Հիմա նույնն էլ Ռուսաստանն է: Ուղղակի տարբերությունն այն է, որ Ռուսաստանում շատ ավելի ուժեղ է քսենոֆոբիան՝ այլատյացությունը: Բազմաթիվ վկայություններ ունենք, որ Ռուսաստանում մարդուն սպանում են իր ազգության համար, իսկ դա ռասիզմի դրսևորում է: Դա խոսում է պետության քաղաքականության մասին, որովհետև վստահ եմ՝ եթե Ռուսաստանը իրապես ցանկանար, ապա կկարողանար զսպել իր ծայրահեղականներին:

Պատմականորեն հայերը միշտ հանդես են եկել Ռուսաստանի օգտին, միշտ կռվել են ռուսների կողքին, լինեն դրանք 19-րդ դարի 2 ռուս-պարսկական պատերազմները, թե 4 ռուս-թուրքական պատերազմները: Հայաստանի առաջին հանրապետությունը իր գոյության ողջ ընթացքում թուրքերի դեմ մղել է երկու պատերազմ 1918 և 1920 թվականներին: Առաջինի ժամանակ ռուսները չեզոք են եղել, մեզ միայնակ են թողել ու չեն օգնել, իսկ երկրորդի ժամանակ ըստ էության մեր դեմ են կռվել, քանի որ զենք են մատակարարել քեմալականներին, տրամադրել ռազմական խորհրդականներ և այլն:

Իսկ մեր պետության երրորդ պատերազմի ժամանակ, որը եղավ Արցախի համար, Ռուսաստանը կամ չեզոք է եղել, կամ զինամթերքով ու զինվորական մասնագետներով ավելի շատ աջակցել մեր հակառակորդ Ադրբեջանին: Սրանք հստակ փաստեր են: Պիտի ազատվել այն միֆից, թե ղարաբաղյան պատերազմի ժամանակ ռուսները մեզ սատար են կանգնել: Թվերով փաստենք: Խորհրդային 4-րդ բանակը, որը գտնվում էր Ադրբեջանում, հարձակողական բանակ էր, պիտի ֆլանգային հարձակում գործեր Թուրքիայի վրա: Ուներ մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Իսկ սովետական 7-րդ բանակը, որը Հայաստանում էր, պաշտպանական բնույթի էր: Վրաստանում եղած 31-րդ կորպուսը դարձյալ հարձակողական էր: Այսինքն մեզ մոտ օբյեկտիվորեն միշտ քիչ է եղել զենք ու զորք: Երկրաշարժի ու ղարաբաղյան շարժման պատճառով Հայաստանից արագորեն տեղափոխվել էին մեծաքանակ զենքեր, ատոմային մարտագլխիկներ, հրթիռների տարբեր տեսակներ և այլն: Հետո, երբ 1991-ին Խորհդրային Միությունը տրոհվեց, ու որոշվեց զենքերը թողնել այն երկրներում, որտեղ գտնվում են, Ադրբեջանը ստացավ 11.000, իսկ Հայաստանը 500 վագոն զենք: Փաստորեն Ադրբեջանը 22 անգամ ավելի ստացավ: Դրանից բացի վերջինս նաև օդուժի միավորներ ստացավ, որովհետև այնտեղ կար Գյանջայի կամ Կիրովաբադի օդակայանը: Հայաստանը նման բաներ չուներ: Սա՝ զենքի վերաբերյալ:

Կան նաև փաստեր, որ բազմաթիվ ռուս զինվորականներ կռվել են ադրբեջանցիների կողմից, ռմբակոծել են Ստեփանակերտը, գերի են ընկել մեզ: Ես ուզում եմ հիշեցնել «Կոլցո» օպերացիայի մասին, երբ ամբողջությամբ տեղահանվեց հյուսիսային Արցախի, Շահումյանի հայությունը: Ի դեպ, ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին սպանեցին ռուսները: Նա ազգային հերոսի կոչում ստացավ, քանի որ կարողացել էր ձեռք բերել այդ օպերացիայի փաստաթղթերի մի մասը, ինչից երևաց, որ դա ոչ թե տեղական նախաձեռնություն էր, այլ կենտրոնական իշխանությունների հրահանգը զորքերին: Ի վերջո, կան ադրբեջանական վկայություններ նույնիսկ պաշտպանության նախարարի մակարդակով, համաձայն որի, իրենք Շահումյանը և Մարտակերտը գրավել են ռուսների օգնությամբ: Մարդիկ պարզ ասում են, չեն ուրանում: Իսկ ահա մենք չենք կարող ասել, թե որևէ բան գրավել ենք ռուսների օգնությամբ:

Ուրիշ բան, որ Ստեփանակերտում տեղակայված սովետական գունդ կար, որի մեծ մասը հայեր էին: Սովետմիության տրոհումից հետո գունդը դադարեց ստանալ մատակարարումներ: Զինվորներն ու սպաները սոված էին, աշխատավարձ չէին ստանում, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը, մեկը ավագ լեյտենանտ էր, մյուսը՝ կապիտան: Հիմա ես չեմ կարծում, որ այդ գնդի անցումը հայկական կողմ կարելի է համարել ռուսների օգնությունը հայերին: Այսպիսով՝ փաստերը չեն վկայում, թե ռուսները մեզ օգնել են: Փաստերը հակառակն են վկայում:

Մեզ ասում էին, եթե չմտնենք ԵԱՏՄ, ապա Ղարաբաղում պատերազմ կլինի ու մեր տնտեսական վիճակը կվատանա: Մտանք ԵԱՏՄ, մեր տնտեսական վիճակը վատացավ, պատերազմն էլ եղավ: Այսինքն մեր բոլոր հաշվարկներն ու խոստումները, սխալ դուրս եկան: Դե եթե տնտեսությունը պիտի վատանար, պատերազմն էլ լիներ, գոնե եվրոպական ասոցացման համաձայնագիրը կստորագրեինք: Չմոռանանք, որ այնտեղ 4.5 մլրդ դոլարի օգնությունների փաթեթ էր նախատեսվում Հայաստանի համար: Կար ժամանակացույց, ասենք 500մլն ոռոգման համար, 800մլն ճանապարհների համար և այլն: Մենք այդ ամբողջից հրաժարվել ենք ու ի՞նչ ենք ստացել ՌԴ-ից: Ոչինչ: Սա է ամբողջ խնդիրը: Նայեք հարևան Վրաստանը օր օրի ծաղկում է, որովհետև Եվրոպան փող է ներդնում այդ երկրում, որոշակի արժեքային փոփոխություն է տեղի ունեցել, Վրաստանը որ ավանդաբար եղել է ավելի կոռումպացված երկիր, ինչ-որ տեղ էլ ավազակաբարո երկիր, այսօր մտել է աշխարհի առաջին տասնյակի մեջ իր տնտեսական ազատություններով ու հնարավորություններով:

Մենք քաղաքականապես ոչ գրագետ մոտեցում ենք ցուցաբերում, անհարկի գերագնահատում ենք Ռուսաստանի դերակատարությունը Ղարաբաղի հարցում: Կներեք, բայց ո՞վ է պնդում, որ Ղարաբաղը պիտի հանձնել Ադրբեջանին: Ռուսաստանը: Դա Լավրովի ծրագիրն է: Դա ամերիկացի համանախագահի ծրագիրը չէ: Ռուսներն են պնդում Ղարաբաղը հանձնել, այլ ոչ թե ամերիկացիները կամ ֆրանսիացիները: Նրանք ընդմանեը կրկնում են այն, ինչ ռուսներն են ասում: Իրենց կողմից որևէ ճնշման միջոց չենք տեսել: Հավաստիացնում են ձեզ, որ եթե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն իսկապես ուզենային մեզ պարտադրել հանձնել Ղարաբաղը, հաստատ ճնշման այլ միջոցներ կգտնեին բացի այդ բանավոր հայտարարություններից:

Հանուն Ղարաբաղի պետք էր ավելի անկախ քաղաքականություն իրականացվեր, որը մեզ հնարավորություն կտար տնտեսությունը զարգացնել, որովհետև ցանկացած պաշտպանական համակարգի հիմքում ընկած է երկրի տնտեսական հզորությունը: Մեր խնդիրը այսօր տնտեսության մեջ է: Դրա թուլությունը բերում է պաշպանական համակարգի թուլացման, բերում է ժողովրդագրական լուրջ խնդիրների, որովհետև արտագաղթի 90 տոկոսը պայմանավորված է տնտեսական հարցերով: Մենք պիտի ամեն ինչ անենք՝ զարգացնելու մեր տնտեսությունը: Հիշեք, որ ԽՍՀՄ-ը ռազմական պարտություն չկրեց, տնտեսական պարտություն կրեց, որը, ի վերջո, ձևակերպվեց ռազմական պարտության:

Մենք շահագրգռված ենք եղել ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալու հարցում և դա զարգացնելու, պահպանելու համար արել ենք գրեթե ամեն ինչ, դեռ մի բան էլ ավելին: Դուք չեք գտնի աշխարհում այլ դեպք, երբ պետությունը տարածք է տալիս մեկ այլ պետության ռազմաբազայի համար ու դրա դիմաց գումար չի վերցնում: Դեռ մի բան էլ այդ ռազմաբազայի ծախսերի ավելի քան կեսը ինքն է հոգում: Սա ցույց է տալիս Հայաստանի ցանկությունը, բայց ցավոք, համարժեք պատասխան չի ստանում: Դաշնակցային հարաբերություններ, նշանակում է, որ դաշնակիցներն ունեն ընդհանուր թշնամի: Ներկա վիճակը շատ տարօրինակ է. ՀՀ-ն ու ՌԴ-ն դաշանկիցներ են, բայց ՌԴ-ն զենք է վաճառում իր դաշնակցի թշնամուն, որը տրամաբանորեն իր թշնամին պիտի լինի: Եվ ասում է՝ երկուսի հետ էլ ուզում եմ լավ հարաբերություններ ունենալ: Եղբայր, ուզում ես, լավ ես անում, ուրեմն այդ դեպքում մեզ հետ չկնքեիր դաշնակցային հարաբերությունների պայմանագիր: Ինչպես ասում են՝ մեզ հույսով չանեիր, չսահմանափակեիր, քանի որ այդ հարաբերությունները շատ պարտավորություններ են դրել մեր ուսերին: Մենք, օրինակ, Ղրիմի հարցով ՌԴ-ի օգտին քվեարկեցինք՝ հակադրվելով ամբողջ աշխարհին: Այնպես որ մենք մեր ջանքերի համար համարժեք գնահատական չենք ստանում:

Մենք ինչո՞ւ ենք նեղանում ՌԴ-ից, այլ ոչ թե Իսրայելից, կամ ԱՄՆ-ից, որովհետև նրանք մեր դաշնակիցը չեն ու պարտավորություն չունեն մեր նկատմամբ: Այսինքն ՌԴ-ն իրեն պետք է պահի որպես դաշնակից: Մեր մեղքի բաժինն այն է, որ այս 25 տարվա մեջ այլընտրանքներ չենք ստեղծել մեզ համար, եղածն էլ թուլացրել ենք: Այսինքն եթե ռազմական, տնտեսական հարցերում բացի ՌԴ-ից ունենայինք այլընտրանք, ապա ՌԴ-ն այսօր ստիպված կլիներ մեզ հետ մի փոքր այլ քաղաքականություն վարել, որովհետև կմտածեր, որ եթե օրինակ այս տնտեսական հարցում ՀՀ-ին ճնշեմ, նա կգնա Եվրամիություն: Նույնը զենքի, բանակի հարցում: Դրա համար ՌԴ-ն մեզ հետ վարվում է այնպես, ինչպես վարվում են այլընտրանքներ չունեցողների հետ: Իհարկե, ՌԴ-ն շատ անգամ ինքը չի թողել, որ մենք այլընտրանքներ ստեղծենք մեզ համար: Օրինակ՝ չի թողել, որ այստեղ կանադացիներն ու ճապոնացիներն ատոմակայան կառուցեն: Տեսեք, ՌԴ-ն լավ է հասկացել, որ եթե ՀՀ-ն ունենար նոր ատոմակայան, ապա մնաս բարով կասեր Գազպրոմին: Բայց ի՞նչ է նշանակում չի թողել: մենք պիտի համառեինք, ասեինք՝ մեր շահը դա է պահանջում: Հայ-ռուսական հարաբերությունները հիմա դաշնակցային չեն, այսինքն հավասարը հավասարի հարաբերություն չի: Դաշնակից նշանակում է որոշակի հավասարություն և նշանակում է ունենալ ընդհանուր թշնամիներ, ոչ թե միայն ընդհանուր շահեր: Ըստ միջազգային օրենքների՝ ինչով է տարբերվում ռազմավարական դաշնակիցը պարզ դաշնակցից: Ինչպե՞ս է քաղաքագիտությունը դա տարբերակում: Ասում է՝ ստրատեգիական դաշնակիցը այն դաշնակիցն է, որը հանուն իր դաշնակցի պատրաստ կլինի նույնիսկ որոշակի տնտեսական կորուստներ կրել: Այսինքն նա ստրատեգիան, հեռահար նպատակը համարում է այնքան կարևոր, որ պատրաստ է հանուն դրա մի քիչ էլ տուժել: Այդ բանը չկա հայ-ռուսական հարաբերություններում: Չկա մեր արածի գնահատում, կա սովիտց եկած կեղծ պրոպագանդա: Իրենք ներկայացնում են, թե մեր ազատարարներն են ու մենք առանց իրենց իբր չենք կարող ընդհարապես:

Մխիթար Նազարյան

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ