Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 11:19

ԼՐԱՀՈՍ

Մենք տեսել ենք Հայաստանը

Ճանաչու՞մ ես Հայաստանը, ճանաչու՞մ ես նրա բնությունը, բնությանը ձուլված ճարտարապետական կոթողները և հազարամյա պատմության քարակերտ վկաները` վիշապաքարերը, ժայռապատկերները, կիկլոպյան ամրոցներն ու հին աստղադիտարանները, որոնք ստեղծում են ոգեղեն հեռավոր մի աշխարհի գոյության զգացողություն: Ճանաչու՞մ ես հային, ով արտաքուստ խնդիրների, ցավի ու պայքարի մեջ մխրճված` ներքուստ պահպանել է մարդկայնության մի անգնահատելի հատիկ, որը ապշեցնում է օտարերկրացուն` քանդելով անտարբերության ու կասկածամտության պատը: Որքան շատ ճամփորդես Հայաստանում, այնքան կհասկանաս, թե որքան քիչ ես ճանաչել սեփական երկիրդ ու համերկրացուդ: «Ճանաչիր, որ սիրես». այս սկզբունքով էլ առաջնորդվում է «Գարդման տուր» տուրիստական ընկերությունը` առաջարկելով ներգնա տուրիզմի արկածային ու ավանդական փաթեթներ, օգնելով հայ և օտարերկրացի տուրիստներին բացահայտել Հայաստանն իր բոլոր գրավիչ կողմերով:

Հայաստանն առաջին հերթին մարդիկ են

Ինչո՞վ է Հայաստանը գրավիչ օտարերկրացի տուրիստների համար: Նրանց կարող են հետաքրքրել մեր պատմամշակութային հազարամյա կոթողներն ու բնությունը, որոնք այս փոքր տարածքում հանդես են գալիս այնպիսի բազմազանությամբ, որ անհնար է չհիանալ ու չզարմանալ: Բայց առավելապես նրանց զարմացնում են այստեղ ապրող մարդիկ՝ նշում է «Գարդման տուր» տուրիստական ընկերության տնօրեն Հայկ Մաղաքյանը. «Հայերի, հատկապես գյուղաբնակ հայերի անմիջականությունը, բարությունը, հյուրասիրությունը, օգնության հասնելու պատրաստակամությունն ու անշահախնդրությունը միաժամանակ հիացնում ու ապշեցնում են նրանց: Այստեղ նրանք ծանոթանում են մարդկային մի տիպի հետ, որն անծանոթ է իրենց»:

«Գարդման տուր» ընկերությունը հիմնականում զբաղվում է հենց ներգնա տուրիզմով`մասնագիտանալով արկածային տուրիզմի ոլորտում: Բազմազան, հետաքրքիր ու էքստրեմալ ժամանցի համար մշակել է հագեցած ու բովանդակալից տուրփաթեթներ՝ առաջարկելով արկածային տուրիզմի լայն ընտրանի՝ արտաճանապարհային, այսինքն՝ ամենագնացներով տուրեր դեպի լեռնային շրջաններ, արշավներ և էքսկուրսիաներ Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում և Արցախում, լեռնային հեծանվարշավ (բայքինգ տուր), ճամբարներ բնության գրկում, պատմամշակութային տուրեր, որոնց ընթացքում կարելի է պարզապես հիանալ բնությամբ, պատմական ու տեսարժան վայրերով: Կազմակերպում է նաև տուրեր՝ ըստ պատվերի: Իսրայելից, Ռուսաստանի Դաշնությունից, եվրոպական երկրներից, ԱՄՆից Գարդման տուրի միջոցով Հայաստան ժամանած տուրիստները ջիպային ճամփորդությունների և քայլարշավների շնորհիվ կարողանում են լինել գլխավոր ճանապարհներից հեռու, անմատչելի տեղերում գտնվող տեսարժան վայրերում, օրինակ՝ լինել Գեղամա լեռնաշղթայում կամ Ուխտասարում և ծանոթանալ հազարամյակների պատմություն ունեցող հայկական ժայռապատկերներին: Իսկ սնունդը՝ տեղի ռեստորաններում, պանդոկներում, տեղաբնակների տանը և բնության մեջ… Անմիջական շփումները գյուղացիների ու նրանց առօրյայի հետ, հյուրանոցային, հյուրատնային, վրանային գիշերակացերը, զբոսավարի և ուղեկցողի ծառայությունները, «Գարդման տուրի» ուղևորությունները դարձնում են իրոք անմոռանալի: «Երբ սիրած զբաղմունքդ է դառնում բիզնես, ավելի մեծ են լինում պատասխանատվությունը և նվիրումը գործին: Սկզբում մենք էինք ջիպերով ճանապարհորդում Հայաստանով, բացահայտում մեր երկիրը նորովի, լինում նոր վայրերում, ծանոթանում նոր մարդկանց հետ: Հետո կամացկամաց սկսեցինք ընդգրկել մեր տեղացի և օտարերկրացի ընկերներին ու ծանոթներին, և կազմավորվեց ընկերությունը», պատմում է Հայկ Մաղաքյանը: Նա անչափ կարևորում է, որ ոչ միայն օտարերկրացին, այլ առաջին հերթին հենց Հայաստանում ապրող հայը լավ ճանաչի Հայաստանը. «Մարդն իր երկիրը սիրում է այն ժամանակ, երբ ճանաչում է, դա մեր կարգախոսներից է: Համոզված եմ` այդ դեպքում արտասահման մեկնողների հոսքն էլ քիչ կլիներ, և հայրենիքի համար պայքարողների և անարդարությունների հետ չհամակերպվողների թիվն էլ՝ շատ ավելի մեծ: Մենք պետք է շարունակենք մնալ մեր ավանդական բնութագրի սահմաններում: Չձգտենք դառնալ ուրիշ, ուրիշներ ուրիշ երկրներում շատ կան: Մենք հայ ենք ու դրանով առանձնահատուկ, ու հենց մեր հայկական էությունն է գրավում օտարերկրացուն», վստահ է Հայկ Մաղաքյանը, ով բազմիցս օտարերկրացի տուրիստներից հայերի հյուրասեր բնույթի մասին ակնածանքի խանդավառ խոսքեր է լսել: Այստեղ օտարն իրեն ապահով ու անվտանգ է զգում, ինչպես յուրային, վստահ, որ իրեն ոչ մի վատ բան չի պատահի, եթե պատահի էլ՝ անպայման օգնող ձեռքեր կգտնվեն: Միակ բանը, որից նա պետք է զգուշանա, շատակերությունն է. հյուրին հայկական խոհանոցի բոլոր բարիքները հրամցնելու ցանկությունը Հայաստանում սահման չունի, իսկ հրաժարվել այդ համառ հյուրասիրությունից պարզապես անհնար է: Հենց մարդկանց շնորհիվ է Հայաստանով ճանապարհորդությունը թողնում տաք հիշողություններ:

«Հայաստանը հրաշքների երկիր է... Եթե ինձ հարցնեն` մեր մոլորակի վրա որտեղ կարելի է հանդիպել մեծ հրաշքների, ես առաջին հերթին կնշեի Հայաստանը... Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքրիկ հատվածում հնարավոր է հանդիպել այնպիսի կոթողներ ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են լինել ողջ աշխարհի զարդը: Եռակի օրհնյալ եղիր Հայոց աշխարհ` տաղանդների հայրենիք, հսկայական արարչագործությունների բնօրրան», Ռոքուել Քենտ ` ամերիկացի նկարիչ և հասարակական գործիչ:

Տուրիզմը տնտեսության ոչ գերակա ճյուղ

«Հայաստանը տուրիզմի զարգացման անասելի մեծ պոտենցիալ ունի, որի միայն 10 %ն է օգտագործվում, ասում է «Գարդման տուր» ընկերության տնօրեն Հայկ Մաղաքյանը: Առաջին խոչընդոտը Հայաստանի՝ որպես տուրիստական երկրի ճանաչվածության շատ ցածր մակարդակն է աշխարհում: Երկրորդը` տուրիստական թերի ենթակառուցվածքն է՝ վատ ճանապարհները, հյուրանոցները, որոնք գլխավորապես տեղակայված են մայրաքաղաքում, իսկ մարզերում սակավ են ու ցածրակարգ: Այդ պատճառով էլ տուրերի գերակշող մասը սկսվում և ավարտվում է Երևանում: Այսինքն` տուրիստները քաղաքից դուրս որևէ վայր այցելելուց հետո գիշերակացի համար վերադառնում են Երևան, ավելորդ ժամեր անցկացնում տրանսպորտում` որոշ անհամարություններ զգալով: Դրան գումարած այն, որ մարզերն էլ լիարժեք չեն օգտվում տուրիստական այցելություններից»: Փաստորեն՝ Հայաստանի Հանրապետությունում տուրիզմը հայտարարվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղ, բայց բավարար ներդրումներ այդ ուղղությամբ չեն արվում. ճանապարհները շարունակում են մնալ ոչ բարվոք, ենթակառուցվածքները` թերզարգացած, դեպի Հայաստան ավիաչվերթները` թանկ ու խիստ սակավ: «Վրաստանը ևս տուրիզմը տնտեսության գերակա ճյուղ հայտարարեց, բայց ի տարբերություն մեր երկրի, լուրջ ներդրումներ կատարեց ոլորտում: Այսօր Վրաստանն ունի ավիաչվերթների ավելի լայն աշխարհագրություն, գործում են բյուջետային ավիաընկերություններ (low costers), որոնք շատ մատչելի չվերթներ են առաջարկում: Դա է պատճառը, որ Վրաստանում տարեցտարի տուրիստների թվաքանակի զգալի աճ է գրանցվում»,նկատում է Հ. Մաղաքյանը: Նա շեշտում է նաև միջազգային տուրիստական էքսպոցուցահանդեսներում Հայաստանի պասիվ մասնակցությունը: Այդ ցուցահանդեսները մեծ դեր ունեն երկրի միջազգային ճանաչման, տուրիստների գրավման, նոր գործընկերներ ձեռք բերելու գործում: Պետականորեն աջակցվող միջազգային էքսպոցուցահանդեսներին մասնակցությունը շատ սահմանափակ է, հետևաբար` Հայաստանի մասնակցությունը նման միջոցառումներին տարածաշրջանի մյուս երկրների համեմատ շատ պասիվ է, ընդ որում՝ անշուք ու աննկատ` ամեն տարի կրկնվող փոքր ստենդներով ու պաստառերով. «Հայաստանը համաշխարհային շուկայում ներկայացնելու հիմնական ծանրաբեռնվածությունը տուրիստական ընկերությունների ուսերին է դրված»:


 

Իսրայելը որպես ընկերության արտագնա տուրիզմի հիմնական ուղղություն


 

Զբոսաշրջիկների հոսքն այս երկիր չի դադարում կլոր տարին: Մի մասը գալիս է հնագույն երկրի պատմությունը և սրբավայրերը ճանաչելու համար,մուսները նախընտրում են Մեռյալ ծովի ափին առողջարար գանգիստը, երրորդները՝ Կարմիր ծովի ակվատորիայում սուզվելու համար, մյուսները՝ լավագույն բժիշկների խորհրդատվության համար: Այսօր հայ տուրիստները ևս ավելի հարմար պայմաններով Իսրայել մեկնելու և այնտեղ անմոռանալի տպավորություններ հավաքելու հնարավորություն ունեն «Գարդման տուր» ընկերության շնորհիվ: Այստեղ հարուստ հնամյա պատմությունը համադրվել է զարգացած ժամանակակից տուրիստական ենթակառուցվածքների հետ, որոնք տարվա տարբեր եղանակներին հանգստի տարբերակներ են առաջարկում ցանկացած ճաշակի ու հնարավորության անձանց համար: Գարդման տուրը համագործակցում է իսրայելական կազմակերպությունների հետ, ինչը հեշտացնում ու ավելի մատչելի է դարձնում դեպի Իսրայել տուր փաթեթների մշակման գործընթացը:


 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ