Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 11:10

ԼՐԱՀՈՍ

Լաբորատոր հնարավորությունները մեծանում են

Հաճախական սթրեսները, աղտոտված էկոլոգիան, սննդի և հանգստի ռեժիմի խախտումները և բացասական այլ ազդակներ նպաստում են տարբեր հիվանդությունների ռիսկի գործոնների զարգացմանը: Այդ ռիսկի գործոնները վերհանելը և հիվանդությունների զարգացումը կանխարգելը ժամանակակից բժշկության մեջ ձեռք են բերել առաջնային նշանակություն, և հենց այստեղ է, որ առավել կարևորվում են լաբորատոր-գործիքային  ճշգրիտ հետազոտությունները: Ի՞նչ պահանջներ են ներկայացվում ժամանակակից լաբորատոր-գործիքային ախտորոշման կենտրոններին, ի՞նչ չափանիշների դրանք պետք է համապատասխանեն, որակի վերահսկման ի՞նչ մեխանիզմներ կիրառեն, որպեսզի պրակտիկ առողջապահությանը տրամադրած նրանց կարևոր ինֆորմացիան  լինի օբյեկտիվ և ճշգրիտ. պատասխանները՝ «Էկոսենս» ախտորոշման կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն Ինեսսա Նազարյանի հետ հարցազրույցում:  

 

-«Էկոսենսը» կայուն բարձր վարկանիշ ունեցող ախտորոշման կենտրոն է, որն աշխատում է մեծ ծավալով: Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

 

-Մեր հաջողության գաղտնիքը քրտնաջան աշխատանքն է. մենք աշխատում ենք և´ որակի մշտական կատարելագործման ուղղությամբ,  զբաղվում և´ նորարար ախտորոշիչ տեխնոլոգիաների ներդրմամբ,  և´ մասնագետների որակավորման շարունակական բարձրացմամբ: Այդ քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր մենք ունենք գերժամանակակից, ամբողջովին ավտոմատացված ախտորոշման կենտրոններ, որոնք զինված է լավագույն արտադրողների վերջին սերնդի սարքավորումներով: Բոլոր այն հետազոտությունները, որոնք կատարվում են զարգացած երկրներում գործող բարձրակարգ ախտորոշիչ կենտրոններում, նույն բարձր մակարդակով ու որակով իրականացվում են «Էկոսենսում»: Հետազոտությունների անցկացման ավտոմատացված ռեժիմը բացառում է սխալի հավանականությունը, նաև ապահովում դրանց գաղտնիությունն ու անանունությունը:  «Էկոսենսը» միակն է Հայստանում, որ ներդրել է  լաբորատոր տեղեկատվական համակարգ: Պացիենտին ընդունարանում գրանցելիս տրվում է ծածկանուն և գաղտնաբար: Հենց այդ ծածկանունով էլ նրա հետազոտության նմուշները ներմուծվում են համակարգ: Սարքավորումները, որոնք ապահովված են շտրիխ կոդերը կարդացող  սարքեր, հետազոտության պատասխանը նույն ծածկանունով ուղարկում են համակարգիչ: Պատասխանները տրամադրվում են մեր կայքի (www.ecosense.am) «Արդյունքներ» բաժնում, որտեղ պացիենտը մուտք է գործում նույն ծածկանունով ու իր գաղտնաբառով և տեսնում է միայն իր պատասխանը: 

-Ի՞նչ առանձնահատուկ հետազոտություններ են իրականացվում «Էկոսենս» լաբորատորիաներում:

 

-Բացի  ստանդարտ կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական, մանրէաբանական, հորմոնալ հետազոտությունների, հղիության սքրինինգի, մենք իրականացնում ենք նաև ինքնատիպ ՊՇՌ (Պոլիմերազ շղթայական ռեակցիա) մեթոդով հետազոտությունները: Այն  գենետիկ մակարդակում կատարվող հետազոտություն է և համարվում է աշխարհում ընդունված,, ոսկե,, ստանդարտ՝ ցանկացած տեսակի վարակ բարձր ճշգրտությամբ ախտորոշելու, տարբեր հիվանդությունների հանդեպ նախատրամադրվածությունը որոշելու համար: Այս հետազոտության նշանակությունը մեծ է հատկապես մանկաբարձության և ուռուցքաբանության համար: Մանկաբարձության մեջ այն կարևորվում է  տրոմբոֆիլիաների ախտորոշման դեպքում: Մեր լաբորատորիան միակն է Հայաստանում, որ գենետիկ մակարդակում ի հայտ է բերում տրոմբոֆիլիաների հանդեպ նախատրամադրվածությունը: Ուռուցքաբանության մեջ ՊՇՌ մեթոդով ախտորոշումը կարևորվում է կրծքագեղձի քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածությունը հայտնաբերելու հնարավորությամբ: Սխալմունքի հավանականությունը ՊՇՌ ախտորոշման դեպքում գրեթե զրոյի է հավասարվում:

Մեզ մոտ կատարվում են նաև մեծ ծավալով զանազան ալերգենների նկատմամբ հետազոտությունները:

Ինչ վերաբերում է գործիքային հետազոտություններին, ապա դրանք հիմնականում իրականացվում են Կոմիտասի 37/1 հասցեում գտնվող մեր ախտորոշման կենտրոնում: Այստեղ վերջին սերնդի սարքավորումներից կառանձնացնեմ երկուսը, որոնք դարձյալ միակն են Հայաստանում:  Մեկը Philips ապրանքանիշի ուլտրաձայնային հետազոտությունների սարքն է: Այն հնարավորություն է տալիս կատարել ներքին օրգանների ուլտրաձայնային զննումներ, էխոկարդիոգրաֆիկ, դոպլեր, դուպլեքս հետազոտություններ: Մյուսը լյարդի շարժական ֆիբրոսքանն է:  Մինչև հիմա լյարդի ֆիբրոզի ախտորոշումը կատարվում էր ինվազիվ միջամտությամբ. լյարդից մի քանի կտոր էր նմուշառվում: Մեր ներկայացրած ֆիբրոսքաների շնորհիվ լյարդի ֆիբրոզի աստիճանն այսօր կարելի է պարզել ուլտրաձայնային հետազոտությամբ 10-15 րոպեի ընթացքում` հետազոտելով լյարդի ավելի մեծ ծավալ, քան նախկինում: Այն հեպատոլոգներին և գաստրոէնտերոլոգներին ճշգրիտ ախտորոշում տրամադրող համար կարևորագույն  հետազոտությունն է: Քանի որ այս սարքավորումները շարժական են, ծանր  հիվանդների և  շարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց հետազոտությունները  կարող ենք իրականացնել տանը կամ այն բժշկական կենտրոնում, որտեղ նրանք բուժվում են:

Ի դեպ, մենք առաջին լաբորատորիան ենք, որը ներդրել են  «Check-up» ծրագիրը:  Այն բարձր արդյունավետությամբ գործում է աշխարհի բոլոր առաջատար երկրներում: «Check-up»-ը պացիենտի համալիր ախտորոշիչ հետազոտություն է, որն իրականացվում է տարին մեկ անգամ և գնահատում է նրա ներկա առողջական վիճակն ու ռիսկերը, խնդիրներ հայտնաբերելու դեպքում ուղղորդում համապատասխան մասնագետի մոտ` այդպիսով կանխելով հնարավոր հիվանդությունների առաջացումը:  Սա կանխարգելիչ ապահովագրական բժշկությանն ուղղված պրակտիկ մեծ նշանակություն ունեցող քայլն է մեր երկրում:

-«Էկոսենսը» ախտորոշիչ լաբորատոր բարձրակարգ ծառայություններ է ներդրել նաև Հայաստանի մարզերում: Որտե՞ղ և ի՞նչ ծավալներով են գործում Ձեր մարզային մասնաճյուղերը:

 

-Լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների այն ամբողջ ծավալը, որ «Էկոսենսը» իրականացնում է Երևանում, հասանելի է նաև Կապան, Վանաձոր, Գյումրի և Ստեփանակերտ քաղաքների բնակչությանը: Մինչ այդ մեր մարզաբնակ պացիենտները ստիպված էին հասարակ հետազոտության համար հասնել Երևան: Հատկապես հղի կանանց դեպքում դա շատ ռիսկային էր: Այժմ արդեն նույն բարձր մակարդակի ախտորոշիչ ծառայությունները մատուցվում են տեղում: Մեր մարզային կենտրոնները ապահովում են անալիզների նմուշառման ու տեղափոխման պահանջվող պայմանները: Նմուշները տեղափոխվում են Երևան, հետազոտությունները կատարվում են այստեղի լաբորատորիաներում, և նույն օրը կամ առավելագույնը հաջորդ օրը պացիենտը ստանում է իր պատասխանը հետադարձ on-line կապով:

-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Արցախում դիագնոստիկ հետազոտությունների զարգացման ուղղությամբ:

 

-Մեր գործունեության այս ուղղությունը կարևորում եմ առավել, քանի որ, կարծում եմ, մեզանից  յուրաքանչյուրը պետք է իր լուման ներդնի Արցախի զարգացման գործում: Մենք այնտեղ հիմնեցինք ախտորոշիչ լաբորատորիա, կազմակերպեցինք բժշկական կոնֆերանս:  Մեր այս նախաձեռնությունը արժանացավ տեղի բժիշկների բազմաթիվ շնորհակալական արձագանքներին:

-Հետազոտությունների որակի վերահսկման ի՞նչ մեխանիզմներ են գործում «Էկոսենսում»:

 

-«Էկոսենս» ախտորոշման կենտրոնները ունեն որակի վերահսկման մի քանի մակարդակ: Առաջինը որակի ամենօրյա ներքին խիստ հսկողությունն է,  որը, ճիշտ է, ծախսատար է, բայց  որակի պահպանման ամենավստահելի եղանակն է: Երկրորդը արտաքին ամենամսյա վերահսկումն է, որն իրականացվում է Մեծ Բրիտանիայի ռեֆերենս-լաբորատորիայում Randox ծրագրի շրջանակներում: Ամիսը մեկ անգամ  մեր հետազոտությունների արդյունքների նմուշները ուղարկվում են Լոնդոն, և ստացած պատասխանները համեմատում ենք մեր արդյունքների հետ: Բացի այդ ունենք նաև հետազոտող սարքավորումների ամենամյա հսկողություն: Արտադրող ընկերությունների հետ կնքած պայմանագրի համաձայն ամեն տարի սարքավորումները տեղում կամ իրենց գործարան ուղարկվելով անցնում են աշխատանքային վիճակի ստուգում: Այս վերահսկողության շնորհիվ մենք մեզ ավելի ապահով ենք զգում ու վստահ, որ մեր տված ախտորոշումները ճշգրիտ են:

 

-Չնայած որակի համար կատարվող մեծ ներդրումներին` Ձեր գնացուցակը չի տարբերվում միջին շուկայական գներից:

 

-Այո, մենք Հայաստանում ենք ապրում ու պարտավոր ենք պահպանել այդ միջին շուկայական գները, որոնք ձևավորվում են մեր երկրի սոցիալական վիճակի և որակի պահպանմանն ուղղված միջոցառումների հաշվարկով: Ասեմ ավելին` խուսափել է պետք այն ախտորոշիչ կենտրոններից, որոնք ավելի ցածր գներ են առաջարկում. դա միայն նշանակում է, որ նրանք տնտեսում են ծախսվող լաբորատոր նյութերի որակի հաշվին:  

 

-Ասում են` դիագնոստիկան այնքան է զարգացել, որ առողջ մարդ չի մնացել. Ձեր կարծիքը:

 

-Ես առողջ մարդ հասկացությանն եմ մի քիչ թերահավատորեն վերաբերվում: Եթե մենք ասում ենք առողջ մարդ, ուրեմն նկատի ունենք, որ նրա ոչ մի օրգան-համակարգում ոչ մի խնդիր չկա. կա՞ այդպիսի մեկը: Արտաքին բացասական ազդակները` անընդհատ սթրեսները, վատ էկոլոգիան, անառողջ սնունդը և այլն, այնքան շատ են, որ շատ դժվար է առողջ մնալը: Մեր խնդիրն է  պահպանել այն առողջական վիճակը, որ ունենք հիմա. պարբերաբար հետազոտվել, գնահատել ռիսկերը, հիվանդությունները հայտնաբերել վաղ շրջաններում ու կանխել  առաջնային փուլում: Դիագնոստիկայի  «մեղքով» չէ, որ առողջ մարդ չի մնացել, պարզապես մեր ապրելակերպը մեզ չի թողնում` լիարժեք առողջ լինենք: Բայց եթե փորձենք առողջ ապրելակերպը որդեգրել որպես մեր կյանքի կանոն և ռազմավարություն, հրաժարվենք վատ սովորություններից (ծխախոտի, ալկոհոլի չարաշահում )  և տարին մեկ անգամ օրգանիզմի համալիր հետազոտություն անցնենք, կպահպանենք այն, ինչ ունենք և կկանխենք հավանական առողջական խնդիրները:

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ