Շաբաթ, Մայիս 27, 2017

 21:47

ԼՐԱՀՈՍ

Ազատամարտիկի կռիվը պատերազմից հետո. Վարդան Ավետիսյան

                ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Անշուշտ, մենք փառահեղ հաղթանակ տարանք արցախյան ազատամարտում: Այսօրվա հարաբերական անդորրը մեզ փաստում է, որ մենք  մեր հաղթանակի տերն ենք դարձել, թեև վերջնական հաղթանակի պայմանագիր դեռ չունենք կնքած: Մենք  մեր հաղթանակը ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ արտերկրում, հավուր պատշաճի ներկայացրել ենք: Ողջ առաջադեմ մարդկությունն արցախյան մեր շարժումը դիտում է որպես ազգի ինքնորոշման իրավունքի համար մղված արդարացի պայքար: Մենք կարողացել ենք մեր ազգային ոգով, մեր ինքնակերտվածքով, Արցախ ազատագրել, ինչպես նաև հարակից մի շարք շրջաններ՝ ապահովելով մեզ համար կրակի ազատության գոտի: Մենք հաղթանակած ենք, այլապես մեր սահամանագիծը չէր սկսի Արաքսի հորադիզյան ափերից, Քարվաճառով մինչև Օմար ու Մռավ: Արդյունքները շոշափելի են: Վերջիվերջո հայ ժողովուրդը 21-րդ դարի նախաշեմին ունեցավ 2 անկախ պետականություն: Դա հաղթանակի պտուղ է: Բայց մենք որոշակի բարդույթներ ունենք հաղթանակի տեսանկյունից, որովհետև լիարժեք չկարողացանք թշնամուն իր որջում ջախջախել: Կանգնեցինք կես ճանապարհին՝ ընդառաջ գնալով թշնամու աղերսանքներին և մի շարք պետությունների միջնորդություններին, մենք կանգնեցինք այնտեղ, որտեղ այս պահին ենք: Դրա համար է, որ եղածը մենք դեռ ընկալում ենք իբրև թերի հաղթանակ: Բայց մենք պիտի ձեբազատվենք այդ բարդույթներից, բառիս բուն իմաստով հաղթանակած պետություն ենք: Եթե ռազմական գործողությունները ևս 1 տարի շարունակվեին, մենք կհասնեինք Բաքվի մատույցներին:

Ընդհանուր առմամբ մեր պետությունում գնահատված են այդ հաղթանակը կերտողները: Բայց վերջին տարիներին ժողովրդի մեջ ձևավորվել է այնպիսի թյուր կարծիք, որ հաղթանակի պտուղներից օգտվեցին ուրիշները, իսկ հաղթանակը կերտողներն անտեսվեցին, չգնահատվեցին: Մի հայտնի ճշմարտություն կա: Հեղափոխությունը, հաղթանակները կերտում են առաջնորդները, նրա պտուղները վայելում ու ճաշակում են տականքները: Դառը ճշարտություն է: Հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկները, հայոց սպայակազմը, հայոց քաջարի մարտիկները իրենց գնահատականը ստացել են: Անշուշտ, կան մարդիկ, մասնավոր անձնավորություններ, որոնք ավելին են ակնկալել, շատ ավելին, քան իրենք իսկ էին: Ստեղծված ներքաղաքական, սոցիալական իրավիճակից նրանք օգտվում են ու կարողանում այդ լարի վրա խաղալ շատ հաճախ: Այսօր մեր ազատմարտիկներն ակնկալում են մեծ թոշակներ, մեծ արտոնություններ, ակնկալում են ավելին, քան իրականում երկրի տնտեսությունն իր ֆինանսական կարողությամբ ի վիճակի է ապահովել: Մենք պետք է հաշվի առնենք և գնահատենք ռեալ իրավիճակը և տեսնենք, որ իսկապես գնահատվում են այնքանով, որքանով ի զորու է պետությունը ֆինանսապես:

Ինչ վերաբերում է բարոյական խրախուսումներին, պիտի ասեմ, որ արժանիները միշտ էլ արժանացել են փառքի և ուշադրության, իսկ կիսաարժանիները մշտապես ավելին են փափագում: Վստահ եմ՝ ինչքան էլ նրանց ավելիին արժանացնես, նրանք միշտ թերահավատ են լինելու և միշտ անկուշտի նման ավելին են ցանկանալու: Պետք է հաշվի առնել Հայաստանի շրջափակման իրավիճակը, տնտեսության աղքատիկ իրավիճակը, և այսօր ազատամարտիկի այն հասանելիք կենսաթոշակը, նպաստը, որ տրվում է, բնականաբար, նվազագույն զամբյուղի չնչին մասն է, բայց սա է մեր իրականությունը և ունեցվածքը: Այս իրականությունը շատերին վրդովեցնում է, դառնում բողոքի պատճառ, բայց նաև պետք է քաջ գիտակցել, որ պետության ֆինանսատնտեսական կարողությունն այսքանն է: Իհարկե կուզենայինք, որ ազատմարտիկը 100-ապատիկ ավել ստանար: Մեր իշխանավորները, մեր պետական այրերը բարի կամեցողություն ունեն լուծել այն հանապազօրյա խնդիրները, որոնք այսօր ծառացած են ինչպես ժողովրդի, այնպես էլ նրա մի մասը կազմող ազատամարտիկի առաջ: Մենք սոցապահվության մասին ընդունած օրենքով, ազատամարտիկների մասին ընդունած օրենքով և մի շարք այլ օրենքներով ամրագրել ենք դրույթներ, որոնցով տրամադրվում են որոշակի արտոնություններ ու գումարներ: Մենք չենք կարող ԱՄՆ-ում տրվող արտոնություններն ու վճարումներն ունենալ ՀՀ-ում: Հենց այդտեղից էլ առաջանում է մեր ներքին անհամերաշխությունը: Երբ զուգահեռներ ենք անցկացնում, առաջանում է չգնահատվելու ինքնաբարդույթ, անտեսվելու ինքնաբարդույթ: Բայց դա այպես չէ: Նման բան չկա, որ ազատամարտիկները, նրանց ընտանիքի անդամները չեն օգտվում արտոնություններից: Օգտվում են:

Երբ ազատամարտիկները տեսնում են իրենց կողքին շռայլության, թանկարժեք մեքենաների ու թանկարժեք դղյակների մեջ ապրողներին, բնականաբար, տրտունջներ են ունենում, բայց երբ վերցնում ես ժողովուրդների պատմությունը, միշտ էլ աղքատներ ու հարուստներ եղել են: Միշտ էլ նույն խնդիրները եղել են: Շատ հաճախ իրական հերոսներն էլ են ստվերում մնացել: Միշտ էլ ինքնագնահատվելու, ցանկալին իրականության տեղ մատուցելու խնդիրները եղել են: Ինչպես ասում է աստվածաշնչյան ճշմարտությունը. «Ինչ որ եղել է, հիմա էլ կա, ինչ որ պիտի լինի, եղել է»:

Ազատամարտիկն ազատամարտիկ է, երբ զենքը ձեռքին հայրենիքի սահմանների համար մարտնչում է: Նա դադարում է ազատամարտիկ լինել, երբ երկիրը պատերազմական գործողություններից տեղափոխվում է արդեն խաղաղ հարաբերակցական գործողությունների: Երբ մենք զինադադարի պայմանագիր կնքեցինք, ազատամարտիկներին փոխարինելու եկավ նոր սերունդ, կանոնավոր բանակ: Եվ իրենք դարձան ՀՀ քաղաքացիներ ու նախկին ազատամարտիկներ: Եվ նախկին ազատամարտիկներն իրենց հոգեբանության մեջ, իրենց տրամաբանությամբ և ընկալումով մշտապես իրենց  զգում են իրավիճակը թելադրողի դերում այնպես, ինչպես ռազմաճակատում էին: Դժբախտաբար, մեր այսօրվա ազատամարտիկներն այդ ընկալման բարդույթի ձեռքը կրակն են ընկել: Ազատամարտիկը երկրի ներքին կյանքում չի կարող լինել ազատամարտիկ: Կարող է լինել միմիայն քաղաքացի:

Հետպատերազմյան շրջանում շատ վառ, կապույտ երազներ ունեինք, ցանկություններ ունեինք, որոնք բախվեցին իրականության հետ ու վերածվեցին պատրանքների, հօդս ցնդեցին: Եվ դրանք հիմա մեզ ներկայանում են իբրև կորուսյալ ճշմարտություն: Ես անձամբ այլ կերպ էի պատկերացնում այս պետության կառուցվածքը, պետության քաղաքացիների հետպատերազմյան ժամանակաշրջանի կենսամակարդակը: Հայաստանը պիտի լիներ մի ծաղկուն երկիր, դառնար մի փոքրիկ Էլդորադո, գանձերի կղզի, բայց իրականում մենք բախվեցինք գայթակղություններին: Հարստությունը, փառասիրությունը, փառատենչությունը շատերին շեղեց այդ վառ երազանքներից: Մենք կորցրեցինք երկիրը կառուցելու վառ երազանքը, պատերազմից հետո կար մեր միջի ամենամեծ թշնամին, դա մեր ներքին փտախտն էր, մեր նախանձը, փառատենչությունը, կռապաշտությունը: Դժբախտաբար գնացինք դրան և արդյունքում ունեցանք հոկտեմբերի 27: Մնացածը դրանից բխող ածանցյալ մանրուքներ են:

 

 

«Երևակ» ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ