Ուրբաթ, Նոյեմբեր 24, 2017

 19:12

ԼՐԱՀՈՍ

Պետություն և մտավորականություն. ո՞վ ո՞ւմ հեռացրեց իրենից. Ռուբեն Քամալյան

                                 

Պետություն և մտավորականություն: Նախ՝ մենք ունե՞նք պետություն՝ որպես  համակարգող հասկացություն՝ այս կամ այն լծակներով, աշխատող պետություն ունե՞նք, թե՞ չէ: Եթե դիտում ենք պետության զարգացման ուղին, ապա մենք դեռ նախնական փուլում էլ չենք իբրև պետություն: Այս տեսանկյունից դիտարկելիս երկրորդ հարցի պատասխանն ինքնստինքյան տրվում է: Մտավորականություն: Այսօր, մեծ հաշվով, չունենք մտավորականություն հասկացություն՝ ինչ է այն, ինչ է նրա հիմքում ընկած, ինչով պետք է զբաղվի, ճիշտ այնպես, ինչպես չունենք պետություն հասկացությունը, որը չգիտե՝ ինչով պետք է զբաղվի, և որն է իր առաքելությունը: Հետևաբար սրանց փոխհարաբերությունների մասին խոսելն այս պահին, կարծում եմ, այդքան էլ իրատեսական չէ: Դրանք պետք է լինեն մեկը մյուսով պայմանավորված. այսինքն՝ մտավորականությունն իր թիկունքում պետք է ունենա պետության ուժը, և հակառակը՝ մտավորականությունը պետք է ամեն ինչ անի պետության կայացման համար:   

  Բայց որևէ եզր պետության և մտավորականության փոխհարաբերության չեմ տեսնում: Լավ, ու՞մ ենք մենք այսօր համարում մտավորական, որ հասկանանք՝ ինչպես է պետությունն օգտագործում նրան: Ի վերջո, ինչպես է վերաբերվում պետությունը իր մտավորականությանը. ես կասեմ՝ ոչ մի կերպ, որովհետև նրանց, ում վերաբերվում է, ինձ համար մտավորականություն չէ: Մեր պետությունը հաճախ արժևորում է նրանց, ովքեր իրականում լուրջ պետության մեջ պետք է ընդհանրապես ուշադրության արժանի չլինեին: Այսինքն՝ առաջ են եկել ու պետության հովանավորությունը ստանում են մեծ մասամբ այնպիսի ճաշակ ու որակ թելադրողները, որոնք ոչ մի դաստիարակող խոսք, ոչ մի իրական արժեք չեն տալիս:

-Ի՞նչ հարաբերություններ պետք է ստեղծի մտավորականը պետության հետ:

-Մեծ իմաստով մտավորականությունը պետք է լինի պետության հենման կետը: Ցանկացած ասպարեզում՝ դա կլինի արդյունաբերություն, կլինի գիտություն, կլինի տեխնիկա, արվեստ և այլն, եթե պետությունը կաղացող տեղ ունի, միանշանակ պետք է հենվի մտավորականության վրա: Բայց օլիգարխիկ, չհամակարգված, ծայրահեղացված, բևեռացված պետության մեջ չի կարող լինել մտավորականի վրա հենվելու որևէ միջոց: Այսօր այն, թե մեր մտավորականությունն ինչ պետք է անի, արդեն գալիս է նրանից, թե ինքն ինչպես է պատկերացնում այդ ամեն ինչը: Բայց ես չէի ցանկանա, որ իրավիճակը փոխելու, պետությունը կայունացնելու, համակարգելու պատասխանատուն լինի միայն մտավորականությունը: Մտավորականը, ավելի շատ կցանկանայի, որ ազատ աշխատի, պարզապես ազատ աշխատի: Ես ելքը տեսնում եմ ավելի շատ երիտասարդ ուժի մեջ: Թող նրա մեջ կիրքը շատ լինի, թող նրա փորձը պակաս լինի, բայց, ամեն դեպքում երիտասարդ ուժը շատ ավելին կարող է անել, քան մտավորականությունը, եթե աղտոտվի: Քանի որ մենք այսօր չունենք ո՛չ կայացած պետություն, ո՛չ մտավորականություն, իրավիճակը փոխելու առաջամարտիկի դերում ես մտավորականությանը չեմ տեսնում:

Իսկ մտավորականությունը կարո՞ղ է ինչ-որ կերպ օգտագործել պետությանը:

Ախր, լծակ չունի մտավորականությունը: Այն լուրջ զանգվածը, ովքեր իսկապես իրենց գործի ծառան են, լծակ չունեն, որպեսզի իրենց ձայնը հասնի վերև:

 

«Երևակ» ամսագիր

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ