Շաբաթ, Նոյեմբեր 18, 2017

 03:11

ԼՐԱՀՈՍ

Պետություն և մտավորականություն .ո՞վ ո՞ւմ հեռացրեց իրենից. Վախթանգ Հարությունյան

  

Երբ ասում ենք՝ պետական ծառայող, ծառա բառն ենք գործածում, չէ՞, այսինքն՝ նա կոչված է ժողովրդին ծառայելու, իր ունակությունները կիրառելու ի նպաստ ժողովրդի: Ի՞նչ ասել է՝ ի նպաստ. դա նրա արժանապատվությունը, նրա սոցիալական կարգավիճակը, նրա հոգևոր զարգացումը, նրա մշակութային և էսթետիկ զարգացումը կանոնակարգելն է: Ես  տարիների ընթացքում փորձում եմ մի քիչ ավելի լավատես լինել, և ասում եմ՝ գուցե պատահաբար է տեղի ունենում այս կամ այն երևույթը: Բայց այնքան ակնառու է այդ ոչ պատահաբարը և տրամաբանորեն բավականին հաճախ կրկնվողը, որ մտածում ես՝ դա, այնուամենայնիվ, քաղաքականության մի տեսակ է ժողովրդին նվաստացնելու և իշխելու համար: Ծառայողը պետք է միշտ գիտակցի, որ պետք է իր ժողովրդի մեջ լավագույնը սերմանի և սերմանելով այդ լավագույնը՝ ամեն ինչ անի, որ այն հետագայում զարգանա: Ցավոք սրտի, նաև մտավորականության մեջ բոլորին չէ, որ ադպիսին կարելի է կոչել: Երբ մտավորականը, որը ժամանակին իր ավանդն է ունեցել հանրային կյանքում, սկսում է ծառայել իշխանավորին և ընդունում է այն բարքերը, որոնք իշխանավորի կողմից տրվում են, արդեն մտավորական կոչվելու իրավունքը կորցնում է: Հետևաբար, կարծում եմ, որ մտավորականությունն այսօր, որը ինչ-ինչ կերպով դեռևս գոյություն ունի, ցավոք սրտի, ընդհատակ է անցել, որովհետև չի ուզում, առաջին հերթին, լծորդվել աղբին... Միգուցե այդ պատճառով: Միգուցե այն պատճառով, որ անզորություն է զգում: Մտավորականությունն ինչ-որ չափով նաև լծակներին չտիրապետելու պատճառով շատ հաճախ դառնում է անզոր ինչ-որ բան փոխելու, թեպետ ես համամիտ չեմ այդ մտածելակերպին և այդ տեսակետին: Բարդ նյութ է: Որովհետև իշխանությունը և նա, ով ունի նյութատնտեսական, այսպես ասած, լծակներ, առաջին հերթին, պետք է միտված լինի այդ լծակներն օգտագործելու ի նպաստ առողջ մտավորականություն զարգացնելուն, դա նշանակում է ընդդիմադիր մտածելակերպ զարգացնելուն, որովհետև միայն մտավորականն է, ազնիվ մտավորականը, որ կարող է այն բացերը ներկայացնել, որոնց պետք է ուշադրություն դարձնի նա, ով լծակներին տիրապետում է, ու շտկի: Այնինչ տեսնում ենք մի միջավայր նախկին ավանդ ունեցողների, որոնք այսօր պարզապես կերակրատաշտակին մոտենալուց հետո ոչինչ չեն անում, որ տեսակը զարգանա: Բայց մտավորականի դերն այսօր ավելի անհրաժեշտ է, քան որևէ մեկի դերակատարումն այս իրականության համար: Եվ միգուցե թող կոչ հնչի, ամեն մեկն իր շրջանակներում առանց նայելու՝ ով ինչ է անում, ինչպես է անում, փորձի իր ուժերի չափով ինչ-որ մի բան իրականացնել իր ազգին ի նպաստ, ինչպես ինքը պատկերացնում է, որ այն պետք է զարգանա: Ճահիճից դուրս գալու միակ տարբերակը, երևի թե, այն սերունդն է, որը պետք է վերցնի իր վրա պարտականությունը լինելու ազնիվ, շարունակաբար գործելու և նոմենկլատուրային մտավորականությանը պարզապես դուրս մղելու հասարակական գործառույթներից, կեղծ արժեհամակարգերի քարոզումից և այլն: Միակ տարբերակն է: Եվ կարծում եմ՝ դա պետք է արվի անհատների ռևոլյուցիայի միջոցով, երբ մի անհատ վերցնում և համախմբում է շատ փոքրիկ միջավայրում իր համախոհներին և այդ համախմբվելու արդյունքում ձևավորվում են փոքրիկ-փոքրիկ կղզյակներ, որոնք հետո միտում ունեն ձգվելու իրար և ստեղծելու մի ցամաք: 

Հասարակության այն զանգվածը, որը պետք է արժանի տեղը գրավեր, նա պարզապես լռում, հանդուրժում է: Արդյունքում էլ ունենում ենք այն, ինչ ունենք: Այսինքն՝ չհանդուրժել, ինչպես, չհանդուրժեց, օրինակ, ուկրաինացի ժողովուրդը… Միգուցե շատ բան կորցրեց, բայց իր արժանապատնությունը չկորցրեց: Իսկ արժանապատվությունը, ազգի արժանապատվությունը գյուղացու հաց վաստակելը և հասարակության լիիրավ անդամ զգալն է, քաղաքական և մշակութային որևէ գործառությունից դուրս չմղվելն է, անապահով ընտանիքին բարեկեցիկ կյանք ապահովելն է, աշխատելու կարողություն ունեցողին հնարավորություն տալն է, որ նա իր ազնիվ աշխատանքով կարողանա իր վաստակն ունենալ: Այսինքն՝ մենք այդ բոլոր հարցերում նվաստացնում ենք այդ բնակչին, և այդ հասարակության փոքրիկ-փոքրիկ օջախները սկսում են կամաց-կամաց նվաստանալ, և քանի որ չկան հոգևոր և մշակութային, առանցքներ, ուղենիշներ, նրանք ընդունում են ավելի հեշտ ճանապարհ՝ պարզապես հեռանալ և դառնալ մի ուրիշ մշակույթի մասնիկը: Միգուցե  շատ ավելի առողջ են լինում հոգեպես, որովհետև այնտեղ նրանց համար բարենպաստ իրականություն է ստեղծվում: Այնպես որ մտավորականի դերակատարումն այդ առումով կարծում եմ, սարսափելի  մեծ է:      

-Ինչպե՞ս է օգտագործում իր մտավորականին մեր պետությունը:

-Մենք մտավորականների մի կուռ զանգված էինք: Մեկը, որ նախկինում մտավորական էր, այսօր կերակրատաշտակին մոտենալուց հետո մտավորական կոչվելու իրավունքն չունի՝ հենց այն պատճառով, որ իր տեսակն այլևս մոռացել է, այն արարչագործական մի մասնիկը, որն նրա մեջ պետք է զարգանար, և հետո կարողանար բաժանել ուրիշներին և նպաստել ուրիշների մեջ դրա զարգացմանը: Նա պարզապես հասնում է ինչ-որ մի բան կուտակելու գործընթացին և մտածում է՝ այնքան է արել, որ այլևս ոչինչ չունի անելու՝ բացի կերակրվելուց: Եվ ունենք մյուս ծայրահեղ դրևորումը. նրանք, ովքեր դեռևս իրենց կիրառման համար ձևեր չեն գտել: Թե՛ առաջինների, թե՛ երկրորդների պարագայում ես նույնիսկ ելք չեմ տեսնում: Կարծում եմ, որ ելքը երորրդների մեջ է, այն նոր սերունդն է, որն իր վրա վերցրել է թե՛ քաղաքացիական գործառություններ՝ պատասխանատվության հետ միասին, թե՛ մշակութային, առողջ զարկերակներից սնվելով՝ փորձում է հենց իր ներսում իր հասարակության համար զարգացնել: Ես ավելի շատ ապավինում եմ այն 20 տարեկաններին, և դրա համար հիմքեր ունեմ. նրանք ազատություն են տեսել, ծնվել են ազատության ներքո, նրանց վրա ազդելը շատ բարդ է, նրանք նոմենկլատուրային հարաբերություններից դուրս են, և նրանց վստահել-չվստահելու խնդիրը չկա. նրանք պարզապես պահանջում են իրենց բաժինը, և շատ լավ է, որ պահանջում են, որովհետև հենց նրանցն է: Իմ գալիք Հայաստանի զգացողությունները ես ավելի շատ կապում եմ հենց այդ տեսակի հետ: Թեպետ կա և առողջ մտավորականների մի մաս… Այս պարագայում այդ զատելն է բարդ՝ որն է առողջ, որն է անառողջ, որովհետև, եթե դու մի սխալը 40 անգամ կրկնում ես, դրանից հետո նույնիսկ սխալ էլ չի թվում, որովհետև ճշմարտությունն այդ պարագայում դառնում է մի քիչ ստորադասված, և արդյունքում արդեն կեղծ արժեհամակարգը դառնում է նորմ: Մենք այդ նորմերի մեջ ենք ապրում, և այնպիսինների ցուցակները, ովքեր հիմա կեղծ արժեհամարգ են քարոզում, ցավոք սրտի, շատ-շատ են, իսկ նրանք, ովքեր իրականությունն են ավետում, բարձրաձայնում և գոչում, շատ հաճախ խելագարի, խենթի կարգավիճակ են ստանում:

-Պետությունը ե՞րբ է արժևորում, ու՞մ:

-Եթե նայենք հետադարձ հայացքով, միշտ էլ կային պալատական մտավորական կոչվածները: Այլ խնդիր է՝ դու կարող ես այդ տեսակը չլինել, բայց ներսում լինել, իմաստությունդ կարող է ներել, որ վերցնես այն ամենը, ինչ որ պետք է վերցնես այդտեղից և կարողանաս անել, ինչ որ պետք է անես դրանից դուրս, հանուն նրա, որ տեսակդ զարգանա: Ցավոք սրտի, գինն է բարձր, և շատ հաճախ նրանք այդ գնին չեն դիմանում և հայտնվում են մի ծուղակում, որտեղ արդեն և՛ գնված են, և՛ այլևս գործառնություն չեն կարողանում անել: Դրա համար կարծում եմ, որ ծայրահեղ դրսևորումը և ընդդիմադիր մտածելակերպ ունենալը նրա հիմնական զենքն է, այսինքն՝ նա պետք է հնարավորություն ունենա իր տեսակետը միշտ արտահայտելու, իր դրսևորումը միշտ ունենալու: Եթե նա օրերից մի օր կամայականության կամ որևէ տեսակի ազդակների ներքո է այդ դրսևորումներն ունենում, արդեն մտավորականություն չի. նա արդեն վաճառված ինչ-որ մեկն է:

Պետություններ կան, որոնք առհասարակ այդ երևույթին ոչ մի լրջություն չեն տվել, և ճիշտ էլ արել են, որովհետև մշակույթը ձևավորվում է ադմինիստրատիվ պրոցեսներից դուրս, և ադմինիստրատիվ պրոցեսներից դուրս մշակույթը լինում է ազնիվ:

-Այդ դեպքում ադմինիստրատիվ օջախները կոմպետե՞նտ են ինչ-որ գնահատականներ կամ կոչումներ տալու:

-Իրենք պետք է տան այն, ինչ պետք է տան, իրենք պետք է սնեն այն, ինչը համարում են ուղենշային, այսինքն՝ եթե հայ ազգն ունի դուդուկ, նա ամեն ինչ անում է, որ այդ դուդուկը ոչ միայն դառնա շատ տարածված, այլ նաև ճանաչված լինի և բերի ինչ-որ եկամուտներ, սեփական երկրին ճանաչողություն բերի: Դա մի գործառություն է: Ունի պար, որը պետք է օրերից մի օր հասցնի աշխարհին: Մենք ունենք արժանավոր մարդիկ, ովքեր պարի ոլորտում այս ու այն գործերն են արել: Մի քիչ աջակցի այդ մարդկանց, ովքեր իրենք իրենցից արդեն դա անում են, և այդպիսի օջախներ գտնելով՝ ազնիվ, իրական մշակությով զբաղվող օջախներ գտնելով պարզապես ֆինանսավորի. նրա գործառույթն ընդամենը դա է: Ֆինանսավորի, որ դա պահպանվի: Դա կլինի, այսպես ասած, ուղենիշային և ստրատեգիական մոտեցում: Բայց եթե վերցնում ես կլարնետի փառատոն ես անում ամեն տարի, արա՛: Ազգիդ ի՞նչն է ավելանում: Այսինքն՝ պետք է առաջնորդվել՝ ի՞նչն է ազգային բնութագիրդ և ազգային արմատդ:  Ուղենիշեր ստեղծողը մտավորականությունն է: Ամեն մեկն իր հերթին ինքը պետք է այդ ուղենիշը ստեղծի՝ իր ոլորտում ասելով բացարձակի մասին առանց կոմպլիմենտարիզմի:

-Ի՞նչ հարաբերություններ պետք է ստեղծի մտավորականը պետության հետ:

-Նա պետք է հարաբերություններ երբեք չստեղծի էլ: Դա պետք է լինի անկախ մի օղակ, անկախ սուբյեկտների խումբ, որոնք իրենց գործունեության համար կաշառվելու խնդիր չունեն: Նա պետք է իմանա՝ ինչ է ուզում անել, և պետության օղակները պետք է պարզապես հնարավորություն տան նրան լիովին դրսևորվելու՝ անկախ նրա քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումներից և այլն, որովհետև նրա գործառության մեջ քաղաքացի լինելը պատվավոր, շատ կարևոր. գիծ է: Ավագ ընկերներիցս մեկի խոսքը կրկնեմ. «Մենք հիմա բնակչություն ունենք, քաղաքացի չունենք»,- որովհետև քաղաքացին գիտակցություն է, իսկ բնակիչներ շատ ունենք, ովքեր քաղաքացի դառնալու համար պետք է դաստիարակվեն: Ումո՞վ պետք է դաստիարակվեն, ո՞վ պետք է նրանց դաստիարակությամբ զբաղվի, եթե ոչ մտավորականն իր սեփական վարվելաձևով: Ո՞վ պետք է ինչ-որ մեկի ձեռքը բռնի ասի՝ դու խոզ ես, որովհետև, եթե դու քո տանը ծխելուց հետո գետնին չես հանգցնում ծխախոտը, դրսում նույն բանը չպետք է անես, և այլն, և այլն: Այսինքն՝ այդ փոքրիկ և մեծ բաժինները, որոնք բնակչից քաղաքացի են դարձնում, մենք չունենք: Մենք, ցավոք սրտի, կրթության մեջ նաև ստերեոտիպեր ունենք՝ ստրկամտական, որ մեզ կպատժեն, և դա մտավորականին այլևս մտավորականի կարգավիճակի չի բերում: Սեփական խղճի նկատմամբ առք ու վաճառքը բերում հասցնում է ընդամենը Լենինգրադյանից մինչև Ծերեթելի փողոցներ. դա հոգևոր շնություն է:  

-Իսկ ինչպե՞ս օգտագործել իշխանությանը 

-Պետությունը պետք է օգտագործի մտավորականին, ոչ թե հակառակը, պետությունը, որպես զարթուցիչ շատ հարցերում, որպես հիվանդ աղբյուրներ բացահայտող... Ի՞նչ կեղծ հայրենասիրությամբ լցված երգեր են, բոլորը սիրում են իրենց հայրենիքը, հենց գործը հասնում է իր երեխային բանակ ուղղարկելուն, ամեն ինչ անում է, չի ուղարկում, բայց հայրենիքը սիրում է, չգիտես՝ ինչու: Իսկ ո՞նց ես հայրենիքդ սիրելու, եթե այդ հայրենիքիդ կտորը տանեն ձեռքիցդ: Այսինքն՝ երբ իրականությունն սկսում է աղճատվել, կեղծ արժեհամակարգն ի հայտ է գալիս, ի հայտ է գալիս շատ հաճախ այն պատճառով, որ իրական արժեքները քնում են և թույլ են տալիս՝ իրենց տեղերը զավթեն: Ցանկացած ազնիվ բույս իր շուրջն ունենում է շատ մոլախոտեր, և այդ մոլախոտերն ամեն ինչ անում են, որ այդ բույսի հաշվին ապրեն, և օրերից մի օր այդ բույսը կարող է չորանալ, որովհեև ինքն ավելի նուրբ տեսակ է: Պետությունը պետք է միգուցե այդ ազնիվ տեսակի շուրջ աճող մոլախոտերը մաքրի, ջրի, հնարավորություն տա, որ այգում լինի այդ տեսակը:

 

«Երևակ» ամսագիր

 

 

 

 

 

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ