Շաբաթ, Մայիս 27, 2017

 21:38

ԼՐԱՀՈՍ

Երկրի իմիջը հոգածության առարկա

 

Տուրիզմի զարգացումը նպաստում է տնտեսության տարբեր ճյուղերի (տրանսպորտ, կապ, առևտուր, գյուղատնտեսություն, սպառողական ապրանքների արտադրություն և այլն) առաջխաղացմանը, ստեղծում նոր աշխատատեղեր և նոր հնարավորություններ, հանդիսանում է տնտեսության վերակառուցման ամենահեռանկարային ուղղություններից մեկը: Ոլորտի զարգացումն ապահովող ներքին լծակներից մեկը համապատասխան բարձրակարգ կադրեր պատրաստելն է: Ինչպես զբոսաշրջիկը կընկալի երկիրն ու մշակույթը՝ մեծապես կախված է գիդ-էքսկուրսավարից, քանի որ զբոսաշրջիկները իրենց հիմնական ժամանակն անց են կացնում հենց նրա հետ: Նույնիսկ ասում են, որ գիդ-էքսկուրսավարները երկրի ոչ պաշտոնական դեսպաններն են: Այս հատուկ դեսպանների պատրաստման, զբոսավարական էթիկայի ու հայկական տուրիզմի զարգացումը խոչընդոտող  և զբոսավարների աշխատանքը դժվարացնող երևույթների մասին է «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիա Բախշինյանի խոսքը:

Զբոսաշրջությունը չի սահմանափակվում զբոսաշրջիկների ներհոսքն ապահովելով և երկրի տեսարժան վայրերը ցույց տալով: Այն նախևառաջ ենթադրում է որակյալ սպասարկում, որը սկսում է գիդ-էքսկուրսավարի աշխատանքից: Գիդն առաջինն է ողջունում հյուրերին և վերջինն էլ ճանապարհում նրանց: Նրա առաջին խնդիրն, իհարկե,  Հայաստանը ներկայացնելն է: Ու հենց այստեղ է, որ պետք է դրսևորվեն նրա մասնագիտական որակները: Գիդը պետք է ճշմարտացի, իրական ներկայացնի հայկական կյանքը, առօրյան, պատմությունը, առանց գունավորումների ու չափազանցումների, առանց ավելորդությունների և ինքնագործունեության: Կարևոր է, որ զբոսաշրջիկները ամբողջական պատկերացում կազմեն Հայաստանի մասին: Սա գիդից նախևառաջ պահանջում է անցյալի ու ներկայի պատմության լավ իմացություն: Բայց այդ ամենը նա պետք է կարողանա նաև ներկայացնել առանց ձանձրացնելու: Գաղտնիք չէ, որ Հայաստան հիմնականում գալիս են ճանաչողական տուրիզմի համար, այն պատմական հետաքրքրություն ներկայացնող երկիր է, իսկ մենք ապրում ենք ինֆորմացիայի ակտիվ հոսքի դարում, երբ կոճակի մի հպումով կարող ես տիրապետել ցանկացած ինֆորմացիայի: Տուրիստներն էլ շատ բան արդեն իմացած են գալիս: Ու զբոսավարը պետք է նաև կարողանա էքսկուրսիայի հետաքրքիր սցենար մշակել, կառավարել իր ձայնի տեմպն ու տոնայնությունն այնպես, որ էքսկուրսիան դասախոսության չվերածի: Էլ չեմ խոսում այն մասին, որ յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ նաև իր մշակույթի, իր երկրի սովորույթների կրողն է, որոնց պետք է տեղյակ լինի զբոսավարը, ըստ այդմ էլ կազմակերպի նրանց հանգիստը Հայաստանում:  Սովորելու շատ բան կա:

Հայ զբոսավարների գիլդիան կոչված է հենց այդ սովորելու գործընթացը բարձր մակարդակով ու խորությամբ կազմակերպելու համար: Դեռ Խորհրդային Միությունում Հայաստանի գիդերը առաջին տեղն էին գրավում իրենց ունակություններով, գրագիտությամբ: Գիլդիան 50 պրոֆեսիոնալ գիդերի միավորում է, որը փորձում է պահպանել այդ մակարդակը: Ու դա կարծես թե հաջողվում է մեզ: Հայ զբոսավարների գիլդիան 2005թ. ընդգրկվել է Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի  (ԶԱՀՖ/WFTGA) կազմում` 150 երկրների կողքին: Իսկ 2014 թ. դեկտեմբերի 14-ին Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում WFTGA-ի հետ համաձայնագիր կնքվեց Հայաստանում ուսումնական կենտրոն բացելու վերաբերյալ: Ֆեդերացիան ուներ երկու միջազգային թրեյնինգ կենտրոններ. մեկը`Կիպրոսում, մյուսը` Սաբայում: Երրորդ թրեյնինգ կենտրոնն ունենալուն հավակնում էին նաև մեր հարևան երկրները` թե Վրաստանը, թե Իրանը, թե Թուրքիան ու Ադրբեջանը: Բայց հաշվի առնելով հայկական մտավոր ներուժը և գործող գիդերի բարձր պրոֆեսիոնալիզմը, թրեյնինգ կենտրոնը բացվեց Հայաստանում: Դասընթացները վարում են Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի կողմից հավատարմագրված 3 միջազգային և 8 ազգային մասնագետներ: Դասընթացներն անցնում են  մի քանի փուլով: Առաջին փուլը մասնագիտության հիմունքների ձեռքբերումն է, որն արդեն 11 հայ գիդեր անցել են, ստացել որակավորման սերտիֆիկատներ:  Հաջորդ փուլին կմասնակցեն նաև իրանցիներ, որոնք առաջին փուլն արդեն անցել են Կիպրոսում: Դասընթացները կազմակերպվելու են մի քանի տարին մեկ, որովհետև սխալ է աշխատաշուկան ծանրաբեռնելը: Բացի այդ մենք աշխատում ենք ենք ոչ թե քանակի, այլ որակի համար, որպեսզի դասընթացն անցած գիդերը աշխատանք ունենան և համապատասխան վարձատրություն: Աշխատելու ենք ըստ պահանջարկի: Օրինակ՝  մենք հիմա ունենք արաբերենին տիրապետող գիդերի կարիք. ամենայն հավանականությամբ դասընթացներում կընդգրկենք նաև սիրիահայերին: Մեր պահանջն է, որ թրեյնինգի համար դիմեն նրանք, ովքեր նվազագույնը 5 տարի Հայաստանում են բնակվել ու ծանոթ են մեր առօրյային, իրականությանը ու կկարողանան այն հավաստի ներկայացնել: Դասընթացների ընթացքում  հրավիրում ենք նաև դասախոսների, լրագրողների, որպեսզի սովորողները ավելի շատ հարցեր տան, պատասխաններ ստանան, և  մեր երկրի ուղին ճիշտ ներկայացնեն, ոչ մի ավելորդություն թույլ չտան, մանավանդ հիմա այնպիսի քաղաքական դրություն է, որ ճիշտ մատուցումը շատ կարևոր է: Դրա համար էլ կարևորում եմ գիդերի սերտիֆիկացման պետական պահանջի ներդրումը, որ պատահական մարդիկ չընդգրկվեն մեր շարքերում, և նրանց աշխատանքը մշտադիտարկման ենթարկվի:

Չեմ կարող իհարկե չխոսել ոլորտում առկա խնդիրների մասին, որոնք հաճախ խանգարում են զբոսավարի աշխատանքին: Խոսքն իհարկե Հայաստանի ենթակառուցվածքներում առկա թերությունների մասին է. անբարեկարգ ճանապարհներ, մարզային հյուրանոցների, ռեստորանների ոչ պատշաճ սպասարկում: Ճիշտ է, այստեղ էլ առաջին գիծ են մղվում գիդի անհատական որակները, որոնց շնորհիվ նա պետք է կարողանա փոխել բացասական տպավորությունը, շեղել տուրիստի ուշադրությունը, հենց տեղում շտկել խնդիրները: Ռուսներն ասում են՝ հիմարներն ու ճանապարհները, Հայաստանի դեպքում կասեի՝ մաքրությունն ու ճանապարհները: Այդ է նաև պատճառը, որ մեր ուսումնական կենտրոնում նախատեսում ենք նաև սպասարկման ոլորտի աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ, որոնք կբարձրացնեն ոլորտի մակարդակը ու կհամապատասխանեցնեն եվրոչափանիշներին: Մարզերում սպասարկումը զարգացնելու համար ծրագրում ընդգրկել ենք նաև զբոսավարներ մարզերից: Ճիշտ է, կան խնդիրներ էլ, որ ավելի խորքային են, օրինակ, քաղաքի մաքրությունը, որը պետք է ներքին մշակույթի վերածվի, օրեցօր քաղաքի կենտրոնից անհետացող հին շինությունները, որոնցից յուրաքանչյուրի հետ անհետանում է մի հետաքրքիր պատմություն, պակասում հնամենի քաղաքի տուրիստական գրավչությունը: 

Զբոսավարը նախ պետք է սիրի իր հայրենիքը ու կարողանա այդ սերը ներարկել օտարերկրացի տուրիստին:  Իսկ Հայաստանում տեսնելու և սիրելու շատ բան կա: Շատ քիչ են այն երկրները, որոնք այսքան փոքր քառակուսի մետրերում պարփակեն այսքան հարստություններ: Երբ տուրիստի աչքով ես նայում, իրոք տեսնում ես, որ մեր Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Տուրիստներին մեր երկրում շատ բան է գրավում՝ սկսած ճարտարապետությունից մինչև վայրի բնությունն ու գյուղական կյանքը, անգամ հայկական մրգի ու բանջարեղենի համն  է նրանց համար աննման: Իրոք Հայաստանը տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ ունի, բայց Հայաստանը նաև արտասահմանում ներկայացվելու անհրաժեշտություն ունի: Միայն տուրիստական ցուցահանդեսները քիչ են, չէ՞ որ Հայաստանը աշխարհի քարտեզի վրա ընդամենը մի փոքրիկ կետ է, որի մասին շատ-շատերը չգիտեն: Պետք է հատուկ ներդրումներ արվեն այդ ուղղությամբ. նկարահանվեն Հայաստանը ներկայացնող հոլովակներ, մշակվի Հայաստանի բրենդը… Անելիքներ շատ կան: Չնայած, տարեցտարի մեծանում է Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը, կարծում ենք, որ Եվրասիական միության մեջ մտնելուց հետո թիրախային նոր երկրներ կհայտնվեն: Բայց տուրիստների հոսքը մեծացնելու համար պետք է նաև իջեցնել ավիատոմսերի, սպասարկման ոլորտի գները: Տուրիստները հաճախ են բողոքում դրանցից. մանավանդ հարևան երկրների հետ համեմատությունում այդ առումով Հայաստանը անմրցունակ է դառնում:

Ամեն դեպքում յուրաքանչյուրն իր տեղում իր գործը պետք է անի պրոֆեսիոնալ մակարդակում ու սրտացավությամբ, այդ դեպքում խնդիրներն էլ քիչ կլինեն: Մենք ինքներս ենք կերտում մեր ներկա պատմությունը, ու միևնույն ժամանակ պետք է կարողանանք պահպանել նաև անցյալինը:

 

«Երևակ» ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ