Շաբաթ, Սեպտեմբեր 23, 2017

 11:19

ԼՐԱՀՈՍ

Ուժեղ թիկունք հայկական բանակին

Երբ կազմավորվեց բանակը, զինվորի ետևից գնացողն ու նրա դժվարությունը, ցավը կիսողը մայրը եղավ: Հենց 1991-ին էլ ստեղծվեց «Զինվորի մայր» հասարակական կազմակերպությունը: «Երևակի» հյուրն է «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյանը:

-Ինչու՞ էր անհրաժեշտ նման կառույցի ստեղծումը:

-«Զինվորի մայր» հասարակական կազմակերպությունը  ստեղծվել է 1991թ. Հայաստանի նորաստեղծ բանակի կայացմանը նպաստելու համար: 1992թ. կազմակերպության կոչով համախմբվեցին 300 կին-կամավորականներ, որոնք մինչև 1994թ. 16 հիվանդանոցներում խնամեցին շուրջ 2.5 հազար վիրավոր ազատամարտիկների: Իսկ պատերազմից հետո՝ 1995թ., կազմակերպությունը  բացեց հոգեբանական-վերականգնողական կենտրոն զոհված ազատամարտիկների մայրերի համար: Դրա շնորհիվ կյանքի նկատմամբ  հետաքրքրությունը կորցրած բազմաթիվ մայրեր գոտեպնդվեցին և վերադարձան նորմալ կյանք: 1989 թվականին Մոսկվայում կազմակերպվեց զինվորների մայրերի հավաք: Հավաքվեցին ակտիվ կանայք, ովքեր ցանկանում էին պարզել, թե ինչու են ռուսական բանակի համար հայ տղաների հավաք կազմակերպում, 114 հայ զինվոր սպանվեց այդ ժամանակ: Մայրերն անհանգիստ էին և համախմբվեցին մեր շուրջ, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում, և ինչ կարող ենք անել: Մենք արդեն ձևավորված կառույց էինք, պատրաստ էինք աջակցել, խնդիրները բարձրաձայնել և լուծում գտնել բոլոր հարցերին: Որպես զինվորի պաշտպանի՝ մեզ շատ լավ ճանաչում էին, տարբեր հարցերով դիմում և մենք աջակցում էինք, որքան կարողանում էինք: Մեր նախաձեռնող խումբն իր վստահությունը հայտնեց խմբի գաղափարների ակտիվ իրականացնող, մոսկովյան հավաքի մասնակից   տիկին Գրետա Միրզոյանին, որ նա ղեկավարի խումբը:  Աշխատում էինք ծանր պայմաններում, ունեինք ընդամենը մի սենյակ, որտեղ և՛ աշխատում էինք, և՛ մարդկանց ընդունում, բայց բավականին մեծ ձեռքբերումներ էինք գրանցում ու ծրագրեր իրագործում, և դա գնահատվում էր անգամ պետության կողմից:

-  Ո՞րն է կազմակերպության դերն այսօր:

-Ամեն օր բազմաթիվ կանայք են զանգահարում ու գալիս, որոնք աջակցություն են  խնդրում և իրենց աջակցությունն առաջարկում: Այս 24 տարիների ընթացքում կազմակերպությունը շատ փոփոխությունների է ենթարկվել թե՛ տեխնիկական, թե ուսուցման առումով: Փոխվել է նաև բանակը: Ցուցանիշ է այն, որ եթե նախկինում խոսում էինք, թե որքան հիվանդների ու ինչ ծառայություններ ենք կարողանում մատուցել, ինչպիսի խախտումներ են արձանագրվում զորակոչի ժամանակ, ինչ են ուտում զինվորները, ինչու չեն ստանում համարժեք  բուժօգնություն, ապա այսօր խոսում ենք այդ ամենի որակի մասին: Մենք կայանում ենք օր օրի: Այսօր արդեն մայրերը հանգիստ են, զորակոչիկներն՝ ավելի հասուն ու պատրաստ: 2008թ-ից մինչ օրս կազմակերպությունն ընդգրկված է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կազմում, ինչպես նաև մասնակցում է խորհրդին կից ստեղծված զորակոչային հանձնաժողովի աշխատանքներին: Իրենց առողջական վիճակի վերաբերյալ անտեղյակությունը զորակոչիկների շրջանում հիմնական խնդիրներից է: Շատ կարևոր է տեղեկատվության տարածումը, որպեսզի տղաները առողջ ու պատրաստ լինեն ծառայության համար:

Զինծառայողներին և նրանց ընտանիքներին աջակցություն. սա է եղել և մնում մեր առաքելությունը: Մենք աջակցում ենք մեր զինծառայողներին, լուծում նրանց առողջական, կրթական, իրավական և այլ խնդիրները:

-Այդ աջակցությունը ի՞նչ նոր ծրագրերով է համալրվում:

Զինվորականների ընտանիքների ֆիզիկական հատուկ կարիքներ ունեցող 30 երեխաներ այս տարվա հունվարի 1-ից առաջին անգամ հաճախում են Ազգային գեղագիտական կենտրոն: Կրթական այս  ծրագրի նախաձեռնողն ու հեղինակը մեր կազմակերպությունն է: Դրանք իրականացվում են նաև ՀՕՖ-ի ֆինանսական աջակցությամբ: Գաղափարը ծնվեց, երբ սկսեցինք առողջապահական մոնիտորինգներ անցկացնել բանակում: Պարզվեց՝ կան ընտանիքներ, որտեղ երեխաներն ունեն առողջական խնդիրներ և կարելի է ասել ոչ թե մեկուսացած, այլ  զերծ են լրացուցիչ ուսումնական հաճախումից, արտթերապիայից: Մենք հպարտ ենք, որ կարողանում ենք օգնել այս երեխաներին: Եվ ուրախ ենք, որ օգնում ենք մեր սպաներին՝ իրենց ընտանիքների վրա զգալու բանակ-հասարակություն կապի իրական ներգործությունը: Այսօր հասարակությունը գնահատում է նրանց դժվարին ծառայությունը, վստահում է նրանց և փորձում է ուժերի ներածին չափով աջակցել նրանց ընտանիքներին: Ընտրված 30 ընտանիքներն էլ շատ լավ ընտանիքներ են: Մենք կարող ենք ավելի շատ երեխաների գեղագիտական դաստիարակությունն ապահովել, միայն թե ունենք ռեսուրսների խնդիր: Հավատացնում եմ, որ հիմա էլ 30-40  երեխա սպասում են, թե երբ տեղ կբացվի իրենց համար: Սա վերաբերում է ինչպես Երևանում և երևանամերձ շրջաններում տեղակայված զորամասերի ծառայողներին, այնպես էլ մյուս տարածաշրջաններում ծառայություն անցնող սպաների ընտանիքների երեխաներին:

 Նոր ծրագրերից մեծ ակնկալիքներ ունենք: Կան ներառական կրթության տարբեր ձևեր, բայց այս ծրագիրն առաջարկում է երեխայի՝ որպես անհատի զարգացումը: Ունենք երեխաներ, որոնք զբաղվում են նկարչությամբ, քանդակով, ասեղնագործությամբ, կավով, վոկալով և իրենց հետաքրքրող այլ ոլորտներով: Ունենք հոգեբաններ, որոնք  շատ կարևոր կամավորական աշխատանք են կատարում երեխաների հետ: Ներգրավված են բոլոր այն երեխաները, որոնք ունեն առողջական խնդիրներ, բայց թե՛ իրենք, թե՛ իրենց ծնողները կարևորում են կրթությունը: Սա հիանալի տարբերակ է:

Մեր կողքին են շատերը, և աջակցություն ենք ցուցաբերում ոչ միայն մենք, այլև մեզ են աջակցում մեր բոլոր նախաձեռնություններում:

 

«Երևակ» ամսագիր

 

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ