Շաբաթ, Մայիս 27, 2017

 21:31

ԼՐԱՀՈՍ

Պետություն և մտավորականություն .ո՞վ ո՞ւմ հեռացրեց իրենից. Վահան Արծրունի

Պետություն և մտավորականություն կապը միշտ խնդիր է այն ժամանակ, երբ պետության մեջ մտավորականությունն ընկալվում է ոչ թե որպես բուրգի վերևի հատված, այլ ստորադասված ինչ-որ մի խավ: Սովետական ժամանակ նույնիսկ անվանումն էին փոխել, ասում էին՝ прослойка интеллигенции, որը գտնվում էր բանվոր դասակարգի և կոլտնտեսականների արանքում: Սրա պատճառով էլ, կարծում եմ, այդ պետությունը կործանեց ինքն իրեն: 80 տարի չդիմացավ. ամենակարճ կայսերական կյանք ունեցող դեպքն է դա եղել համաշխարհային պատմության մեջ: Ինչ վերաբերում է մեր իրականությանը, ապա կարծես թե այդ ավանդույթները շարունակվում են: Ո՞նց կարելի է ստորադասել մտավորականին, ենթադրենք, կրթություն տվող գիտնականին կամ մանկավարժին, կամ դասախոսին՝ ընդամենը չգնահատելով նրա աշխատանքը: Այսինքն՝ բավական է ոչ ադեկվատ գնահատել նրան ֆինանսապես, և մտավորականը սկսում է իրեն ստորադասված զգալ, կամ բավական է շեղել գնահատման արժեհամակարգը: Օրինակ՝ վաստակավորի կոչումը շնորհելով ռաբիզ, ճաշարանային երգչին՝ սկսում ես շեղել արժեհամակարգը, որով հանրությունը սովոր էր դատել արտիստին: Իսկ երբ շեղում ես հիմնային պատկերացումները, ապա իջեցնում ես քաղաքակրթական նշաձողը, ու դա հանգեցնում է նրան, որ այդ հանրությունը կորցնում է ուղենիշերի զգացողությունը, այսինքն՝ կորցնում է ճաշակի պատկերացման իր սահմանները և վերջիվերջո չի կարողանում ինքն իրեն կողմնորոշել, ենթադրենք արվեստի դաշտում կամ կրթության ոլորտում: Նա չգիտե՝ լա՞վ կրթություն է ստանում, թե՞ վատ, կամ գիտնականը չգիտե՝ կարևո՞ր գործ է անում, թե՞ ոչ այնքան կարևոր:    

-Ինչպե՞ս է օգտագործում իր մտավորականին մեր պետությունը:

-Չի օգտագործում: Հենց խնդիրը դա է, որ չի օգտագործում: Կան մարդիկ, որոնք ընտրել են այդ ճանապարհը, ստացել են այդ մասնագիտությունը և չեն ուզում փոխել իրենց նախասիրությունները, իրենց մասնագիտությունը և իներցիայով շարունակում են մնալ այդ բնագավառներում: Սա մի միտում է: Երկրորդ միտումը. մարդը, որը խոշոր գիտնական է կամ ճանաչած արվեստագետ, որոշում է իր ժամանակը չկորցնել այստեղ, ճամպրուկները հավաքում է և գնում է այնտեղ, որտեղ գնահատվում է ըստ արժանվույն կամ գտնում է դաշտ, որտեղ նա կարող է զարգացնել իր ստեղծագործությունը, զարգացնել իր գիտելիքները, այսինքն՝ ապահովել իր մասնագիտական առաջընթացը: Արվեստագետի համար դա շատ կարևոր է. նախ զգալ, որ ինքը պահանջված է, երկրորդը՝ հնարավորություն ունենալ խորացնելու և զարգացնելու սեփական մտային ոլորտը:  

-Կոչումներն ու պարգևները գնահատակա՞ն են, թե առնելու միջոց: 

Ես մի դասական օրինակ բերեմ: Երբ Ավետ Տերտերյանին շնորհեցին, կարծեմ, Герой Социалистического труда, թե Орден Трудового Красного Знамени, նրան հարցրին՝ այդ պարգևը քո ինչի՞ն է պետք: Նա շատ խելոք մի պատասխան տվեց. «Իսկ նրանք ուրիշ ի՞նչ ունեն ինձ տալու»: Այսինքն՝ նրանք ուրիշ ոչինչ չունեն տալու, ինչ ունեն՝ դա են տալիս: Այսինքն՝ պետությունը պարտավոր է արժևորել իր արվեստագետին: Դա պետության պարտքն է: Բայց, ճիշտն ասած, հիմա այնպիսի արժևորումների մի շարք է գնում, որը գիտակից մարդկանց լուրջ տարակուսանքի առիթ է տալիս: Չեն հասկանում՝ ինչու այս մարդուն արժևորեցին, տվեցին բնակարան, այս մեկին ժողովրդականի կոչում տվեցին, երբ ավելի արժանի մարդիկ, որոնք իրապես ավելի ծանր և ավելի բովանդակային կշիռ ունեն, ստեղծագործական ուղի են անցել, և ավելի հղկված ձևի է բերված իրենց ստեղծագործությունը, անտեսված են կամ ստիպված են ճամպրուկները հավաքել ու երկրից գնալ: Այսինքն՝ նույն խնդիրն է, արժեհամակարգի չգիտակցված լինելու խնդիրն է: 

-Ի՞նչ չափանիշներով են առաջնորդվում պարգևներ շնորհելիս:

Այ, սա միակ հարցն է Ձեր շարքից, որի պատասխանը ես չգիտեմ: Ես չգիտեմ՝ ինչ չափանիշներով են գնահատում: Երբ այս տարի, օրինակ, վաստակավոր արտիստի կոչում տրվեց Քրիստինա Սահակյանին, որը 20 տարի աշխատում է Օպերայում և մեր Օպերային թատրոնի աստղերից է, դա ինձ համար տարակուսանքի առիթ չեղավ, կամ երբ այդ կոչումը ստանում է Մերուժան Տեր-Մինասյանը, որը 30 տարվա սոլիստն է մեր սիմֆոնիկ նվագախմբում, իմ մեջ դարձյալ որևէ հարց չառաջացավ, որը կվերաբերեր գնահատման չափանիշներին, արժեհամակարգին: Բայց երբ նույն սրահում և նույն ժամանակահատվածում այդ կոչումը ստանում է, ենթադրենք, ռաբիզը կամ ճաշարանային երգիչը, ես սկսում եմ չհասկանալ՝ արդյո՞ք այս արժեհամակարգով, որով դատվել է արժանավորը, կարելի է արժևորել նաև այս տեսակը:      

-Անտեսվելու մեջ մտավորականն իր դերը, մեղքն ունի՞:

Մտավորականն այն մարդկային տեսակն է, որը մտնում է այդ դաշտ, որովհետև կոչում ունի, որովհետև ինչ-որ ներքին մղում ունի հանրությանն օգուտ տալու, բառիս բուն իմաստով օգուտ տալու: Ի՞նչ մեղքի մասին կարելի է խոսել, երբ նա ընտրել է ճանապարհ, ենթադրենք, նա մանկավարժ է դպրոցում կամ եթե ամբողջ կյանքը նվիրել է պարին, իր շահը ո՞րն է, որ մեղքը լինի որը: Մտավորականի աշխարհն այնպիսի մի ոլորտ է, որը չի ենթադրում շահ, հանրային պատկերացման շահը: Այդտեղ լրիվ այլ համակարգ է, որն այդ մարդկանց գոհացնում է, որն այդ մարդկանց թույլ է տալիս զարգացնել սեփական ներուժը և վերջիվերջո ծառայել ազգին և նույն պետությանը: Մտավորականությունն ի՞նչ մեղք կարող է ունենալ, եթե մտավորականությունը միակ խավն է յուրաքանչյուր հասարակության մեջ, որը տալիս է իրական պատկերը մարդկային կյանքի, կեցության, և միակ հնարավորությունն է յուրաքանչյուր հանրության համար որոշակի իդեալների շրջանակներում մնալ: Հասկացությունը ազատության մասին, բարոյականության մասին, ազնվության մասին, արժանապատվության մասին տալիս է մտավորականությունը, որովհետև մնացած բոլոր ոլորտները՝ տնտեսական դաշտից սկսած, հակառակ ուղղությամբ են աշխատում, այսինքն՝ քանդում են այդ հասկացությունները, և ներսի մարդիկ ավելի հակված են խեղաթյուրելու այդ սկզբնական հասկացություները: 

-Ի՞նչ հարաբերություններ պետք է ստեղծի մտավորականը պետության հետ:

-Մտավորականն ի սկզբանե, իր կոչմամբ արդեն հանրության և պետության ծառա է: Այսինքն՝ նրա զբաղմունքի հիմնական էությունը հետևյալն է՝ ամենաբարձր իմաստով ծառայել ազգին: Եթե Կոմիտասի նյութերը կարդաք, նա ասում է. «Գիտակցաբար ես ընտրեցի ազգի զավակի և ազգին ծառայելու ճանապարհը»: Սա մտավորականության գործառույթն է, և այդ գործառույթից մտավորականությանը դուրս բերելը և շեղելն ի շահ պետության չէ: Երբ քո մտավորականը ստանում է ամիսը 30 հազար դրամը չգերազանցող աշխատավարձ, նշանակում է դու դրդում ես մտավորականին կամ երկրից հեռանալ կամ ոլորտը լքել և զբաղվել այլ գործով: Այսինքն՝ լայն իմաստով պետությունը կորցնում է այդ ոչ նյութական արժեքները կրողին, դաստիարակողին և հանրությանը կրթողին: Այդ առումով պետության պատասխանատվությունը մտավորականության առաջ շատ ավելի բարձր է, քան մտավորականության պատասխանատվությունը պետության առջև, որովհետև մտավորականն ի սկզբանե իր կոչմամբ զբաղված է այն բանով, ինչով չի կարող չզբաղվել: Պետությունը երբ արժևորում է, նշանակություն է տալիս՝ բարձրացնում է իր վարկանիշը, իսկ երբ անտեսում է, մատնում է իր սեփական ազգին և հանրությանը տգիտության, անբարոյականության և հիմարության:

-Ասում եք՝ պետությունն ավելի պատասխանատու է, բայց հաճախ մտավորականն է ստիպված լինում առաջին քայլն անել՝ գնալ և դռներ թակել:

-Մեր պետությունում ինչ ասես, որ չի անում մտավորականը: Այսինքն՝ մարդ, որը չի ուզում իր ոլորտից դուրս գալ, բայց ստիպված է դա անել, չէ՞: Օրինակ, քանդակագործը կոչված է բրոնզից ձուլելու իր արձանները, բայց եթե Հայաստանում չկա ձուլարան, ուրեմն պետք է իր մտահղացումն իրականացնի այնտեղ, որտեղ կա: Ռուսաստանում կա մեծ ձուլարան: Հիմա եթե իր երկրի ներսում չկա այդ հնարավորությունը, նշանակում է նա չպետք է՞ իր գործն անի: Ես հատուկ նման օրինակ եմ բերում, որը կապված է որոշակի ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների հետ: Այսինքն՝ եթե դու խոշոր մասշտաբի արձան չես ձուլում քո պետության մեջ, նշանակում է, որ ես կամ պետք է իմ բնակավայրը փոխեմ, գնամ այնտեղ, որտեղ այդ հնարավորությունը կա, որպեսզի իմ նպատակն իրականացնեմ, կամ փոխեմ, դավաճանեմ ինքս ինձ և զբաղվեմ, ենթադրենք, տաքսի վարելով: Բայց ի վերջո ո՞վ է կորցնում: Պետությունը: Երբ գալիս է պահը, որ մոնումենտալ արձան է պետք, չկա այդ մասնագետը, արդեն հայտնվել է Ռուսաստանում կամ Ֆրանսիայում կամ Իտալիայում: Եվ նման շատ օրինակներ կան, որ նրանք այնտեղ գնահատվում են անմիջապես, իրենց տեղն են գտնում այնտեղ, որտեղ կա համակարգ, որն անմիջապես ըստ արժանվույն կարող է գնահատել մտավորականի նշանակությունը և չափը: Եվ այդ համակարգն այլևս նրան բաց չի թողնում, որովհետև նա արժեք ստեղծող է: Դու ծնվե՞լ ես Հայաստանում, ձևավորվե՞լ ես Հայաստանում, շատ լավ: Հայաստանը չի՞ գնահատել, մենք կգնահատենք: Արի, բոլոր պայմանները ստեղծված են քեզ համար: Իսկ դա արդեն պետական գործառույթ է, հասկանու՞մ եք:  Պետության խնդիրն է այստեղ օգտագործել այն հանգամանքը, որ այս մարդը ոչ թե Վրաստանում է ծնվել կամ Յակուտիայում, այլ այստեղ է ծնվել, այստեղ է ձևավորվել, ու իր ստեղծած նյութը միայն կարող է օգտակար լինել և աշխատել ի նպաստ սեփական պետության:   

«Երևակ» ամսագիր

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ