Երեքշաբթի, Մայիս 30, 2017

 07:36

ԼՐԱՀՈՍ

Ինչու Գորբաչովը ԽՍՀՄ-ի բանակը հանեց հայերի դեմ

 

ԻՆՉՈՒ ԳՈՐԲԱՉՈՎԸ ԽՍՀՄ-Ի ԲԱՆԱԿԸ ՀԱՆԵՑ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ


1990թ. մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհրդը ընդունեց ՙՀՀ տարածքում ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ համամիութենական հանրաքվե չանցկացնելու մասին՚ որոշումը: Այդ որոշումն ընդունելու իմաստը, ինչպես ընդունման օրերին, այնպես էլ` մինչ օրս, որեւէ կերպ չի մեկնաբանվել, չնայած որ այն առանցքային դերակատարություն ունեցավ Հայաստանի նորագույն պատմության հետագա ընթացքի վրա:

ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՙԿՈԼՑՈՆ՚` ԸՍՏ ՄՈՒԹԱԼԻԲՈՎԻ

Ինչու, ում նախաձեռնությամբ Հայաստանը որոշեց չմասնակցել մարտի 17-ին տեղի ունեցած ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեին այն դեպքում, երբ մեր երկիրը վերջիններից մեկն էր Խորհրդային միության կազմից դուրս եկած միութենական հանրապետությունների ցանկում:

Ահա այս հիմնական հարցերի պատասխանն է, որ կփորձենք գտնել մեր հոդվածաշարում: Սակայն մինչ պատճառներին հասնելը, նախ տեսնենք այն հետեւանքները, որն ունեցավ Հայաստանի ԳԽ-ի տվյալ որոշումը:
Թող տարօրինակ չթվա, սակայն 1990 թվականների սկզբներին գործող քաղաքական լիդերներից, թերեւս, միայն Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովն է, որ վերջերս փաստեր ներկայացրեց, թե Հայաստանի վրա ինչ ՙնստեց՚ միութենական հանրաքվեին չմասնակցելու հիշատակված որոշումը: Այսպես. Մութալիբովը վերջերս տված իր հարցազրույցներից մեկում պատմում է, թե ինչո±ւ ի տարբերություն Վրաստանի եւ Հայաստանի, Ադրբեջանը, որը հետագայում մեզանից էլ շուտ հռչակեց իր անկախությունը, մարտի 17-ին մասնակցեց միութենական հանրաքվեին: ՙ1991թ.ի ապրիլին մեզ հաջողվեց ձեռք բերել Գորբաչովի մեկ հանձնարարական: Իրականում, Ղարաբաղում ապօրինի զինված խմբավորումների զինաթափման ու անձնագրային ռեժիմ մտցնելու մասին որոշումը գոյություն ուներ վաղուց: Սակայն դա միայն թղթի վրա էր: Սա ես առաջին անգամ եմ ասում:
1991թ. ես զրուցեցի ամերիկացի նախկին հետախույզների հետ, որոնք հետեւում էին Բաքվում տիրող իրավիճակին: Ես խնդրեցի, որպեսզի ինձ փոխանցեն հայամետ կոնգրեսականների կողմից ստորագրված մի նամակի պատճեն: 40 ամերիկյան կոնգրեսականներ դիմել էին նախագահ Ջորջ Բուշ ավագին, որ նա ճնշում գործադրի Գորբաչովի վրա եւ թույլ չտա կյանքի կոչել այդ կարգադրությունը: Այդ հարցում մենք ՙկոտրեցինք՚ Գորբաչովին: 1991թ. մարտին անցկացրեցին հանրաքվե:
Ես գիտեի, որ այդ հանրաքվեն որեւէ հատուկ կարեւորություն չունի, միեւնույն է, Խորհրդային Միությունը փլուզվում էր եւ կործանվելու էր: Պետք էր օգտվել դրանից: Հանրաքվեից մեկ օր անց ցույց տվեցի արդյունքները Գորբաչովին` ասելով. ՙԱդրբեջանական ժողովուրդը արդարացիորեն վիրավորված է քեզնից, բայց ամեն դեպքում քվեարկել է ԽՍՀՄ-ի պահպանման օգտին՚: Նա ուրախացավ:
Ասացի, որ ո°չ Հայաստանը եւ ո°չ էլ Վրաստանը չեն մասնակցել հանրաքվեին: Ազգայնամոլության առումով մենք ետ չենք մնում ո°չ Հայաստանից, ո°չ Վրաստանից. մենք էլ բավականին ազգայնամոլներ ունենք: Ուստիեւ հանրաքվեի փաստաթուղթը որոշակի գին ունի: Նախ` ո±րն է այդ գինը: Ես պատասխանեցի. ՙՁեր կարգադրությունը կա, որը սակայն չի իրագործվում: Մաքրե°ք Ղարաբաղը՚՚:
Եվ դրանից արդեն մեկ ամիս անց խորհրդային բանակն անցավ հարձակման: ՙԱպրիլին Ադրբեջանում տեղակայված զորամիավորումները` Ադրբեջանի ՆԳՆ-ի ՕՄՕՆ-ի հետ միասին, ավազակներից մաքրեցին 24 գյուղ: Այդ սարերում ուժեղ հայկական բազաներ կային` պրոֆեսիոնալ բանակին դիմակայություն ցուցաբերելու ընդունակ: Տեր-Պետրոսյանը շատ էր տխրել… Ինձ ասաց, որ չի ների ինձ դրա համար: Այդ ժամանակ ես հասկացա, որ նրանք` հայերից վրեժխնդիր են լինելու՚: 
Այն օրերի հայաստանյան փաստացի իշխանությունները կարո±ղ էին դեպքերի նման զարգացումը կանխատեսել. իհարկե, առավել եւս, որ Մութալիբովին դա հաջողվել էր անել: Ուրեմն չկանխատեսեցի±ն, թե±... Բայց ի±նչը պետք է Մութալիբովին ներեր կամ չներեր Տեր-Պետրոսյանը: Չէ± որ նրանք արդեն փաստացի թշնամի երկրների ղեկավարներ էին: Իսկ նման դեպքում, եթե հակառակորդը քեզանից հեռատես է գտնվում, ոչ թե ներել-չներելու խնդիր է առաջանում, այլ` այդ նոր իրավիճակից դուրս գալու կամ, ասենք, հակառակորդին պատժել-չպատժելու: Իսկ Մութալիբովի խոսքից ստացվում է, որ Տեր-Պետրոսյանը չգիտես ինչո±ւ իրենից նեղացել, վիրավորվել էր: Ինչո±ւ, արդյո±ք Մութալիբովը չէր խոստացել, որ Ադրբեջանն էլ չի մասնակցելու միութենական հանրաքվեներին, ու վերջում պարզապես խաբեց եւ կարողացավ օգտվել Գորբաչովի բարեհաճությունից...

ԱՌԱՋԻՆ ԹԻՐԱԽԸ ԳԵՏԱՇԵՆ-
ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ


Ստացվում է բավականին պարզ իրավիճակ. Մութալիբովն իր հավատարմությունն է դրսեւորում Գորբաչովին, նա էլ թույլ է տալիս խորհրդային բանակին` լուծել Ադրբեջանի համար կենսական նշանակության երկու խնդիր: Առաջինը. զինաթափել ԼՂԻՄ-ի, դրան հարակից հայաբնակ մի շարք առանցքային նշանակություն ունեցող բնակավայրերի եւ բուն Հայաստանի որոշ սահմանամերձ շրջանների պաշտպանությունն իրականացնող նոր-նոր ձեւավորված զինված խմբավորումները: Երկրորդը. հայաթափել ռազմավարական նշանակություն ունեցող որոշ տարածաշրջաններ, մասնավորապես` Գետաշեն-Մարտունաշեն գյուղերի ենթաշրջանն ու Շահումյանի շրջանը: Դժվար չէ կռահել նաեւ, թե ինչու էին հատկապես այդ թիրախներն ընտրված: Նախ հասկանալի է, որ հայաթափումն այն պահին ողջ Ղարաբաղով մեկ իրականացնել պարզապես հնարավոր չէր: Մի կողմից` փլուզվող ԽՍՀՄ-ի համար դա լուրջ ռեսուրսներ եւ ուժեր կպահանջեր, մյուս կողմից էլ` խոսքն ավելի քան 200 հազար մարդու մասին էր, եւ նման զանգվածային տեղահանումը, որը, հասկանալի է, կուղեկցվեր լուրջ դիմադրությամբ եւ մեծ զոհերով, կառաջացներ լուրջ աղմուկ ողջ աշխարհով մեկ: Մութալիբովը, ով այդ պահին արդեն պարզ գիտակցում էր, որ ԽՍՀՄ-ը փլուզվում է, Ղարաբաղին ամբողջական զինաթափելով` պարզ խնդիր էր լուծում: Միության փլուզումից հետո անզեն մնացած ԼՂԻՄ-ը հազիվ թե կարողանար ինքնորոշման կամ Հայաստանին միանալու մասին մտածել: Առավել եւս, եթե էս գլխից վերահսկողության տակ առնվեր Ղարաբաղի դարպասների համարում ունեցող Շահումյանը: Իսկ Շահումյանին հասնելու համար էլ նախ պետք էր լուծել Գետաշեն-Մարտունաշեն հատվածի խնդիրը: Սակայն, խոսքը ռազմական տեսանկյունից շատ բարդ տարածաշրջանի մասին է, որը հետագայում` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, նվաճելը գործնականում անլուծելի խնդիր կդառնար Ադրբեջանի համար: Եվ, ահա Մութալիբովը գտավ լուծումը` այդ տարածաշրջանը նվաճել խորհրդային բանակի ձեռքով:
Ամեն դեպքում, փաստն այն է, որ ՙԿոլցո՚ օպերացիային առաջին եւ ամենածանր հարվածը հենց Գետաշեն-Մարտունաշենի ուղղությամբ էր: Ընդ որում, եթե այլ ուղղություններով գործողությունները սկսվեցին ապրիլի 30-ին, ապա` մասնավորապես Մարտունաշենում, խորհրդային զորքերը արդեն ապրիլի 19-ին սկսեցին մարտական գործողություններ:
Մարտունաշենում այդ ինքնապաշտպանական մարտերին հիմնական մասնակցություն ունեցած ՙԱրաբո՚ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու ջոկատի մի շարք մարտիկներ երեկ ՍԻՆ ՙԱզդակ՚ ակումբում լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմեցին ինչպես այդ օրվա, այնպես էլ` ապրիլի 30-ի հիմնական մարտական գործողությունների մասին, որոնց արդյունքում տապալվեց Գետաշենն ու Մարտունաշենը: 

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ. Իրավունք



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ