Կիրակի, Սեպտեմբեր 24, 2017

 19:45

ԼՐԱՀՈՍ

Իրանը և ինտերնետը

 

Կալիֆորնիական Wired IТ-ռեսուրսը հակավիրուսային ծրագրեր մշակող ռուս մասնագետ Եվգենի Կասպերսկուն ներառել է աշխարհի ամենավտանգավոր մարդկանց տասնյակում։ Wired-ն իր ընտրությունը բացատրում է նրանով, որ «Կասպերսկու լաբորատորիան» ակտիվորեն մասնակցում է Իրանի դեմ ԱՄՆ վիրուսային հարձակումների վնասազերծմանը։ Մասնավորապես, հենց այդ լաբորատորիային է վերագրվում Բուշեհրի ԱԷԿ-ի դեմ ԱՄՆ-ում մի շարք էլեկտրոնային դիվերսիաների խափանումը։ Եթե այդպես է, ապա փառք ու պատիվ ռուս մասնագետներին, որոնք հաստատում են հին ճշմարտությունը. ամեն թույն իր հակաթույնն ունի, ամեն ուժ՝ իր հակաուժը։ Իսկ Կասպերսկուն «համաշխարհային չարագործների» վարկանիշում ներառելը վկայում է այն մասին, որ կիբերտարածքն այժմ ամերիկացիների կողմից դիտարկվում է որպես պայքարի հիմնական դաշտ աշխարհին տիրելու համար։ Սա հասկանում են նաև նրանք, ովքեր համաձայն չեն նման հեգեմոնիայի ծրագրերին։

Համացանցն Իրանում. առաջամարտիկը տարածաշրջանում և 80 հազար ակտիվ բլոգերներ

21 տարի առաջ, այժմ արդեն հեռավոր 1992-ի հունվարին, Իրանը դարձավ տարածաշրջանում երկրորդ (Իսրայելից հետո) երկիրը, որը միացավ համաշխարհային ցանցին, իսկ հատկացված առաջին գիծն իսլամական հանրապետությանը կապեց Վիեննայի համալսարանի հետ։ Դրանից հետո սկսվեց ինտերնետի «հաղթական երթը» երկրում. 1995թ. այն հասանելի դարձավ բոլոր քաղաքացիներին (առաջին հերթին՝ իրանական բուհերի ուսանողներին), 2000թ. արդեն երկրում ինտերնետ-սրճարանները նույնպիսի սովորական բան էին, ինչպես և պարենի խանութները, իսկ օգտատերերի աճի դինամիկան, բավական բարձր արժեքի պայմաններում, պարզապես հեղեղի էր նման։ Եթե 2001թ. հարյուր իրանցուց 2-3-ն էր ինտերնետ-օգտատեր, ապա 2005-ին արդեն նրանք 8-ն էին, իսկ 2012թ., ITU World Telecommunication-ի տվյալներով, նրանց թիվը հասավ 16 մարդու (ամբողջ Ասիայի համար, ներառյալ Հնդկաստանը և Չինաստանը, միջին ցուցանիշը 23 մարդ է)։ Ֆարսի լեզվով կայքերի թվաքանակն աճում է նույնքան արագ, որքան իրանցի օգտատերերի թիվը, իսկ ֆարսի լեզվով բլոգոսֆերան, որում այսօր մոտ 80 հազար ակտիվ մասնակից է հաշվվում, ամենաակտիվներից մեկն է ճանաչվել ինտերնետում։

Մի կողմից՝ այս ցուցանիշներն ամբողջությամբ հերքում են արդի աշխարհում իսլամական հանրապետության հետամնացության և մեկուսացման մասին մտքերը։ Մյուս կողմից՝ ամբողջովին ինտերնետացված Իրանը, ճիշտ նույն կերպ, ինչպես և մյուս պետությունները, ստիպված է վերահսկել «համաշխարհային սարդոստայնը» սեփական երկրում։ Ընդ որում՝ անհրաժեշտ է անմիջապես ընդգծել երկու հանգամանք. նախ՝ ինտերնետը վերահսկելու ձգտումը համաշխարհային միտում է, երկրորդ՝ այս ուղղությամբ կիրառվող միջոցները կրում են սեփական տեղեկատվական և ազգային անվտանգությունը պաշտպանելու բնույթ և ոչ թե արդյունք են «մոլլայապետության խավարասիրության», ինչպես երբեմն փորձում են հավատացնել մեզ։

Այն, որ սահմանափակման գործընթացը կրում է հենց համաշխարհային միտման բնույթ, երևաց 2012թ. դեկտեմբերի 3-14-ը Դուբայում անցկացված միջազգային հեռահաղորդակցությունների գծով համաշխարհային կոնգրեսում, որը կազմակերպել էր Էլեկտրակապի միջազգային միությունը (ՄԱԿ հատուկ գործակալություն)։ Ռուսաստանը, Չինաստանը և արաբական մի շարք պետություններ կոնգրեսի օրակարգ մտցրին ինտերնետի ազգային հսկողության ուժեղացման մասին առաջարկություններ՝ ուղղված IP հասցեների և դոմենների անունների բաշխման ամերիկյան ընկերությունների մենաշնորհի դեմ։ Այս նախաձեռնության հակառակորդները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, Մոսկվային և Պեկինին մեղադրեցին այն բանում, որ վերջինները ցանկանում են գրաքննություն հաստատել ինտերնետում։ Արդյունքում՝ ընդունվեց միության աշխատանքի կանոնակարգի փոխզիջումային խմբագրված տարբերակը։ Բուն փաստաթղթի տեքստում ցանցի կարգավորման մասին դրույթներ չմտցվեցին։ Բայց կանոնակարգի հետ միասին ընդունվեց «Անվտանգ միջավայրի ապահովում ինտերնետի առավել ակտիվ զարգացման համար» բանաձևը։ Դրանում յուրաքանչյուր անդամ պետությանն առաջարկվել է մշակել սեփական դիրքորոշում սույն հարցում։ Փաստորեն, սա հենց այն է, ինչին ձգտում էին ազգային կարգավորման կողմնակիցները՝ ինքնիշխան և անկախ պետությունների համար վտանգավոր ամերիկյան թելադրանքի հաղթահարում միջազգային հեռահաղորդակցությունների ոլորտում։

Ինտերնետ-հասանելիության սահմանափակման քաղաքականությունն Իրանում. արդյո՞ք ամեն ինչ այդքան խիստ է և սարսափելի

2001թ. մայիսին Իրանի ղեկավար այաթոլա Ալի Խամենեին հրաման արձակեց «Համակարգչային ցանցերի քաղաքականություն» վերնագրով, որով կարգադրեց «գլոբալ տեղեկատվական ցանցերը հասանելի դարձնել միայն լիազորված անձանց միջոցով»։ Դրանից հետո Իրանի մշակութային հեղափոխության բարձրագույն խորհուրդը նույնպես մի շարք որոշումներ ընդունեց, որոնք պետության կողմից վերահսկողություն էին սահմանում ինտերնետի հանդեպ։ Համաձայն ընդունված օրենսդրության՝ բոլոր ինտերնետ-պրովայդերները և ինտերնետ-սրճարանները պետք է կառավարությունից արտոնագիր ստանան։

2002թ. դեկտեմբերի 31-ին ընդունվեց «Դեկրետ անթույլատրելի կայքերը որոշելու համար պատասխանատու սահմանադրական կոմիտեի մասին»։ Դրանում, մասնավորապես, նշվում էր, որ «իսլամական և ազգային մշակույթի պաշտպանության նպատակներով ստեղծվում է կոմիտե, որի կազմում կլինեն տեղեկատվության նախարարության, մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարության, պետհեռուստառադիոյի, Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչները՝ որոշելու և Իրանի տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների նախարարությանը հանձնելու համար անթույլատրելի համարվող վեբ-կայքերի չափանիշները»։

2004թ. Իրանում ընդունվեց «Օրենք ինտերնետ ոլորտում հանցագործության համար պատժվելու մասին»։ Կոնտենտի մոնիթորինգի պատասխանատվությունը դրվեց ինտերնետ-պրովայդերների, կոնտենտ-պրովայդերների և հոսթինգի պրովայդերների վրա։ Իսլամական հանրապետության ներկա օրենսդրության դրույթների համաձայն՝ ինտերնետ-պրովայդերի արտոնագիր ստանալու համար հայտատուն պետք է լինի Իրանի քաղաքացի և որևէ ապօրինի կազմակերպության անդամ չլինի։ Ինտերնետ-պրովայդերները չեն կարող առանց արտոնագրի օգտագործել ցանկացած կոդ տեղեկատվություն փոխանակելու կամ որևէ հավելյալ սպասարկում (օրինակ՝ IP-հեռախոսակապ) առաջարկելու համար։ Նոր օրենսդրությունը նույնպես կանոնակարգում է վեբ-կայքերի բովանդակությունը։ Հանցագործություն է համարվում իսլամական արժեքներին, Իրանի Սահմանադրությանը հակասող կամ վիրավորող, երկրի ազգային միասնությունը սպառնալիքի տակ դնող, ապօրինի կազմակերպությունների դրական իմիջ ստեղծող, գաղտնի տեղեկատվությունը հրապարակող, ծխելու գովազդ պարունակող, պաշտոնատար անձանց վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածող նյութերի հրապարակումն ինտերնետում։

Բնականաբար, այս օրենքն արժանանում է Արևմուտքի խիստ քննադատությանը՝ որպես քաղաքացու տեղեկատվության և շփման ազատության իրավունքի խախտում։ Սակայն ինտերնետում որոշակի կոնտենտի արգելքի նախաձեռնությունը պատկանում է ամենևին էլ ոչ Իրանի կառավարությանը։ Ցանցի բովանդակության վերահսկման անհրաժեշտության մասին առաջինը սկսել են խոսել ԱՄՆ հասարակությունը, ամերիկացի երեխաների հոգեկան առողջությամբ մտահոգ մանկավարժներն ու ծնողները։ 1996թ. ԱՄՆ Կոնգրեսը պատրաստեց «Հեռահաղորդակցությունում պատշաճության նորմերի մասին փաստաթուղթը» («Communications Decency Act»), որով արգելվում էր ցանցում տեղակայել անպարկեշտ կամ բացահայտորեն վիրավորական բնույթի տեղեկատվություն։ Բայց դրա ընդունման գործընթացում պարզվեց, որ այն հակասում է ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմանը, և դրա գործողությունը դադարեցվեց։ Այնուամենայնիվ, շատ երկրներ իրենց մոտ ներդրեցին պետական մակարդակով ինտերնետի զտման գործելակերպը։

Լա՞վ է սա, թե՞ վատ։ Ինչպես հայտնի է, «սեփական գրաքննությունը նշանակում է հասարակության պաշտպանություն, ուրիշինը՝ ազատության արգելք»։ Բայց ոչ ոք չի ժխտի այն, որ արդի աշխարհում քաղաքական հակամարտություններն ավելի ու ավելի շատ են լուծվում տեղեկատվական պատերազմի մեթոդներով։ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդը 2006թ. փետրվարի 17-ին հստակ արտահայտվել է այս մասին. «Արդի պատերազմներում ամենագլխավոր ճակատամարտերը տեղի են ունենում ոչ թե Աֆղանստանի սարերում կամ Իրաքի փողոցներում, այլ Նյու Յորքի, Լոնդոնի, Կահիրեի նորությունների ստուդիաներում և այլն»։ Այն երկրները, որոնք ի վիճակի չեն հզոր հարձակողական տեղեկատվական զենք ստեղծել, ստիպված են պաշտպանվել, գոնե, օրինակ, ինտերնետի կոնտենտի զտման ձևով։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ պաշտպանությունը հատկապես անհրաժեշտ է այն դեպքում, երբ երկիրը սեփական գաղափարախոսություն է դավանում, անկախ քաղաքականություն վարում։

Վերջերս ԱՄՆ-ը միակողմանի պատժամիջոցներ մտցրեց Իրանի մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև ԻԻՀ որոշ նախարարությունների և գերատեսչությունների հանդեպ։ «Սև ցուցակում» հայտնվեցին կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռեզա Թաղիպուրը, մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարությունը և նրան ենթակա՝ մամուլի վերահսկողության խորհուրդը, «առանցքային այլ ֆիզիկական անձինք և կազմակերպություններ, որոնք պատասխանատվություն են կրում Իրանի ժողովրդի հանդեպ գրաքննության կիրառման համար»։ Ամերիկյան վարչակազմը, ինչպես ասվում է պետդեպարտամենտի մամլո ծառայության հայտարարությունում, մտադիր է «շարունակել աջակցել Իրանի ժողովրդին՝ իր արժանապատվությունն ու ազատությունը պաշտպանելու ձգտման մեջ և խոչընդոտելու է Իրանի՝ էլեկտրոնային վարագույր ստեղծելու փորձերին, որը երկիրը կկտրի «տեղեկատվության ազատ փոխանակումից»։

Այս հանգամանքին կծվահամ է ավելացնում այն փաստը, որ գրեթե միաժամանակ ավելացվեց Իրանի ընդդիմության՝ ԱՄՆ-ում գրանցված կայքերի ֆինանսավորումը։ Բայց անգամ սա չէ գլխավորը։ Իրանում հիանալի հիշում են այն մասին, թե ինչպես էր 2007թ. մերկացված, արևմտյան կոսմետիկական ընկերության «տանիքի ներքո» գործող լրտեսական ցանցն օգտագործում ինտերնետի հնարավորություններն իսլամական հանրապետության ռազմատնտեսական պոտենցիալի մասին լրտեսական տեղեկություններ հաղորդելու համար։ Չեն մոռացել նաև 2009թ. հուլիս-օգոստոսին ընդդիմադիր ելույթների ժամանակ սոցիալական ցանցերի խաղացած դերի մասին, երբ ընդդիմությունը փորձում էր բողոքարկել նախագահական ընտրությունների արդյունքները։ Իրադրության ապակայունացման նպատակով ինտերնետի հնարավորությունների օգտագործման միանգամայն թարմ օրինակ են անցած տարվա հոկտեմբերին ցանցում հայտնված տեղեկությունները Թեհրանում ոստիկանության և գործարարների բախումների մասին։ Վերջերս Իրանում արգելափակվեցին Google-ի, ներառյալ՝ Gmail-ի սպասարկումները։ Դա արվեց այն բանի համար, որպեսզի YouTube-ում չկարողանան դիտել մահմեդականների համար վիրավորական ամերիկյան տեսահոլովակը, որն առաջացրել էր իսլամական բոլոր երկրների, այդ թվում և ԻԻՀ բնակիչների բուռն դժգոհությունը։ Ուրեմն, կարելի՞ է արդյոք կշտամբել իշխանություններին երկրի բնակչությանը բռնության բռնկումներ առաջացնող սադրիչ նյութերից պատսպարելու ձգտման համար։

«Իրանի ինտերնետ-գրաքննության դաժանությունը» գնահատելիս հարկավոր է ըմբռնել այն պարզ հանգամանքը, որ իսլամական հանրապետության անկախ քաղաքականությունը, երկրի ղեկավարության՝ Իրանի ազգային շահերի հանդեպ ցուցաբերած հետևողականությունը, օվկիանոսի այն կողմից հնչող սպառնալի ճիչերը չլսելու ցանկությունը տառացիորեն կատաղեցնում են ամերիկյան քաղաքական գործիչներին, չեն թողնում, որ նրանք հանգիստ ապրեն։ Իրանի դեմ վարվել և վարվում է դաժան տեղեկատվական պատերազմ։ Նման պայմանների մեջ դրված ցանկացած պետություն ստիպված կլինի միջոցներ կիրառել սեփական տեղեկատվական անվտանգությունն ամրապնդելու համար։ Պատերազմ, ուրեմն՝ պատերազմ։ Եթե որևէ մեկն ի լուր աշխարհի սպառնում է հարևանին հրդեհել նրա տունն ու ջարդել նրա գլուխը, ապա արժե՞ արդյոք վրդովվել, որ նա դուռը շրխկացնում է նրանց քթին։ Չէ՞ որ երկերեսանիությունն էլ պետք է սահմաններ ունենա։

Անհնար է պատկերացնել, որ, ասենք, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը, Անգլիան կամ Խորհրդային Միությունը թույլ տային իրենց տարածքում հրապարակել նացիստական թերթեր, հեռարձակել ֆաշիստական ռադիոն և քաղաքներում թռուցիկներ տարածել, որոնցով բնակչությանը կոչ արվեր տապալել իշխանությունը և ծաղիկներով դիմավորել «ազատարարներին»։ Ի՞նչ «հրապարակայնություն և բացություն» կարող է լինել, երբ խոսքը կյանքի և մահվան մասին է։ Մեր ժամանակներում տեղեկատվական զենքի հզորությունն աճել է հարյուր, հազար անգամ։ Արևմուտքի կողմից փորձարկվելով Հարավսլավիայում, հետխորհրդային տարածքի շատ երկրներում, Լիբիայում և Եգիպտոսում, իսկ մեր օրերում՝ նաև Սիրիայում, այն բոլորի կողմից ընդունվում է որպես ահավոր ավերիչ ուժ՝ ի զորու ցանկացած հասարակության մեջ առաջ բերելու պաթոգեն երևույթներ, արհեստածին ճգնաժամ, ակտիվացնելու ընդվզման տրամադրությունները, քաոս սերմանելու, կաթվածահարելու մարդկանց կամքը, որպեսզի չընդդիմանան ագրեսիային։ Հենց տեղեկատվական զենքին են արևմտյան ստրատեգները հատկացնում առաջնային դերն իրենց անհարմար վարչակարգեր ունեցող պետությունների ազգային ինքնիշխանությունը կոտրելու, հակամարտություններ և քաղաքացիական պատերազմներ հրահրելու գործողություններում։

Ինտերնետ-տեխնոլոգիաներն այսօր թույլ են տալիս ողջ աշխարհի ընդդիմադիրներին տեղեկատվություն փոխանակել, շփվել և համակարգել գործողություններն այնպիսի ռեսուրսների միջոցով, ինչպիսին են Twitter-ը, Facebook-ը և YouTube-ը։ Անցած տարի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերացրեց այն արգելքները, որոնք խանգարում էին այդ ընկերություններին Իրանում, Սուդանում և Կուբայում մասնավոր անձանց ինտերնետ-էջեր դիտելու, բլոգ ունենալու, էլեկտրոնային փոստով և ակնթարթային հաղորդագրություններ փոխանակելու, սոցիալական ցանցերին մասնակցելու և լուսանկարներ ու տեսահոլովակներ տեղադրելու ծառայություններ մատուցելուն։ Այլ խոսքով՝ նախարարությունը թույլ տվեց տեղի քաղաքական ընդդիմությանը, ակտիվիստներին և լրագրողներին մատակարարել հանրային անդորրն ու անվտանգությունը կոտրելու անհրաժեշտ գործիքակազմ։

Իրան. սեփական ցանց 2013-ին

Մեզ մոտ՝ Ռուսաստանում ևս երկրի՝ այս վտանգն ընկալող բնակչության մեծ մասը, սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներով՝ կողմ է, որպեսզի բարոյական գրաքննություն մտցվի հեռուստատեսությունում և ինտերնետում, պահանջում է պատնեշ դնել մարդկանց հոգիների հոգևոր բռնության առջև։ Իրանում խոսքից գործի են անցնում. այստեղ հայտարարվել է այսպես կոչված «հալալ» կամ «մաքուր» ինտերնետի ստեղծման ծրագիր, այսինքն՝ ստեղծել ազգային ինտերնետ-տարածք՝ այնտեղ մուտք գործող տեղեկատվության մանրակրկիտ զտմամբ և մոնիթորինգով։ Բայց Իրանում միայն արգելքներով չեն գործում։

Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի է ունենում արտասահմանում տարածված, բայց Իրանի տարածքում անցանկալի ինտերնետ-ռեսուրսների ազգային անալոգների հանրահռչակում։ Այսպես, օրինակ, Mehr նոր կայքը, որի թիկունքին կանգնած է «Իրանի Իսլամական Հանրապետության հեռուստառադիոհեռարձակում» պետական ընկերությունը, պետք է մրցակցություն ստեղծի YouTube-ին։ Վերջերս թողարկվել է տեսանյութերի փոխանակման Aparat կայքը։ Ամեն կերպ գովազդվում է իրանական Cloob սոցիալական ցանցը։ Ստեղծվող ներքին ցանցի կարևորագույն նպատակը, կարելի է ենթադրել, Արևմուտքի մշակութային ազդեցության սահմանափակման ձգտումն է՝ առաջին հերթին իրանցիների երիտասարդ սերնդի վրա։ Բայց պակաս կարևոր խնդիր չէ նաև համակարգչային կառավարական ցանցերի անվտանգությունը ԱՄՆ և Իսրայելի վիրուսային գրոհներից։ Թեհրանում կարծում են, որ Stuxnetհամակարգչային վիրուսը, որը վնասել էր Բուշեհրի ԱԷԿ-ը, ուղարկել էին այդ երկրներից մեկի հաքերները։

Միայն անցած տարվա ընթացքում Իրանի դեմ կիբերպատերազմը «դրսևորվել» է մի շարք դրվագներում։ 2012թ. սկզբին հայտնաբերվեցDuqu վիրուսը, որը նախատեսված էր տեղեկատվություն գողանալու համար։ 2012թ. ապրիլին Wiper վտանգավոր ծրագիրը ոչնչացրեց Իրանի նավթի նախարարության համակարգիչների բոլոր տվյալները, ընդ որում՝ քննչական մարմինները տեղեկություններ ունեն, որ վիրուսը մտցվել է նախարարության աշխատակիցներից մեկի կողմից։ 2012թ. մայիսին Իրանի պետական գերատեսչությունների և ձեռնարկությունների մեծ թվով համակարգիչներ տուժեցին Flame համակարգչային վիրուսի հերթական կիբերհարձակումից, որի մասին խոսում են իբրև «նոր սերնդի» վիրուսի։ Եվ 2012թ. ավարտին՝ դեկտեմբերի վերջին, Հորմոզգան նահանգի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը հայտարարեց, որ անհայտ համակարգչային վիրուսի օգնությամբ հարձակում է իրականացվել երկրի հարավի էլեկտրակայանի և մի շարք այլ ձեռնարկությունների ավտոմատացված կառավարման համակարգի վրա։

«Ազգային ինտերնետի» ներքին համակարգչային ցանցը նախատեսվում է գործարկել 2013թ. մարտին։ Իրանը հիանալի ինժեներներ և ծրագրավորողներ ունի, ուստի անլուծելի տեխնիկական խնդիրներ պետք է որ չառաջանան։ Խոչընդոտ չի հանդիսանա նաև առևտրային էմբարգոն. անհրաժեշտ բոլոր սարքավորումները կարող են մատակարարել չինական ընկերությունները։ Այսօրվա դրությամբ այս ուղղությամբ արդեն բավական քայլեր են արվել. 2012թ. սեպտեմբերին Իրանի հեռահաղորդակցությունների և տեխնոլոգիաների փոխնախարար Ալի Խաքիմ-Ջավադին հայտարարել է, որ կառավարական բոլոր գործակալությունները միանում են ներքին պետական համակարգչային ցանցին, որը միացում չունի գլոբալ ինտերնետի հետ։

Երկրորդ փուլում (մինչև 2013թ. մարտ) նախատեսվում է «ազգային ցանցին» միացնել նաև շարքային քաղաքացիներին։ Բացի այդ, Իրանը նոր ծրագրային ապահովում է մշակում սոցիալական ցանցերի կայքերը վերահսկելու համար։ Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության գեներալ Իսմայիլ Ահմադի Մոհամադի խոսքերով՝ իրանցի ծրագրավորողների նոր ծրագրային ապահովումը «պատսպարելու է իրանցիներին վնասաբեր կոնտենտից՝ միևնույն ժամանակ չզրկելով նրանց ինտերնետի բոլոր առավելությունները վայելելու հնարավորությունից»։ Թշնամական քարոզչությունից, հոգևոր թմբիրից և համակարգային այլասերումից զերծ ազգային ինտերնետ-ցանցի ստեղծման փորձը հետագայում պահանջված կլինի նաև այլ երկրներում, որոնք կցանկանան պահպանել քաղաքական անկախությունն ու մշակութային ինքնությունը։ Արժե, որ այդ փորձը դիտարկի նաև Ռուսաստանը։

Գենադի Լիտվինցև  «Գլոբուս»



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ