Շաբաթ, Նոյեմբեր 18, 2017

 03:12

ԼՐԱՀՈՍ

Տվյալների պահպանման խնդիրները Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար ավելի թվայնացած երկիր է դառնում։ Միայն պետական կառույցների թվայնացումը, էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին մեկ-երկու տարվա ընթացքում քանակական և որակական լուրջ զարգացում են ունեցել։ Մասնավոր տիրույթում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը զարգանում է ավելի արագ։ Այս դրական զարգացումներին համընթաց՝ աճում է վտանգների թիվը, քանի որ տվյալների մեծ շտեմարանները հայտնվում են խոցելի դաշտում։ Խոսքն ինչպես անհատական, այնպես էլ այլ տվյալների մասին է, որոնց պաշտպանության հարցը և դրա հետ կապված տեխնիկական ու բովանդակային զարգացումներն ավելի դանդաղ են ընթանում, ինչը կարող է բերել ծանր հետևանքների։

2012-2013թթ. Հայաստանում մի քանի բավական խոշոր տվյալների շտեմարանների վրա հարձակման դեպքեր արձանագրվեցին։ Այսպես, 2012թ. մարտին ադրբեջանական հաքերները համացանցում տեղադրել էին մոտ 200 հայկական օգտատերերի էլեկտրոնային փոստի հասցեներն իրենց գաղտնաբառերով։ Նույն տարվա մայիսին ցանցում հայտնվեց մոտ 3000 հայկական էլեկտրոնային հասցե՝ իրենց գաղտնաբառով։ Հուլիսին կրկնվեց նույնը։ Բոլոր դեպքերում կային հիմնավորված կասկածներ, որ հաքերային խմբերին հաջողվել էր տվյալների շտեմարանները կորզել զանազան հայկական կայքերից, որտեղ օգտատերերը գրանցվել էին իրենց էլեկտրոնային հասցեներով։ Արդեն 2013թ. ադրբեջանական հաքերները կոտրեցին հայկական kuku.am սոցիալական ցանցը, ինչից հետո ցանցում բաց տեղադրեցին այդ կայքի օգտատերերի ավելի քան 16 հազար էլեկտրոնային հասցե։

Հարձակումներ կատարվում էին նաև դոմենային տիրույթի վրա։ 2012թ. դեկտեմբերին ադրբեջանական հաքերներին հաջողվեց թափանցել դոմենային անուններ վաճառող կայքի տվյալների շտեմարան, ինչի հետևանքով մի շարք կայքեր ենթարկվեցին հարձակման։ 2013թ. փետրվարին ադրբեջանական հաքերները հարձակում կատարեցին մեկ այլ հայաստանյան դոմենային անուններ վաճառող ընկերության տվյալների շտեմարանի վրա, ինչից հետո մի շարք դոմենային անունների գաղտնաբառերը բաց տեղադրվեցին համացանցում։ Օպերատիվ գործողությունների շնորհիվ կայքերին վնաս չհասցվեց։

Ադրբեջանական և թուրքական հաքերներն ամսական կոտրում են մի քանի տասնյակ, հաճախ նույնիսկ մի քանի հարյուր հայկական կայք։ Հիմնականում այդ կայքերի վրա հարձակումները չեն ունենում լուրջ հետևանքներ, քանի որ դրանք հասարակական կամ պետական ազդեցիկ տեղեկատվության կրող չեն հանդիսանում։ Սակայն վերջին տարվա ընթացքում հարձակումների ենթարկվեցին մի շարք կայքեր, որոնք պատկանում են անհատական տվյալներ կրող կազմակերպությունների։ Հարձակման էր ենթարկվել, օրինակ, հեռախոսային և ինտերնետ կապ տրամադրող օպերատորի կայքը։ Տվյալ դեպքում ընկերությունը պնդում է, որ տվյալների շտեմարան ներթափանցում չի եղել։ Ավելի աննկատ են անցնում հարձակումները բանկերի կայքերի վրա, չնայած վերջին շրջանում մի շարք դեպքեր են արձանագրվել։

Նման դեպքերում հանրության համար գաղտնի են մնում իրական վնասի չափը, հնարավոր տեղեկատվության արտահոսքը և այլն։ Խնդիրն այն է, որ այս ոլորտներում չկա հանրային վերահսկողություն, իսկ պետական վերահսկողությունը, եթե այն նույնիսկ գոյություն ունի էլ, թափանցիկ չէ։

 

Այլ խնդիր է, որ անհատական տվյալների պաշտպանությունն անմիջականորեն հակասում է իրականությանը։ Այսպես, «Տվյալների պաշտպանության մասին» օրենքով սուբյեկտների մասին տվյալների մշակումը, հրապարակումը ենթադրում են, որ այդ սուբյեկտը տեղյակ է դրա մասին։ Սակայն Ընտրական օրենսգրքի հոդված 7-ը ենթադրում է ընտրողների ռեգիստրի բաց հրապարակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։ Տվյալ համակարգը թույլ է տալիս իմանալ ընտրողի ծննդյան թիվը և գրանցման հասցեն։ Բացի այդ, ոստիկանությունն իր հերթին համացանցում տեղադրում է ընտրողների ցուցակներն ըստ իրենց գրանցման հասցեների, ինչը, մի կողմից, օժանդակում է ժողովրդավարական գործընթացներին, մյուս կողմից, սակայն, անհատական տվյալների պաշտպանության հետ կապված էական խնդիր է հանդիսանում։

Նման խնդիրների առկայությունը՝ մի կողմից և դրանց շուրջ հասարակական քննարկումների բացակայությունը՝ մյուս կողմից վկայում են այն մասին, որ տվյալների պաշտպանությունն ավելի լուրջ խնդիր է դառնում Հայաստանում՝ հաշվի առնելով այն փաստը, որ թվայնացման գործընթացը շարունակվում է մեծ տեմպերով։

Սամվել Մարտիրոսյան 
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ