|
Այսօր առավոտյան Շիրակի մարզի անհատ տաքսիների վարորդները հավաքվել էին Գյումրիի Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում:
Մոտ 500 անհատ տաքսիներից բաղկացած ավտոշարասյունը անցել է Գյումրու Կարսի խճուղով, Օզանյան, Շիրակացի, Ալեք-Մանուկյան, Նժդեհի փողոցներով եւ բողոք-դիմումի մեկական օրինակ հանձնել Գյումրու քաղաքապետարան եւ Շիրակի մարզպետարան: Մյուս հասցեատերերին բողոքի օրինակները հանձնվում են օրվա ընթացքում առձեռն, կամ` պատվիրված նամակներով:
Իշխանություններին ուղղված Շիրակի մարզի անհատ տաքսու վարորդների դիմում-բողոքում, ինչպես տեղեկացնում է Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբը, մասնավորապես նշվում է.
« Անհատական տաքսի ծառայությունների մատուցման համար ավտոմեքենաների արտադրության մինչեւ 10 տարեկան լինելու տարիքի պարտադրանք անհիմն է եւ անլուրջ, որովհետեւ, անկախ ավտոմեքենաների տարիքից, նրանց սարքին լինելու մասին տեխնիկական զննության դրական եզրակացությունը բավարար պայման է ուղեւորափոխադրման համար: Այլապես ինչպե՞ս ենք մենք մեր հին ավտոմեքենաներով փոխադրում մեր ընտանիքների անդամներին անձանց:
Դեղին համարանիշների առկայությունը կաշկանդում է ցանկացած անհատ տաքսու տեղաշարժման ազատությունը, որովհետեւ.
Այդ պետհամարանիշերով ուղեւորափոխադրումներ չենք կարող իրականացնել Հայաստանի սահմաններից դուրս»:
«Մենք վստահ ենք, որ վերոհիշյալ պարտադրանքները ստեղծվել են ոչ թե անհատ տաքսի վարորդներին հարկային դաշտ բերելու նպատակով, այլ
• զանազան օլիգարխների եւ պաշտոնյաների պատկանող տաքսի ծառայություններին զբաղվածություն եւ գերշահույթներ ապահովելու համար,
• ավտոմեքենաների ներմուծողների շահերը պաշտպանելու եւ նրանց բիզնեսը զարգացնելու, ի վերջո մեզնից ոմանց այդ մեքենաները վաճառելու համար,
• ավտովարկավորում իրականացնող բանկերի բիզնեսը զարգացնելու համար,
• Տաքսու աքսեսուարների (հաշվիչներ, լույսեր, պետհամարանիշեր աեւյլ) մատակարարների եւ դրանց տեղադրման ծառայությունների բիզնեսը զարգացնելու համար:
Փաստորեն մեր համոզմամբ, ստացվում է, որ հայրենի իշխանությունները փոխանակ մեր հոգսերը հոգան, այս գործողություններով մեզ մղում են աղքատության եւ արտագաղթի»,-ասված է նամակում:
Նամակագիրները նշում են, որ իրենց շահերի եւ սահմանադրական իրավունքների պաշտպանության համար պայքարելու են վճռականորեն, չեն չիջելու. «Որովհետեւ զիջելու եւ կորցնելու այլեւս ոչինչ չունենք, ժողովներ, երթեր եւ հանրահավաքներ ենք կազմակերպելու, դիմելու ենք հասարակության օժանդակությանը, այս խնդրի լուծման համար դիմելու ենք միջազգային հանրությանը, օտար երկրների իշխանություններին, արտագաղթի եւ աշխատանք ճարելու համար, ապաստան ենք խնդրելու բոլոր հնարավոր երկրներից, իսկ ծայրահեղ դեպքում` Թուրքիայից»:
Դիմումը ստորագրել են Շիրակի մարզի մոտ 824 անհատ տաքսու վարորդներ:
|