«Հայրենիքների գոյությունը միշտ էլ պայմանավորվել է նրանց համար ամեն վայրկյան մեռնելու պատրաստ ուխտվածների գոյությամբ»։ Գարեգին ՆԺԴԵՀ Արցախի գոյապայքարն իր ընթացքի մեջ էր։
Շարժումն առաջ էր ընթանում վայրիվերումներով ու տեղապտույտներով, Ադրբեջանը պատերազմ էր պարտադրել, եւ օրհասական պահ էր, երբ հնչեց Վազգեն Սարգսյանի մարտակոչը Հայաստանի հեռուստատեսությամբ. նրա խոսքն ուղղված էր հայ ժողովրդին՝ Հայաստանում թե Արցախում, ուղղված էր յուրաքանչյուր հայի, ուղղված էր իր ընկերներին, երկրապահ զինվորներին, նրա խոսքը շատ նման էր զորավար Վարդան Մամիկոնյանի դիմումին՝ իր զինվորներին Ավարայրի ճակատամարտից առաջ, կրքոտ, ոգեւորված, անկոտրում հավատով ու հույսով հաղթանակի հանդեպ, նաեւ մեղադրանքներով թուլամորթության ու մորթապաշտության նկատմամբ. նա գիտեր, որ հուսալքումը, հուսահատությունը առաջին ու ամենամեծ թշնամին է, եւ իր կոչով հաղթեց... թշնամուն։ 1992-ի օգոստոսի 15-ին էր, որ մահապարտների խմբի հետ Մարտակերտի շրջանում դիմագրավեց ու կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը։
Նոր ժամանակների Զորավարը՝ Սպարապետը, կոչ էր անում... մահապարտության, գիտակցված մահվան գնալուն՝ ապրելու համար։ Արցախում լսեցին, ճանաչեցին, եւ սկիզբը դրվեց այն համաժողովրդական սիրուն, որ արցախցիների հոգում փայփայվեց մինչեւ վերջ ու կշարունակվի։ Որպես զորական ու զինվոր, որպես հայ ու քաղաքացի՝ Վազգեն Սարգսյանը Արցախ գալիս-գնում էր դեռեւս 1989-1990-1991 թվականներին։ Ղարաբաղի ծայրամասային գյուղերում գյուղացին ու մտավորականը, ֆիդային ու աշխարհազորայինը հիշում են նրան, հիշում նրա յուրաքանչյուր բառը, խոսքը՝ կարճատեւ հանդիպումներում, ճակատագրական ու օրհասական պահերին, որոնք մարգարեական խոսքեր, մտքեր էին, որ վառում, մղում, ուղղորդում էին ժողովրդական արյունը, ավիշը դեպի պայքար՝ հանուն ազատության, ապրելու, հանուն հաղթանակների։
Արցախցիները հիշում են նրա կրակոտ ու կրքոտ ելույթը Հաղթանակից հետո՝ Ստեփանակերտում, մշակույթի եւ երիտասարդության պալատի լեփլեցուն դահլիճում, ելույթ, որն ավարտվեց հետեւյալ նախադասությամբ. - Ժողովո՛ւրդ, ես ձեր ծառան եմ... Հայոց բազմադարյա պատմության հոլովույթում, երբ նժարի վրա է դրված եղել կյանքի ու մահվան, լինելու եւ չլինելու խնդիրը, ժողովրդի գենետիկ ընդերքից, որպես ազգի, ցեղի լավագույն որակների խտացում ծնվել են հերոսներ, հար եւ նման էպոսի առասպելական հերոսներին՝ Դավթին ու Մհերին։ Վազգեն Սարգսյանը ազգի, ժողովրդի հիշողության հավերժական ճամփորդն է, «հերոս» բառը փոքր է նրա կերպարը բնութագրելու համար։
Հայաստանի Ազգային հերոս։ Արցախի հերոս։ Նմանները երբեմն եղերական վախճան են ունենում. զոհվել է ՀՀ ԱԺ դահլիճում 1999-ին հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ։ Ստեփանակերտում Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոց կա, որտեղ դրված է նրա հարթաքանդակը։ Շուշիում կանգնեցված է Սպարապետի հուշարձանը։ Նրա անունով են կոչվել ՊՆ ռազմական ինստիտուտը, Երեւանի հանրապետական մարզադաշտը, մարզամշակութային կենտրոններ, փողոցներ Երեւանում եւ այլ քաղաքներում։ 2003թ.-ից Արարատ քաղաքում գործում է «Սպարապետ Վազգեն Սարգսյան» տուն-թանգարանը։ Սպարապետի մարմինն ամփոփված է Եռաբլուրում։ Որպես ռազմական եւ պետական գործիչ՝ ձեւավորվել է Ղարաբաղյան շարժման ընթացքում։ 1989-ի վերջին եւ 1990-ի սկզբին Արարատի շրջանում կազմավորել է առաջին կամավորական ջոկատները, մասնակցել Երասխի ինքնապաշտպանությանը։ 1990-1994թթ. անգնահատելի է նրա դերը ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերի կազմակերպման ու ղեկավարման գործում։ ՀՀ ազգային բանակի հիմնադիրներից է։ 1990-1992թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր եւ ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի մռտական հանձնաժողովի նախագահ։
ՀՀ պաշտպանության առաջին նախարարն էր (1991թ.-ից), 1995-1999-ին նորից՝ նույն պաշտոնում։ 1999-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։ Վազգեն Սարգսյանը նաեւ գրող էր, ՀՀ ԳՄ անդամ։ Առաջին պատմվածքը գրել է 1980-ին, հետո լույս է տեսել առաջին գիրքը՝ «Հացի փորձություն» վիպակը, որտեղ այն միտքն է տարփողվում, որ երկրի, սեփական պատմության ահազանգը յուրաքանչյուրին պետք է դարձնի պատասխանատու իր Հայրենիքի ճակատագրի համար։ Այդ վիպակի հերոսները զորավար Անդրանիկն է, հասարակ գյուղացի Լեւոնը, գերեզմանափոր ծերունին, փոքրիկ տղան... Տասնյակ գործեր, սփռված նոր ժամանակների պարբերական մամուլում, ունեին նոր շունչ, ազգային խաթարված արժեքների վերականգնման միտում, ոգի։
Ընդամենը 10 տարվա ստեղծագործական ճանապարհ, եւ նրա ստեղծած գրականությունը շատ նման է իրեն՝ հախուռն, ինքնաբուխ, ինչ-որ տեղ նաեւ չհղկված։ Իսկ ճակատագրական պահը նրան դարձրեց զենքի մարդ, զորավար։ Նրա դեպքում որքա՜ն անփույթ է հնչում՝ գրիչը փոխարինեց զենքով։ Հայոց Գրչի մեծերից մեկը՝ նրա ժամանակակիցը, Հրանտ Մաթեւոսյանը, նրա մասին գրել է. «Այո, խելառվում եւ մոխրագունում-մոխիր էր կտրում նենգության հանդեպ, . այո, արմունկներով տղա էր, բայց կայացած ո՞ր անհատը չի պինդ արմունկների մարդ եղել-իմ ու ձեր Քրիստո՞սը, իմ ու ձեր Դրո՞ն, Նժդե՞հը, Մեսրոպ Մաշտո՞ցը, Քեմալ Աթաթո՞ւրքը, թե՞ Մեծ Հայրենականի փառաբանված գեներալներից մեկնումեկը։ Մարդկային պարզ փառասիրության եւ չկամների ու չկամության մեր զանգվածի միջով իրենց ճանապարհը նրանք բացում են արմունկներով, արմունկ բանեցնելը նրանց մենք ենք պարտադրում, որովհետեւ մեր հոգիներում գեներալներն իրենք չեն, մենք ենք... Շարքային հացակերի մեր կյանքերը մենք այնպես ենք քշում հանրության միջով..., ինչպես գեներալներն են տողանցում քարացյալ շարքերի միջով...»։ Անդրադառնալով մեր մեծերին, կպչելով նրանց քղանցքներին՝ գուցե թե սովորում ենք ապրել։
|