Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը իր հրամանագրով հաստատել է հունվարի 25-ին ազգային Ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) ստեղծումը: Նախագահի խոսքերով` երկրի զինված ուժերը եւ մասնավորապես ռազմածովային ուժերը պետք է դառնան չեզոքության սկզբունքին հավատարիմ պետության ռազմաքաղաքական ռազմավարության հենարանը (հիշեցնենք, որ Թուրքմենստանը չեզոք պետության կարգավիճակ է ընդունել 1996թ.-ին):
Մինչեւ վերջին ժամանակները Կասպից ծովում Թուրքմենստանն ուներ միայն ծովային սահմանապահ ուժեր, որոնք ներկայացված էին պարեկային մոտորանավակներով եւ ի վիճակի չէին դիմադրելու թշնամական նավատորմի հետ բախմանը: Այժմ հարց է ծագում. ՌԾՈՒ-ն ստեղծվում է
"համենայն դե՞պս", թե՞ երկրի ղեկավարությանը ինչ-որ կոնկրետ հավանական հակառակորդի մասին է հայտնի:
Այս կապակցությամբ հիշեցնենք մի քանի ամիս առաջ տեղի ունեցած դեպքերը:
2009թ. նոյեմբերին տագնապալի հաղորդումներ են գալիս այն մասին, որ Իրանի հետ սահմանին հավաքվում են ադրբեջանական ռազմածովային ուժերը: Իրանը Թուրքմենստանի գործընկերն է, ուր նա գազ է արտահանում: Եվ չնայած Բաքուն հաղորդում է, թե դա ընդամենը պատասխան միջոց էր Իսլամական Հանրապետության կողմից անցկացված զորավարժություններին, սակայն Աշխաբադի մոտ որոշակի անհանգստություն մնաց:
Նույն ամսին հնչեց նաեւ Ղազախստանի ՌԾՈՒ գլխավոր հրամանատար Ժանդարբեկ Ժանզակովի հայտարարությունն այն մասին, որ մտադրություն կա արդիականացնելու եւ ուժեղացնելու Կասպից ծովում ազգային ռազմածովային ուժերը:
ՌԴ Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահ, ռազմածովային փորձագետ Կոնստանտին Սիվկովը հարցազրույցի ժամանակ ասել է հետեւյալը. "Կասպից ծովը ուղղակի "ջրափոս" չէ, ինչպես որոշ մարդիկ այն անվանում են, այլ շատ հարուստ նավթագազային ավազան: Թուրքմենստանն ունի իր մուտքը դեպի ծով եւ, որպես լիիրավ պետություն, պետք է պահպանի իր ազգային շահերը, ինչն էլ ցուցադրում է երկրի նոր առաջնորդը":
Հիշեցնենք, որ մերձկասպյան հինգ պետությունների միջեւ գոյություն ունի պայմանագիր Կասպից ծովը համապատասխան գոտիների բաժանելու վերաբերյալ: Սակայն պայմանագրի որոշ մասնակիցներ ձգտում են հասնել դրա վերանայմանը: Եվ այստեղ, որպես կարեւոր արգումենտ` հանդես են գալիս զինված, այդ թվում` ռազմածովային ուժերը:
Փորձագետի կարծիքով` Թուրքմենստանը հաշվի է նստում ոչ միայն "հարեւան" սպառնալիքի հավանականության հետ: Նրան նաեւ խիստ անհանգստացնում է ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունն այս տարածաշրջանի նկատմամբ:
"Նահանգները,-բացատրում է Սիվկովը,-ապակայունացնում է իրավիճակն այստեղ: Մտնում է կովկասյան գործերի մեջ, կրքերը բորբոքում Իրանի շուրջ: Իսկ նրա հետ, ի դեպ, Թուրքմենիան բարեկամական հարաբերություններ է պահպանում, ներառյալ նաեւ ռազմական ոլորտը: Եվ չնայած դեռ Աշխաբադին ուղղակի ռազմական սպառնալիք չկա Արեւմուտքի կողմից, սակայն հեռանկարում դա կարող է իրականություն դառնալ": Այդ պատճառով էլ, իբր, թուրքմենական ղեկավարությունն ամրապնդում է իր զինված ուժերը:
Իսկ ահա թե ինչ կարծիք է հայտնում ԱՊՀ եւ Բալթյան երկրների ինստիտուտի Միջին Ասիայի սեկտորի վարիչ Անդրեյ Գրոզինը. "Այն, ինչ այսօր ցուցադրում է Թուրքմենստանը, ասում է այն մասին, որ Կասպից ծովի ռազմականացումը չի դադարում: Եվ դա զարմանալի չէ: Նախ, ի տարբերություն նախկին նախագահ Նիյազովի, Բերդիմուխամեդովը զինվորականների նկատմամբ իրեն լրիվ այլ կերպ է պահում: Նա մարտունակ բանակ եւ ռազմածովային ուժեր ստեղծելու ուղենիշ է որդեգրել` հիշելով այն մասին, թե ինչ դեր են խաղում զինված ուժերը Արեւելքի երկրներում: Եվ եթե Նիյազովի օրոք ժամանակ առ ժամանակ բանակային բողոքներ էին բռնկվում, ապա այժմ այս առումով ամեն բան կարգին է":
Բանն այն է, որ Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած հին վեճը դեռ շարունակվում է: Խոսքը երեք խոշոր նավթահանքերի մշակման մասին է: Բաքուն, հղում անելով այն միջազգային օրենքների վրա, որոնք թույլատրում են տնտեսական գործունեություն ծավալել իր ափերից մինչեւ 200 մղոն (շուրջ 320կմ) տնտեսական գոտում, հավակնում է մշակել Կասպից ծովի հարավի զգալի մասը:
Իսկ Աշխաբադն էլ պատասխան փաստարկ է ներկայացնում, այն է` բոլոր մերձկասպյան պետությունները պայմանավորվել են հաշվի առնել առափնյա գծից կախված սեփական ծովային սահմանի երկարությունը: Եվ այդ դեպքում երեք վիճելի հանքավայրերն իրենց են պատկանում:
Սակայն Բաքուն ավելի ճարպիկ է գտնվել եւ արդեն արագ թափով մշակում է վիճելի երեք հանքավայրերից երկուսը արեւմտյան ընկերությունների օգնությամբ: Այս պատճառով էլ երկու երկրների միջեւ հարաբերությունները լարված են դեռ Նիյազովի ժամանակներից: Արեւմտյան գործընկերները հուսով էին, թե Բերդիմուխամեդովի գալով խնդիրը հնարավոր կլինի լուծել, բազմիցս փորձել են Ալիեւին եւ Բերդիմուխամեդովին բանակցությունների սեղան նստեցնել, սակայն անարդյունք:
Այնպես որ, իր զինված ուժերն ուժեղացնելու` Թուրքմենստանի որոշումն այնքան էլ անտրամաբանական չի թվում, մանավանդ որ Բաքուն ավելի ուժեղ է: Նրա ռազմածովային նավատորմը Կասպից ծովում իր հզորությամբ երկրորդն է` ռուսականից հետո: Նա գերազանցում է նույնիսկ Իրանին: Մինչդեռ թուրքմենական ՌԾՈՒ-ն
ամենաթույլն էր հինգ մերձկասպյան պետությունների մեջ:
Նշենք նաեւ, որ Աշխաբադն արդեն սկսել է ստեղծել իր ռազմածովային նավատորմը, եւ դա կատարում է Մոսկվայի օգնությամբ, որը ոչ միայն թուրքմենների համար մարտական նավեր է կառուցելու, այլեւ մասնակցելու է անձնակազմի նախապատրաստմանը:
Արմեդիա ՏՎԳ
Նաիրա Մկրտչյան
|